Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի Միջերկրական ծովի, Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ դուրս գալու հնարավորություն, ինչպես հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի խնդրանքով հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին, որոնք Երասխ քաղաքի մոտ կապ կապահովեն Ադրբեջանի երկաթուղիների հետ, իսկ Ախուրյան գյուղի մոտ՝ Թուրքիայի երկաթուղիների հետ։
«Հայկական կողմի խնդրանքին համապատասխան և Հայաստանի ժողովրդի նկատմամբ բարեկամական և եղբայրական զգացմունքներից ելնելով՝ Ռուսաստանի Դաշնությունը որոշել է բովանդակային բանակցություններ սկսել հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք կապահովեն կապը Երասխ քաղաքի մոտ գտնվող Ադրբեջանի երկաթուղիների, ինչպես նաև Ախուրյան բնակավայրի մոտ գտնվող Թուրքիայի Հանրապետության երկաթուղիների հետ», – լրագրողներին ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ վերականգնվող երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1.6 կմ և 12.4 կմ է և, որ բանակցությունների ընթացքում կորոշվեն այս նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական եղանակները։
Կարդացեք նաև
«Այս հատվածների վերականգնումը Ռուսաստանի Դաշնությանը հնարավորություն կտա ուղիղ երկաթուղային հաղորդակցություն ունենալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Թուրքիայի հետ՝ ելքով դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ, ինչպես նաև Իրանի հետ՝ ելքով դեպի Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ», – լրագրողներին ասել է Օվերչուկը։


















































