Ամեն օր ականատես ու վկա ենք լինում այնպիսի գլխապտույտ իրադարձությունների, թե՛ աշխարհում և թե՛ մեր հայրենիքում, որ հաճախ ցանկություն է առաջանում կտրվել, անջատվել այս իրականությունից, քանի որ խիստ կասկածելի է, թե ինչի ենք հանգելու մենք և ինչ է սպասվում մեր սերունդներին։
Սակայն այս համատարած քաոսի, խառնաշփոթի և անորոշության մեջ մշտապես շողշողում է մի Անմար Լույս, որը տեսանելի է Իրեն փնտրողներին՝ մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ Փառքի և Սիրո Լույսը, Որի երանությունը ճանաչելու, վայելելու կանչվածները բազում են, ընտրյալները՝ սակավ։
Եվ ՏԻՐՈՋ ընտրյալը դառնալու մի ճանապարհ գոյություն ունի՝ ապաշխարությունը։ Մեր օրերում սրա մասին ավելի հաճախ ենք լսում տարբեր կողմերից և առիթներով։ Շատերի մոտ հարց է առաջանում, թե ովքե՞ր պետք է ապաշխարեն, մի՞թե դա բոլորի համար է, չէ՞ որ մեր մեջ, քիչ չեն նրանք, ովքեր իրենք իրենց ոչնչում մեղավոր չեն համարում և հայտարարում են, թե թող ապաշխարեն նրանք, ովքեր ծանրագույն ու բոլորի համար ակնհայտ մեղքեր են գործել։
«Եթե ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում և ճշմարտություն չկա մեր մեջ։ Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է ՆԱ և Արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ ամեն անիրավությունից։ Եթե ասենք՝ “Չենք մեղանչել”, սուտ ենք հանում ՆՐԱՆ և ՆՐԱ Խոսքը մեր մեջ չէ»։ (Ա Հովհաննես 1։8-10)
ՏԷՐԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյանս։ ՆԱ չեկավ Հին Ուխտը ջնջելու և փոխելու, այլ լրացնելու։ Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս ընդհանրական ապաշխարության խորհրդի կայացման դեմ, հակառակ են մեր պատմությանը, մեր ս. Գրիգոր Լուսավորչի ճշմարիտ վարդապետությանն ու գործունեությանը, հայ ազգի միասնական ապաշխարությանը և միասնական դարձին, Վարդանանց ուխտին և նրանց սրբազան պայքարին, ազգի հավաքական նկարագրին։ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ԻՐ գալուստով չջնջեց ազգությունները և չխոսեց ազգայինի դեմ, չվերացրեց լեզուները, հակառակը` ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ առաքյալներին սովորեցրեց խոսել այլ ազգերի լեզուներով` Քրիստոնեություն տարածելու համար։ Մի՞թե ավելի դժվար բան էր ՏԻՐՈՋ համար, կրկին մի օրում վերականգնել մարդկության միակ լեզուն և բոլորին էլ Քրիստոնեություն քարոզել։ Առաքյալների այդ քարոզչության արդյունքում էլ ձևավորվեցին ազգային քրիստոնեական եկեղեցիները։ Հենց մեր սուրբ հայրերի` օրինակ ս. Հովհաննես Գառնեցու արժանահավատ տեսիլքներում էլ նկարագրված է, որ անգամ երկնքում մարդկությունը ՏԻՐՈՋ առջև ներկայանում է ազգային հավաքականությամբ։
Մեղքերը ընդհանուր են լինում ոչ միայն, որ գործվում են մարդկանց միասնական խմբերով, միաժամանակ, այլ նաև, երբ կոնկրետ անհատները՝ պետական, ռազմական, քաղաքական, հոգևոր գործիչներ գործում են կոնկրետ մեղքեր, իսկ նրանց մերձավորները հանուն փողի, պաշտոնի, դիրքի ժամանակին չեն կանխում, հանդիմանում, սաստում, խրատում, անտարբեր են մնում, լռում են, հանդուրժում, համակերպվում, տրվում են մարդահաճությանը, քծնում են, շողոքորթում, վախենում և այսպիսով դառնում են այդ անձանց կամ խմբերի գործած մեղքերի համար պատասխանատու և կիսող։
