Լրահոս
Օրվա լրահոսը

 Հաջողություն Նյուրնբերգում. «Էդուարդ Թոփչյանը և Դմիտրի Մասլեևը նվաճեցին Meistersingerhalle-ն»

Փետրվար 13,2026 15:17

Փետրվարի 8-ին լեգենդար Meistersingerhalle-ում  կայացած համերգը այն հազվագյուտ իրադարձություններից մեկն էր, որտեղ բարձրակարգ վարպետությունը հանդիպում է խորը հուզական դրամատիզմի հետ: Այդ երեկո Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր մաեստրո Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, որի այցը Գերմանիա ակնհայտ հետաքրքրություն էր առաջացրել ունկնդրի շրջանում: Այս մասին տեղեկանում ենք միլիոնավոր հետևորդներ ունեցող Nürnberger Nachrichten-ում , 09.02.2026թ տպագրված հոդվածից:

Մտաբերելով, որ Meistersingerhall-ը հռչակավոր օպերային երգչուհի, գերմանաբնակ մեր հայրենակից Հրաչուհի Բասենցի նախընտրած համերգային սրահներից է, կապվեցինք նրա հետ: Հետաքրքրվեցինք, գուցե ներկա՞ է եղել մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ համերգին:

Ի դեպ, երգչուհին հանդես է եկել նաև այդ նշանավոր դահլիճում:

«Այս դահլիճը հարուստ պատմություն ունի, որը կերտել են այստեղ ելույթ ունեցած լեգենդար արտիստներն ու նվագախմբերը, ինչպիսիք են՝ Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը, Դրեզդենի Շտատսկապելլան, Լայպցիգի Գեվանդհաուզը, Բեռլինի ֆիլհարմոնիկը և ուրիշներ: Այստեղ հանդես են եկել մաեստրոներ Հերբերտ Ֆոն Կարայանը, Կլաուդիո Աբբադոն, Ռիկկարդո Մուտտին, Զուբին Մեհտան, Կուրտ Մազուրը, լեգենդար Պավարոտտի, Դոմինգո, Կարերաս եռյակը, Ֆիշեռ Դիսկաուն, Ջեսսի Նորմանը, կենդանի լեգենդներ Բարենբոյմն ու Մարթա Արգերիխը, Իցհակ Պեռլմանն ու Ռոստրոպովիչը: Բնականաբար, այս ամենի գիտակցումն ավելացնում էին մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ համերգի ժամանակ իմ հուզմունքն ու սպասումները՝ որպես հայ, որպես երաժիշտ և, այս անգամ, որպես ունկնդիր: Վերջին անգամ հպարտության խորը զգացում էի ապրել, երբ Սերգեյ Խաչատրյանն էր այս բեմում:

Աննկարագրելի մեծ հուզմունքով ու սրտատրոփ սպասումով էի համակվել մաեստրո Էդուարդ Թոփչյանի բեմելից առաջ: Անչափ հպարտ էի, որ այդ անունների կողքին այսուհետ հնչելու է նաև մեր մաեստրոյի անունը և, որ ամենակարևորն է, ինձ համար պատմության մեջ կմնա իր յուրահատուկ, խորը, ինտելեկտուալ մեկնաբանմամբ: Այս համագործակցությունն ու ելույթը բացառիկ և շատ հաջողված էր, կարծում եմ, նվագախմբի համար նույնպես կարևոր երաժշտական իրադարձություն էր, քանի որ շատ կարճ ժամանակում, ընդամենը մի քանի օրվա փորձերի արդյունքում մաեստրոյին հաջողվեց իր ձեռագիրը հաղորդել նվագախմբին՝ երաժշտական հատվածների  հատուկ կոնտրաստայնությամբ, դինամիկ մեծ գունապնակով և ուրույն մտածողությամբ, մենանվագներ կատարողներին տրամադրած ազատությամբ: Նվագախումբն, առհասարակ, չէր ճնշում մենանվագները, բավարար «տարածք» էր տրվել մենակատարին անհատական մեկնաբանման համար, թե առաջին բաժնում՝ նվագակցելով Ռախմանինովի դաշնամուրային կոնցերտը, թե երկրորդ բաժնում՝ «Շեհերեզադե»-ում:

