«Գուցե դուք որոշների կարծիքով լավ բանաստեղծ եք կամ թարգմանիչ, բայց ձեր ներկա պաշտոնի հանգամանքը ձեզ իրավունք չի տալիս թունավորել հանրությանն ու փաշինյանահաճո նարատիվներով խորացնել ներազգային թշնամանքը»,- ԱԺ նստաշրջանում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ հասցեին։
Պատգամավորը հիշեցրեց. «Այս ամբիոնից դեռևս ՀՌՀ տարեկան հաշվետվությունների ընթացքում անդրադարձել եմ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի և մարմնի անդամ Հակոբ Հակոբյանի՝ իրենց պաշտոնների հետ անհամատեղելի հանրային վարքին և գործունեությանը: 2025-ի ապրիլի 22-ին պաշտոնական գրությամբ դիմել էի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ խնդրելով եզրակցություն տալ օրենքով սահմանված սահմանափակումների համատեքստում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի և Հակոբ Հակոբյանի վարքականոնի առնչությամբ»:
Լիլիթ Գալստյանն ասաց՝ ԱԺ ամբիոնից ոչ թե բանաստեղծը, այլ ՀՌՀ անդամն է երդվել՝ հավատարիմ լինել Սահմանադրությանը։ «Դուք հենց սրա համար եք վարձատրվում, պարոն Հակոբ Հակոբյան, ոչ թե սուբյեկտիվ դատողությունների կամ մտավորական լինելու համար։ Չորս տարի առաջ այս ամբիոնից հայտարարում էիք, թե բոլոր իշխանությունների օրոք ընդդիմադիր եք եղել, եւ դա ձեր քաղաքացիական կրեդոն է, բա էդ ինչպե՞ս ստացվեց, որ դուք վերածվեցիք իշխանությունների հակասահմանադրական վարքը գովերգող տրուբադուրի։ Այսպիսին լինելը, իհարկե, ձեր իրավունքն է, բայց հրաժարվեք չեզոքություն եւ զսպվածություն պահանջող սահմանադրական մարմնի անդամի պարտականությունից եւ մտեք ՔՊ ցուցակ, մանավանդ, որ նախընտրական քաստինգը սկսվել է, սեզոնն է, եւ ձեր նվիրումը, վստահ եմ, կգնահատվի»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Կարդացեք նաև
Նա հիշեցրեց, թե ինչ արտահայտություններ է իրեն թույլ տվել չեզոքության երդում տված պաշտոնյան: «Իմ և մեր հասարակության պատկերացրած մտավորականը, եթե անգամ մոռանանք ՀՌՀ անդամի կարգավիճակը, («Անկեղծ զրույց» ծրագրի շրջանակներում) այսպիսի սուտ և ակնհայտորեն թշնամական և զրպարտչական հայտարարություն չի տարածի․ «Եկեղեցին իր գրպանում ատրճանակ ունի․ եկեղեցին օգտագործվում է պետականության դեմ»։ Մեկ այլ հարցազրույցից․«Իմ ու ձեր եկեղեցին դարձել է ռուսական գաղտնի ծառայությունների վարչություն»։ Զարմանալիորեն, մտավորական Հակոբ Հակոբյանի վերջին շրջանի սևեռումները իշխանականի հետ շատ համահունչ են․ թիրախում նույն հերոսներն են՝ եկեղեցի, դաշնակցություն, ընդդիմադիր գործիչներ»,-մեջբերեց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Գալստյանն ասաց, որ Հակոբ Մովսեսն ու ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն արհամարհում են սահմանադրական մարմին հանդիսացող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը։ Նա նշեց, որ Տիգրան Հակոբյանը վերածվել է իշխանական պրիմիտիվ պրոպագանդիստի եւ քաղաքական մեկնաբանի։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































