Հայաստանի կառավարությունը շարունակում է աշխատանքը ռուսական կողմի գործընկերների հետ, առաջին հերթին՝ Երասխի և Ախուրիկի հատվածում իրենց ներգրավվածությամբ աշխատանքներ իրականացնելու համար,- այս մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Իմ տպավորությունն այնպիսին է, որ առնվազն այդ երկու հատվածների մասով մենք որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և որոշակի պայմանավորվածության կհանգենք, կարծում եմ՝ առաջիկա օրերին դրա պատասխանը կունենանք: Եթե ստացվի այնպես, որ իրենք դա անեն, շատ ավելի լավ, կգնանք այդ ճանապարհով, իսկ եթե ինչ-որ հարցեր խանգարեն, թեև իմ ըմբռնումն այնպիսինն է, որ հարցեր չպետք է լինեն, որոնք առնվազն Երասխի և Ախուրիկի մասով կխանգարեն, եթե այդպիսի հանգամանքներ լինեն ՀՀ կառավարությունն ինքը կվերականգնի նշված հատվածներում երկաթգիծը, որովհետև դա ապաշրջափակման տրամաբանության կարևոր կետերից մեկն է»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր Հայաստանի խնդրանքով հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին, որոնք Երասխ քաղաքի մոտ կապ կապահովեն Ադրբեջանի երկաթուղիների հետ, իսկ Ախուրյան գյուղի մոտ՝ Թուրքիայի երկաթուղիների հետ։
Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի Միջերկրական ծովի, Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ դուրս գալու հնարավորություն», – ասել էր նա:


















