Մի՞թե մեր անկախության տարիների բոլոր ձախողումների և ամեն ինչի համար մեղավոր ու պատասխանատու են միայն Լևոնը, Վանոն, Վազգենը, Ռոբերտը, Սերժը, նիկոլը, իսկ ու՞ր մնացին նրանց պաշտպանող և ամեն տեսակ ապօրինի հրամաններ կատարող իրավապահ և ուժային կառույցների աշխատակիցները, այդ ղեկավարներին սատարող հայտնի կուսակցությունները, 5 հազար դրամների դիմաց նրանց ընտրող հասարակ ժողովուրդը, յուրաքանչյուրս, որ համակերպվել ենք մեղքի հետ, եկեղեցու հայրերը, ովքեր պետք է ժողովրդին արդարություն սովորեցնեին և թույլ չտային, որ նրանք իրենց խիղճը վաճառքի հանեին։
«Եվ ԻՄ ժողովրդին թող սովորեցնեն ընտրություն կատարել սրբի ու պղծվածի, անարատի ու արատավորվածի միջև»։ (Եզեկիել 44։23)
Այստեղից էլ բխում է, որ ապաշխարությունն էլ ընդհանրական պիտի լինի, իհարկե բացարձակապես չհերքելով նաև անհատականը։ Հակառակվողները ուղղակի հանդես են գալիս Հովնան մարգարեի պատմության դեմ։ Քանի՞ անգամ է տարվա ընթացքում մեր եկեղեցում ընթերցվում ու քարոզվում՝ այս պատմությունը։
Հե՜յ, ովքեր ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ տարածք խրվելով և փորփրելով, թունավորում եք մարդկային պարզ հոգիները, որ քողարկվում, ծպտվում եք ձեր կոչումներով, հասկացե՛ք, վերջապես, ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ որևէ մեկի պատվերով կամ առավել ևս նրանց Աստվածաբանության դիպլոմները հաշվի առնելով չի, որ բնակվում ու գործում է այս կամ այն մարդու մեջ։ Այստեղ պետք է հատկապես նշել, որ Աստվածաբանությունն ու Քրիստոնեությունը նույն բանը չեն, խիստ տարբեր երևույթներ են, որոնց մասին խոսելիս հարկ էր, որ առավել խորագետ լինեիք։
Վա՜յ ձեզ, կեղծ ուսուցիչներ, որ որդեգրել եք այնպիսի խորամանկ մեթոդ, երբ ամեն տեսակ հերձվածողական հայտարարություններ եք անում Հին Կտակարանի հնացած լինելու, մարգարեական շնորհի վերացած լինելու, հավաքական ապաշխարության մտացածին լինելու, խաչի թափորների օտարածին լինելու և այլնի մասին, հետո էլ ծածկվում եք հոգևոր-վարդապետական կոչումներով կամ էլ օծյալությամբ։ Հին Կտակարանն էլ քամահրում եք, որովհետև այնտեղ շատ գրվածքներ կան այն մարդկանց մասին՝ արքաներ, մարգարեներ, ղևտացիներ, քահանայապետեր և այլք, որոնք օծյալ լինելով հանդերձ գայթակղվել, ընկել են և ՏԻՐՈՋ պատժին են արժանացել։
Ամբողջ Աստվածաշունչը՝ Ծննդոց գրքից սկսած մինչև Հայտնության ավարտը, պատմություն է մարդկության ազգովի և անհատական ապաշխարության մասին։ Սա տարրական գիտելիք է, որ անգամ ամեն մի պարզ հավատացյալ մարդ պետք է իմանա, էլ ուր մնաց հոգևորականը ։ Անհրաժեշտ է ավելի հաճախ անդրադառնալ քրիստոնեության տիեզերական սրբերին ու նաև մեր Հայոց պատմությունը գրած պատմիչներին։
«Վա՜յ ձեզ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն»։ (Ավետարան ըստ Մատթեոսի 23:13)
Արդյո՞ք ըստ ձեր պատկերացրած զուտ անձնական ապաշխարության տեսանկյունով կարելի է բացատրել, թե ինչով էր պայմանավորված մի ամբողջ, այսպես կոչված «անմեղ» ժողովրդի եղեռնը 1915 թվին, կամ այդ նույն ժողովրդի բոլշևիկացումը, կամ խորհրդային տարիների հալածանքները, կամ երկրորդ համաշխարհայինի ժամանակ հայ տղամարդկանց գենոֆոնդի ոչնչացումը կամ 1988֊ի աղետի պատճառած կորուստները, կամ Արցախի հայաթափումը։ Մի՞թե սրանք ընդհանրական մեղսալից գործունեության հետևանքներ չէին։ Այստեղ հարկ է հիշել ՏԻՐՈՋ Խոսքը.
