Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է ՀԱՍԵ-ի փաստաբանական թիմի միջնորդությունը Արման Սարոյանի գործով

Փետրվար 12,2026 10:17 Share

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը՝ վերացնել նախկին հոգևորական Արման Սարոյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, որով դատարանը եկեղեցուն պարտավորեցրել է մինչև դատական վերջնական ակտի հրապարակումը ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

datalex.am-ից տեղեկանում ենք, որ հայցվորը (Արման Սարոյանը), թեեւ պատշաճ տեղեկացված է եղել, սակայն ներկա չի գտնվել միջնորդության քննությանը, եւ դատարանը քննարկել է այն՝ հայցվորի բացակայությամբ:

Միջնորդությունը դատարանը մերժել է հետեւյալ հիմնավորմամբ.

«Դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելիս ելել է սույն գործով հայցի էությունից և հայցվորի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնի բնույթից, դրանից բխող՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությամբ սահմանված իրավասությունների և պարտականությունների առանձնահատկություններից և արձանագրել է, որ նման հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է էական ոչ նյութական վնաս հասցնել հայցվորին՝ պայմանավորված վերջինիս ոչ նյութական բարիքներ համարվող՝ հոգևոր ծառայության մեջ լինելու, բարձր հեղինակավոր պաշտոն զբաղեցնելու հանգամանքներով և տվյալ պաշտոնում վարդապետություն իրականացնելու անհնարինության հետևանքով հոգեկան տառապանքի առաջացման անխուսափելիությամբ, որոնք ուղղակիորեն կապված են Հայոց Եկեղեցու դավանանքի, վարդապետության սկզբունքների, ավանդական կարգի, ինչպես նաև Եկեղեցու կանոնադրությամբ սահմանված՝ թեմակալ առաջնորդի՝ առանց պաշտոնավարման տևողության սահմանափակման նշանակվելու կանոնի հետ, ինչն էլ ենթադրում է հոգևոր ծառայության անընդհատություն։
Դատարանը փաստում է, որ պատասխանողի փաստարկների մեծ մասը վերաբերում է գործը դատական կարգով քննության ենթակա չլինելուն և հայցի հիմնավորվածությանը, որոնց դատավարության այս փուլում, երբ դեռևս նախնական դատական նիստ տեղի չի ունեցել, գնահատական տալով, դատարանը, կարող է վաղօրոք, առանց ըստ էության քննության կանխակալ դիրքորոշում արտահայտել վեճի ելքի վերաբերյալ: Ընդ որում, մյուս փաստարկներն ինքնին բավարար չեն հայցի ապահովման միջոցը վերացնելու համար, քանի որ դրանցով չեն հերքվում հայցի ապահովման միջոցի կիրառման հիմքերը և առհասարակ՝ դրա անհրաժեշտությունը։ Ավելին, սույն գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու և այն չկատարելուն դրդելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումից հետո տեղի ունեցած իրադարձությունները և այդ կապակցությամբ պատասխանողի փաստարկները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ հայցի ապահովման միջոցի վերացման համար։ Ընդ որում, պատասխանողի փաստարկներն առնչվում են նաև հարկադիր կատարողի գործողություններին, որոնք չեն կարող քննության առարկա դառնալ սույն միջնորդության շրջանակներում և ազդեցություն ունենալ հայցի ապահովման միջոցի վերացման կամ պահպանման հարցի լուծման վրա»։

Դատարանի որոշումը հրապարակվել է փետրվարի 11-ին, այն ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728