Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժօգնությունը ՀՀ-ում անվճար չէ ապահովագրության շրջանակներում, անվճար ոչինչ չի լինում. նախարար

Փետրվար 11,2026 14:15 Share

-Հարգելի ժողովուրդ, բուժօգնությունը ՀՀ-ում անվճար չէ ապահովագրության շրջանակներում, անվճար ոչինչ չի լինում: Պետությունը հստակ ծառայությունների համար, որոնց ցանկը հրապարակված է, ունի ապահովագրական փաթեթ առավել փոխհատուցման գներով: Ծառայությունների գերակշիռ մասով քաղաքացին այդ ծառայությունը ստանալիս որեւէ հավելյալ վճար չի անում, իր փոխարեն վճարում է ապահովագրական հիմնադրամը,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով առողջության պետական ապահովագրման եւ պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու համար քաղաքացիների դժգոհություններին, որ օրերով կամ ամիսներով պետք է սպասեն, նախարարն ասաց՝ 2025 թվականին պետպատվերի հերթագրման մաքսիմալ ժամկետը եղել է մեկ ամիս. «Սա արդյոք լա՞վ, թե՞ վատ ցուցանիշ է, որոշ ծառայությունների մասով՝ միայն վերականգնողական, մեծահասակների համար ունեցել ենք հերթագրման ավելի երկար ցուցանիշ՝ երկու, երեք ամիս: Կարծում եմ՝ այո՛, լավ ցուցանիշ է: Ով որ կարիք է ունեցել բուժօգնության, ստացել է 2025-ին»:

Ավանեսյանի խոսքով՝ ցանկացած ծառայություն ստանալու ճանապարհը ժամանակատար է եւ պետք է լինի գրագետ:
«Քաղաքացիներն ունեն տասնամյակների կուտակված կարիքներ, այդ կարիքը բավարարելու առումով դիմելիությունը տեսնում ենք, որ աճում է: Համակարգի ռիսկերը կառավարելի են, ունենք բավականաչափ գործիքակազմ ճիշտ արձանագրումներն անելու ու միջոցներ ձեռնարկելու: Կարծում եմ՝ սահուն կերպով շարունակելու ենք»:

Ավանեսյանը նաեւ պատմեց,  որ երկու օր առաջ մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ համագործակցության հուշագիր են կնքել, եւ ինքն ընկերության ներկայացուցիչներից հետաքրքրվել է՝  արդյո՞ք նրանց հաճախորդների հոսքը պակասել է. «Այսինքն այն գործատուները, որոնք ուզում են լրացուցիչ ապահովագրել իրենց աշխատակիցներին է՛լ ավելի մեծ ծառայությունների փաթեթով, մեր գործընկերները պատասխանեցին՝ ո՛չ, չի պակասել հոսքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728