Կառավարությունն առաջարկում է էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի կիրառումը հետաձգել մեկուկես տարով։ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է աշխատանքային էլեկտրոնային պայմանագրերի կիրառումը թողնել կամավոր եւ պարտադիր դարձնել հաջորդ տարվանից։
«Գործընթացը ենթադրում էր նաեւ էլեկտրոնային ստորագրություն՝ թե՛ գործատուների, թե՛ աշխատողների համար։ Գործատուների մոտ այդ հարցը լուծված է շատ վաղուց, սակայն աշխատակիցների մի ստվար հատվածի մոտ, ինչքան էլ մենք տվել էինք բավարար ժամանակ, այնուամենայնիվ, մեր շատ քաղաքացիներ չեն հասցրել եւ ժամանակին ձեռք չեն բերել իրենց նույնականացման քարտերը, առանց որի հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն։ Եվ մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, երբ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց։ Նաեւ մենք այս տարվա վերջից կունենանք նոր նույնականացման քարտեր, ու այստեղ էլ մի խնդիր էր առաջանում, որ եթե մենք նույնիսկ մոտ 200 հազար քացաքացու տրամադրենք այդ 200 հազար քարտերը, մենք խնդիր ենք ունենալու հետո նորից վերաթողարկման հետ, այսինքն՝ նորից նույն քարտերը տրամադրելու»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է էլեկտրոնային եղանակով աշխատանքային պայմանագրերի կնքումը թողնել կամավոր, ովքեր ցանկանում են, կարող են կնքել էլեկտրոնային պայմանագրեր։ Բայց նաեւ զուգահեռ կթույլատրվի շարունակել թղթային պայմանագրերի կնքումը, մինչեւ բոլոր քաղաքացիները կունենան նույնականացման քարտեր։
Կարդացեք նաև
«ԱԺ ներկայացված այս նախագծով առաջարկը այն է, որ հետաձգենք մեկ տարով, բայց ՆԳՆ մեր գործընկերների հետ քննարկեցինք եւ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կառաջարկենք այն եւս 6 ամսով երկարաձգելու»,- նշեց Թորոսյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































