Հակակոռուպցիոն դատարանում այսօր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով նիստը շարունակվեց առանց Ղուկասյանի ու նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանի:
Ղուկասյանն ու Փոստանջյանը չէին ներկայացել դատարան:
Դատարան էր ստացվել Երեւան ՔԿՀ պետի գրությունը՝ կից Վարդան Ղուկասյանի բողոք-դիմումը: Դատարանն այն հրապարակեց:
«Տեւական ժամանակ է՝ բողոքում եմ կրծքավանդակիս ու երիկամներիս շրջանի ցավից ու չեմ ստանում անհրաժեշտ բուժօգնություն, հնարավորություններս չեն բավարարում ձեր վարույթում գտնվող դատական նիստին մասնակցելու համար: Ընդունած դեղորայքն առաջացնում է անհանգստություն ու լարվածություն, արյանս մեջ շաքարի պարունակությունը արձանագրվել է 14 նիշ, տեղեկացնում եմ, որ ի վիճակի չեմ մասնակցել այսօրվա նիստին»,- գրությամբ հայտնել էր Վարդան Ղուկասյանը՝ խնդրելով իր բացակայությունը ճանաչել հարգելի ու միջոցներ ձեռնարկել իրեն հիվանդանոց տեղափոխելու:
Կարդացեք նաև
Հանրային մեղադրողը հայտարարեց՝ բացի Ղուկասյանի հայտարարությունից առողջական վիճակի վերաբերյալ որեւէ այլ փաստական տվյալ, բժշկի կողմից ուսումնասիրության կամ որեւէ այլ փաստական տվյալ չի ներկայացվել. «Առնվազն չկա այդ մասով որեւէ նշում: Մեղադրյալը չի կատարում իր վրա դրված պարտականությունները եւ չի ներկայացել դատական նիստին: Մեղադրանքի կողմը միջնորդում է կիրառել հարկադրանքի միջոցներ նրա ներկայությունն ապահովելու համար»:
Ինչ վերաբերում է Ղուկասյանի պաշտպանի չներկայանալու հիմքին՝ հանրային մեղադրողն ասաց՝ պաշտպանը որեւէ տվյալ չի ներկայացրել բացակայելու համար, բայց պատշաճ ծանուցված է եղել, եւ խնդրեց դատարանին՝ պաշտպանի չներկայանալը դիտել անհարգելի:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը եւ ևս 7 հոգի, այդ թվում՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:
Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































