«Դուք պետք է կարողանաք տարանջատել Հակոբ Մովսես մտավորականին եւ Հակոբ Հակոբյան ինքնավար մարմնի անդամին, որն ունի որոշակի գործառույթներ», – ԱԺ նստաշրջանում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ հասցեին։
«Ձեր գնահատական տալը հակասում է անկախ մարմնի անդամ լինելու իրավունքներին եւ պարտականություններին։ Ձեզ մոտ խորքային երկվություն է առաջացել, եթե ձեզ համար ավելի հոգեհարազատ է գրող, արվեստագետ, մտավորական Հակոբ Մովսեսը, Աստծու սիրուն, դրա վրա կենտրոնացեք։ Բայց դուք պետական պաշտոնյա եք, եւ պետական պաշտոնյան ունի վարքագծի որոշակի կանոններ, դուք էդ կանոնն եք խախտել», – հավելեց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արթուր Խաչատրյանը մեջբերեց ժողովրդական խոսքը․ «Ասում է՝ ծեծում է, ուրեմն սիրում է։ Ի՞նչ է նշանակում՝ Հակոբ Մովսեսը Դաշնակցությանը քննադատեց, որովհետեւ մտածում է Դաշնակցության մասին։ Աստծու սիրուն, ձեր մասին մտածեք, եւ շանս տալու իրավասությունը վերապահեք ձեր գործառույթներին առնչվող ազատությունների վրա»։
Ամբողջական տեսանյութը՝
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































