«Պարոն Մովսես, հիմա դուք քննադատել եք Դաշնակցությանը, բայց ստեղ խնդիրն ուրիշ է, սահմանադրականության հետ կապված խնդիր է։ Օրինակ՝ դուք որեւէ քննադատական խոսք ասե՞լ եք վարչապետին, երբ ինքը ԲԴԽ նախագահին հորդորել էր, որ հրաժարվի պաշտոնից։ Դուք չեք ասել, բա դե ասեք, ձեր խոսքը ծանր է եւ ազդեցիկ է»,- ԱԺ նստաշրջանում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ հասցեին։
«Պարոն վարչապետն ասաց, որ ՀԷՑ-ը բոլոր ընտանիքներից գողություն է արել, բա ինքը վարչապետ է, իրավունք չունի, գոյություն ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչ-որ բան արե՞լ է՝ դրա դեմ պայքարելու համար, թե՞ թողել է, որ ժողովրդի ատելությունը մեծանա ՀԷՑ-ի նկատմամբ, որ էս քայլերն անի։ Վաղը չէ մյուս օրն էլ, թե ինչ կանի, էդ էլ Աստված գիտի։ Դա չեք արել, բայց պիտի անեիք, որ մենք էլ հասկանայինք, որ որպես մտավորական էն էլ եք ասում, էն էլ եք ասում։ Հետեւաբար, սա մի քիչ ուրիշ իրավիճակներ է դառնում»,- նշեց Աղազարյանը։
Հովիկ Աղազարյանը հավելեց․ «Պարոն Հակոբ Մովսես, ես ներողություն եմ խնդրում, բայց ես կողմ եմ քվեարկելու «Հայաստան» դաշինքի առաջարկությանը, որովհետեւ սահմանադրականությունն ինձ համար ամեն ինչից վեր է»։
Կարդացեք նաև
Հովիկ Աղազարյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց ՀՅԴ-ին․ «Հազար ասեցի՝ հետ ընդունեք էս մարդուն, մենք հետ չենք ընդունելու»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