«ԻՆՁ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրայ. ինչպես ՀԱՅՐԸ ԻՆՁ ուղարկեց, ԵՍ էլ ձեզ եմ ուղարկում։
Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք ՀՈՐ և ՈՐԴՈՒ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ Անունով։
Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ԵՍ ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»։ (Ավետարան ըստ Մառթեոսի 28:19-21)
ՆԱ չի ասում աշակերտ դարձրեք բոլոր մարդկանց կամ անձանց կամ անհատներին, այլ շեշտում է` ազգերին։ Հետևությունը կայացրեք ինքներդ։
Կան մեղքեր, որ զանգվածաբար են գործվել մեր երկրում և հատուկ են հենց մեր նկարագրին։ Նշենք դրանցից մի քանիսը՝ ինչպես օրինակ, հայոց միջավայրում հաճախակի հնչող հայհոյանքները, որոնցում շեշտում են ՏԻՐՈՋ Մորը, ընտրակաշառքների բաժանումը և վերցնելով՝ խղճի վաճառումը, ԱՍՏԾՈՒՆ ապավինելու փոխարեն մարդկային փուչ խոսքերին վստահելը, «որտեղ հաց, էնտեղ կաց» նշանաբանով ապրելը, «ձայն բազմաց, ձայն ԱՍՏԾՈ» կարգախոսով ժողովրդին մոլորեցնելը, արցախցի և հայաստանցի շինծու և կործանարար հակասության շեփորումը, իրականում պաթոլոգիկ նազարային վախով համակված՝ համատարած «դուխով ու հպարտ» ներկայանալը ․ ․ ․ Ցավոք այս շարքի թվարկումը կարելի է դեռ երկար շարունակել։ Ու այս հոգեկերտվածքով ապրող մեր արյունակից եղբայրներն ու քույրերը այսօր հետևելով իրենց ազգուրաց ու աստվածամարտ ղեկավարին, իրենք էլ դարձել են նրան նման, ոտնձգություն են կատարում իրենց մայր Եկեղեցու հանդեպ կամ թույլ են տալիս, որ դա իրականացնեն իրենց մերձավորները կամ էլ լռելյայն հանդուրժում են այդ ամենը, ինչպես իրենց ժամանակին այդպես են վարվել բոլշևիկյան հովերով տարված մեր բազում նախնիները։ Մի՞թե այս բոլոր մեղանչումները ընդհանրական բնույթ չեն կրում, եթե անգամ քիչ չեն նրանք, ովքեր դեմ են դրանց ։
Արդեն բազմիցս նշվել է, որ ազգի անկումը սկսվում է տաճարից, այնուհետև անցնում է տաճար մտնող ընտանիքներին, ի վերջո փոխանցվում է պետությանը, որում ընդգրկված են այդ ընտանիքների անդամները և վերականգնման համար անհրաժեշտ դարձն ու ապաշխարությունն էլ պետք է սկսվի նախ տաճարից, այսինքն թե՛ հոգևորական և թե՛ աշխարհական հավատացյալներից, ապա այն կանցնի ընտանիքներին և կհասնի պետությանը։ Այս շղթան էլ պետք չէ պատկերացնել որպես մի երկարատև ու բարդ գործընթաց, քանի որ ՏԷՐՆ է մարդկանց սրտերի, մտքերի և հոգիների Տնօրինողը, ժամանակի Տրամադրողն ու Կրճատողը։
Առաջնահերթ խնդիր է դարձել հայ մարդու հոգում արթնացնել մեղքի գիտակցումը, որից հետո կձևավորվի դրանցից ազատագրվելու պահանջը։
Ահա մեր ժամանակների մարդկանց ամփոփ նկարագիրը․
«Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան Աստվածասեր, մարդիկ, որ ունեն Աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են ՆՐԱ Զորությունը»։ (Բ Տիմոթեոս 3։1-5)
Աստվածապաշտության կերպարանքով մարդի՛կ, մեր Ողորմած, Գթառատ ու Մարդասեր ՏԷՐԸ միշտ սպասում է ԻՐ ամենասիրելի արարածների դարձին, որոնց փրկության համար ԻՆՔԸ Մարդացավ, Խաչվեց ու Հարություն առավ։ Այդ դարձն անհնարին ու անլուծելի խնդիր չէ։ Քանի դեռ ժամանակ կա մինչև ԻՐ Երկրորդ Հրաշափառ Գալուստը, մեր Մայր Եկեղեցու առաջնորդությամբ, ազատագրող ապաշխարությամբ վերականգնենք ու վերահաստատենք ՏԻՐՈՋ հետ մեր ուխտը, որպեսզի մեր երկրավոր հայրենիքը նորից ճանաչվի որպես Քրիստոնյա Հայաստան և ժողովուրդն էլ՝ Քրիստոնյա Հայկ Նահապետի արժանավոր Ժառանգ։
«Հիրավի ԵՍ մեղանչածի մահը չեմ տենչում,- ասում է Ամենակալ ՏԷՐԸ,- այլ նա թող հետ կանգնի իր չար ճանապարհներից ու փրկի իր հոգին։ Արդ, եկեք ե՛տ դարձեք և ապրեցե՛ք»։ (Եզեկիել 18։32)
Աշոտ Հունանյան
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով


















































