Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը դեսպանատներին կոչ է անում այլեւս զգուշացնող հայտարարություններ չանել Սյունիքի մարզ գնալու մասին՝ «խաղաղություն է հաստատված»

Փետրվար 12,2026 14:25 Share

«Երբ վերլուծություն ենք անում, զբոսաշրջային հոսքերի վրա մի քանի հանգամանքներ նպաստում են։ Իհարկե, առաջինը հաստատված խաղաղությունն է, որը բնականաբար նպաստում է։ Եվ այս առումով մենք հույս ունենք, որ այն օտարերկրյա դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անընդհատ ծանուցումներ են տարածել իրենց քաղաքացիներին, որ խուսափեն սահմանամերձ հատվածներ գնալ, Սյունիքի մարզ գնալ եւ այլն, էդ ծանուցումները կդադարեցնեն»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ պետք է աշխատել դեսպանատների հետ, որ իներցիայով անընդհատ չշարունակեն այդ հայտարարություններն անել։ Ըստ Փաշինյանի՝ զբոսաշրջության հոսքերի ավելացմանը նպաստել է նաեւ տնտեսության զարգացումը։ Նա ասաց, որ 2025-ին Հայաստանում հանցավորության նվազում է արձանագրվել․ «Եվ կարծում եմ, որ սրանք էլ այն լրացուցիչ գործոններն են, որոնք նպաստում են զբոսաշրջային հոսքերի աճին»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2026 թվականի հունվարին զբոսաշրջության ոլորտում նոր ռեկորդ է գրանցվել՝ 179 400 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։

Կառավարության այսօրվա նիստում նախագիծ ընդունվեց, ըստ որի՝ զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պարտավորվում են գրանցվել եւ իրենց գործունեության մասին հայտարարել։

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասաց, որ զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալելու իրավունք կունենան միայն նրանք, ովքեր դրա մասին կհայտնեն։ Եվ դա լինելու է բացարձակապես թվային եղանակով։ Ըստ Պապոյանի՝ տրվելու են հավաստագրեր, որոնցով այդ կազմակերպություները կարողանալու են աշխատել։ «Եթե չեն համապատասխանի հավաստագրին, դա նշանակում է, որ վարչական, քրեական պատասխանատվության են ենթարկվում»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ինչքան հայ էր դրսից գալիս գնում Արցախ։ Շատ, շատ ափսոսալի է, որ Հայաստանի բարձր ամբիոններից կոչ անող վարչապետը բարոյալքության, աղետի, ազգադավության խորհրդանիշ ա։ Շատ ափսոսալի ա։ Մեր ժողովուրդն ավելի լավ առաջնորդության ա արժանի։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728