Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է գործում ՀՀ դեմ, մե՞նք, թե՞ գործող իշխանությունը, որի կառավարման հետեւանքները տեսնում ենք՝ կորցրած Արցախ, ավերված եկեղեցիներ, հայեր՝ Բաքվի բանտում»

Փետրվար 12,2026 15:05

«Սա լավ առիթ է, որ մենք կարողանանք ի վերջո բացահայտել, թե Հայաստանի գործող իշխանությունը որքա՜ն մանիպուլյացիաներ, ի՜նչ խորությամբ կեղծիք ու ստեր է տարածում եւ ինչպես է, որ իր հայտարարած նպատակները ոչ մի առնչություն չունեն այն գործողությունների ու արդյունքների հետ, որոնք այսօր մենք արձանագրել ենք։ Նաեւ պարզվեց այս քննարկումների ընթացքում, որ ոչ միայն պարոն Հակոբ Հակոբյանը չգիտի Դաշնակցության գաղափարախոսությունը, նպատակները, ՔՊ-ականների մեծամասնությունն էլ չի տիրապետում»,- ԱԺ նստաշրջանում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ հասցեին։

Արծվիկ Մինասյանն ասաց՝ ՔՊ-ականներն ասում են, թե Դաշնակցությունը գործում է ընդդեմ ՀՀ պետականության։ «Հիմա դուք ինքներդ դատեք՝ ո՞վ է գործում ՀՀ դեմ, մե՞նք, թե՞ գործող իշխանությունը, որի կառավարման հետեւանքները մենք տեսնում ենք՝ կորցրած Արցախ, կորցրած հույսեր, նպատակներ, ավերված եկեղեցիներ, բանտարկված հայեր Բաքվի բանտում, բանտարկված հայեր՝ ՀՀ բանտերում, քաղաքական հետապնդումներ, անհույս հասարակության ձեւավորում։ Սա՛ է այսօրվա քաղաքական իշխանության գործունեության հետեւանքը»,- ասաց նա։

«Եվ երբ այս ամբիոնից մեզ մեղադրում են Սահմանադրության կարգը տապալողներին աջակցելու մեջ, մոռանում են, որ գլխավոր տապալողները հենց իրենք են եւ ամեն Աստծո օր են դա անում։ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ երկվության մասին, որն ասում է՝ ես չեմ կարող կիսվել երկու մասի՝ որպես եկեղեցու հետեւորդ Նիկոլ Փաշինյան, եւ որպես վարչապետ Նիկոլ Փաշինյան, նույն խոսքերը կրկնում է Հակոբ Հակոբյանը։ Սա նշանակում է, որ էս մարդիկ Սահմանադրության հետ առնչություն չունեն, էն որ դուք ասում եք Դաշնակցությանը՝ դուք հաշտ չեք Սահմանադրության հետ, ուղիղ հակառակն է՝ հենց Դաշնակցությունն է Սահմանադրության ստեղծման, վերափոխման ակունքներում կանգնած ուժը, էդ դուք կապ չունեք։ Ավելին, դուք գործում եք ընդդեմ սահմանադրական կարգի»,- հավելեց Մինասյանը։

Նա ասաց, որ ՔՊ նպատակն ամեն գնով իշխանության մնալն է, իշխանության բարիքներից օգտվելը։ «Ձեզ համար չկա հայրենիք, չկա պետություն, դրանք բոլորը էն հասկացություններն են, որոնք դուք օգտագործում եք միայն էն ժամանակ, երբ  դա պետք է ձեր իշխանությունը պահելու համար»,- հավելեց նա։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՀՅԴ հասցեին հնչած մեղադրանքներն ինքը վերագրում է միայն մի բանի՝ նախընտրական շրջան է։ «Այո, ձեզ մոտ նախընտրական քաստինգ է, եւ անհրաժեշտ է, որպեսզի ՔՊ-ամերձ շրջանակները եւ պատվիրակները լսեն, թե այս ամբիոնից ինչքան ուժգին կհայհոյեն Դաշնակցությանը, որպեսզի գան ձեզ քվեարկեն։ Հանգիստ եղեք, անհավասար պայմաններ մի ստեղծեք, դուք էս ամբիոնից հայհոյում եք, բա էն մյուս ՔՊ-ականները, որոնք չունեն այդ ամբիոնը, ի՞նչ անեն։ Հա՞, ասում եք՝ Ֆեյսբուքո՞վ կարան հայհոյեն, այ էդ եք դուք իրականում»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728