«Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սեւակ Խաչատրյանը Ֆեյսբուքում գրառում էր արել այն մասին, որ վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, կան խուզարկություններ եւ ձերբակալություններ:
Aravot.am-ի հետ զրույցում Սեւակ Խաչատրյանը հետեւյալը նշեց. «Առավոտից մարդկանց տները խուզարկում են, ձերբակալում, տանում են անհասկանալի պատճառներով՝ Վաղարշապատի ընտրությունների հետ կապված: Ընտրություններից 4 ամիս է անցել, եթե ինչ-որ լուրջ բան լիներ, ավելի շուտ կձերբակալեին, չէին սպասի մինչեւ հիմա: Պարզ է, որ դիմացը Ազգային Ժողովի ընտրություններն են, մեջները վախ կա Էջմիածնից, որը դեռ չի անցել»:
Հետաքրքրվեցինք, թե քանի՞ ձերբակալված կա այս պահին: Սեւակ Խաչատրյանն ասաց, որ ստույգ չի կարող ասել, բայց իր տեղեկություններով այդ մարդկանց թիվը 14-15-ի է հասնում: «Փաստաբանները կգան, կհասկանանք, թե իրավական առումով ինչ կա, նաեւ պատգամավորներ են եկել: Փորձում ենք հասկանալ՝ ինչն ինչոց է»,-հավելեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































