«Դինամո» մարզահամալիրում բռնցքամարտի Հայաստանի կանանց առաջնության մասնակիցները այսօր որոշեցին հանրապետության 2026 թվականի չեմպիոններին ու մեդալակիրներին։
Ըստ քաշային կարգերի չեմպիոնական ոսկի նվաճեցին. 48 կգ՝ Հեղինե Պետրոսյան, 54 կգ՝ Լուսյա Ավետիսյան, 57 կգ՝ Տաթեւ Խաչատրյան, 70 կգ՝ Լիլիթ Միքայելյան եւ +80 կգ՝ Անի Մուրադյան։
Առաջնության ավարտին Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նախ ասեմ, որ մեր ամենաուժեղ աղջիկները չմասնակցեցին այս առաջնությանը։ Իսկ այսօրվա մենամարտերը ցույց են տալիս, որ մեզանում կանանց բռնցքամարտի մասսայականությունը առայժմ ցածր է։ Հետեւաբար, մասնակցությունն էլ քիչ է։ Մեծահասակ եւ երիտասարդ աղջիկների ընդհանուր թիվը եղել է 29 հոգի։
Ինչ վերաբերվում է որակին, այսօր ռինգ մտած աղջիկները հիմնականում երիտասարդական տարիքից եկած բռնցքամարտիկներ են։ Թերեւս, առանձնացնեմ 57 կգ քաշային Ջուլյա Լալայան- Տաթեւ Խաչատրյան զույգին, որի որակը համապատասխանում էր մեծահասակների եւ միջազգային մենամարտերի ստանդարտներին։ Մյուսները դեռ այն չեն։ Հիմա պետք է տեսնենք, թե քիչ հետո մեկնարկող երիտասարդական առաջնության մասնակիցները ինչ կցուցադրեն»։
Կարդացեք նաև
Հարցին, թե այս առաջնությունների արդյունքներով ձեւավորվելիք հավաքականների կազմերով հնարավո՞ր է միջազգային ռինգերում ինչ-որ արդյունք արձանագրել, Վազգեն Բադալյանը պատասխանեց. «Այս ամսվա 30-ին Բուլղարիայում միջազգային մեծ մրցաշար է լինելու, որի համար մեզ տվել են երկու տեղ՝ Անուշ Գրիգորյանին՝ 50 կգ եւ Էլիդա Քոչարյանին՝ 70 կգ»։
Մարզիչը նաեւ ասաց, որ ուսումնամարզական հավաքներում միասին կհրավիրվեն թե մեծերը, թե երիտասարդները։ Պատճառն այն է, որ քանակը քիչ է, եւ մեծահասակների մեջ տարբեր քաշային կարգերում այդքան աղջիկներ չկան։
Հետաքրքրվեցինք նաեւ, թե 2026-ի արտագնա մրցումներում ինչպե՞ս է տեսնում մեր աղջիկների մասնակցությունը։ «2026 թվականը հագեցած օրացուցային պլան ունի։ Պիտի մասնակցենք մրցումներին։ Ուղղակի պետք է որոշենք, թե ով՝ որ մրցմանը կարող է արժանապատիվ հանդես գալ։
Ես ամենեւին էլ կողմնակից չեմ մարզիկին մի տեղ տանել եւ հայկական բռնցքամարտի հեղինակությունն ու որակը գցել։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