Անասելի երջանկություն էր վայելել այդ ծրագիրը նման բարձրակարգ մատուցմամբ: Մաեստրոն ունի դինամիկայի գերազանց վերահսկողություն և բացառիկ երաժշտականություն: Նրա դիրիժորական ոճը զուրկ է ավելորդ ցուցադրական շարժումներից, զուսպ է, դիպուկ ու հստակ, միաժամանակ շատ դրամատիկ, ինչը վստահության և ապահովության զգացողություն է հաղորդում թե՛ նվագախմբին, թե՛ ունկնդրին: Դահլիճը մեծ ոգևորությամբ և երկարատև ծափողջույններով ընդունեց Էդուարդ Թոփչյանին:  Եվս մեկ անգամ շնորհավորում եմ՝ մաղթելով մաեստրոյին նորանոր ձեռքբերումներ և բազմաթիվ բեղմնավոր համագործակցություններ լավագույն նվագախմբերի հետ և ամենահեղինակավոր դահլիճներում», -հայտնեց մեր զրուցակիցը:

Հիմա մեկ-երկու պարբերություն ներկայացնենք Nürnberger Nachrichten-ում տպագրված Ռեյնհարդ Կալբի ծավալուն հոդվածից. «Երեկոյի ծրագիրը կառուցված էր հակադրությունների վրա՝ Մոցարտի կենսուրախ, փայլատակող երաժշտությունից մինչև Ռախմանինովի մոնումենտալ ռոմանտիզմը և Ռիմսկի-Կորսակովի արևելյան շքեղությունը: Համերգը բացվեց Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերայի նախերգանքով, որը որքան սովորական և դասական է հնչում այժմ մեր ականջին, անքան անսովոր ու էկզոտիկ էր պրեմիերայի ժամանակ՝ 18-րդ դարի վիեննական ունկնդրի համար: Երաժշտությանը արևելյան երանգ հաղորդելու համար Մոցարտը ներմուծել է այն ժամանակ էկզոտիկ համարվող գործիքներ՝ բաս-թմբուկ, ծնծղաներ և եռանկյունի։ Դրանց սուր, «ենիչերական» հնչողությունը երաժշտությանը հաղորդում է յուրահատուկ աշխուժություն։ Նյուրնբերգյան համերգի համատեքստում նախերգանքն իդեալական «ապերիտիվ» էր՝ որը հնարավորություն է տալիս ցուցադրել նվագախմբի ճկունությունը և Մոցարտի նրբագեղ դինամիկայի հետ աշխատելու Թոփչյանի վարպետությունը:

Նախերգանքից հետ հնչած Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, ռուս վիտուոզ դաշնակահար Դմիտրի Մասլեևի կատարմամբ, ոչ միայն երաժշտական ​​գլուխգործոց է, այլև վերածննդի խորհրդանիշ։ Գրված լինելով դարասկզբին (1900–1901)՝ այն դարձավ ռուսական դասական երաժշտության խորհրդանիշերից մեկն ամբողջ աշխարհում։ Ռախմանինովի կոնցերտների և սիմֆոնիաների խնդիրը նրանում է, որ 1940-1950թթ.-ի մի շարք հոլիվուդյան կոմպոզիտորներ մեծապես փոխառել են նրա երաժշտական ​​լեզուն, մինչև այն աստիճան, որ բնօրինակն այժմ հնչում է որպես ֆիլմի սաունդթրեք։ Այնքան էլ հեշտ չէ ազատվել հին, սենտիմենտալ բալլադների պատկերներից ու հիշողություններից և պարզապես թույլ տալ, որ երաժշտությունը կլանի ձեզ: Հատկապես, որ էլեգիական մեղեդիները որոշ դիրիժորների և նվագախմբերի գայթակղում են տրվել ավելորդ քաղցրահունչ մեկնաբանությանը։ Այստեղ անհրաժեշտ է կարգապահ ձեռք: Էդուարդ Թոփչյանը պահպանում է անհրաժեշտ դիրիժորական խիստ ոճը և հաստատակամորեն հետ է պահում Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախմբին մելամաղձության գիրկն ընկնելու գայթակղությունից: Մասլեևը, իր հերթին, գիտի, թե ինչպես էմոցիոնալ լարվածությունը զարգացնելով հասցնել գագաթնակետին և ամբողջությամբ բացահայտել դաշնամուրային նվագաբաժնի ուշ ռոմանտիկական ժամանակշրջանի քնարականությունը… Համերգի երկրորդ բաժնում հնչեց Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը, որտեղ նվագախումբը վերածվում է «Հազար ու մեկ գիշերվա» պատմություները պատմող հեքիաթասացի: Սյուիտը համերգի հրաշալի եզրափակում էր, որը հնարավորություն է տալիս նվագախմբի երաժիշտներին ցուցադրել իրենց մենակատարային վարպետությունը»։

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728