«Մոլորակի վրա չկան ութ այնպիսի մեր հայրենակիցներ, անգամ ութ անբասիր մեր հայրենակիցներ, որոնք բացառիկ ծառայություն են մատուցել ՀՀ-ին և հայ ժողովրդին, որոնք, այնուամենայնիվ, ունենան ամբողջ սփյուռքի անունից խոսելու մանդատ»,-հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Նուբար Աֆեյանի, Վաչե Մանուկյանի և սփյուռքի մյուս գործիչների հայտարարությունը, որտեղ նշվում է, որ կաթողիկոսի հարկադրական հեռացման սպառնալիքներն ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Շարունակելով մեկնաբանել հայտարարությունը՝ Մխիթար Հայրապետյանն ասաց․ «Կամ տվյալ մարդիկ իսկապես չեն ճանաչում սփյուռքը, մակերեսորեն են պատկերացնում, կամ շատ լավ են ճանաչում, խորապես ընկալում ու հասկանում են սփյուռքը, բայց փորձում մանիպուլացնել։ Սփյուռքյան անհատներ ու կառույցներ նաև արձագանքել են։ Հենց ինքնին հայեցակարգային հարց էր հնչում՝ ո՞ւմ կողմից տրված իրավունքով այդ խումբը կարող էր ներկայանալ սփյուռքի կողմից խոսող խումբ։ Սա մեր ութ հայրենակիցների կարծիքն է։ Եթե Վաչե Մանուկյանը և Պերճ Սեդրակյանը նման հայտարարություն անեին, դա ինձ չէր զարմացնի, բայց եղել են մարդիկ, ում՝ այդ փաստաթղթի տակ ստորագրումը ինձ մոտ բազմապիսի հարցեր է առաջացրել։ Մեր հայրենակիցները չեն պատկերացրել՝ ինչին են հարուցում նման տեքստեր ասելով։ Այդ խմբում մեծ մասի հետ անձնապես ծանոթ եմ։ Կա այնտեղ մարդ, ում հետ ունեմ բավական ջերմ հարաբերություններ՝ օրինակ՝ Նուբար Աֆեյանը։ Եթե Վաչե Մանուկյանը, Պերճ Սեդրակյանը, Էրիկ Իսրայելյանը և մի քանի այլ գործընկերներ նման հայտարարություն անեին, դա ինձ չէր զարմացնի, բայց եղել են մարդիկ, ում՝ այդ փաստաթղթի տակ ստորագրումը ինձ մոտ բազմապիսի հարցեր է առաջացրել։ Միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ ՀՀ-ի պետական շահերից չբխող օրակարգերի մեջ առնվազն խմբի մի մասը ներքաշվել է, մյուս մասն ինձ չզարմացրեց․ մի քիչ ավելի վաղ էի նրանցից նման հայտարարություն սպասում։ Ընդհանուր առմամբ՝ սա ինձ մոտ դառը նստվածք է թողել»։
Հիշեցմանը՝ հայտարարվել էր, որ ՀՀ-ում ԱԹՍ-ներ են արտադրվում, այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ-ն ԱԹՍ-ներ ձեռք բերում ԱՄՆ-ից, Մխիթար Հայրապետյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ արդեն իսկ որոշակի հուշում էր իմ կողմից, երբ սկսեցի իմ զեկույցը՝ ասելով, որ առաջին անգամ ռազմարդյունաբերական ընկերությունները ստացել են ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա։ Հաշվի առնելով գաղտնի բովանդակությունը՝ զերծ կմնամ հավելյալ տեղեկատվություն տալուց։ Չի բացառվում, որ Ձեր նշած տեսակները ևս նախատեսվեն տարբեր երկրներ արտահանել։ Shield AI-ի արտադրած ԱԹՍ-ներ ՀՀ ռազմարդյունաբերող ընկերությունները չեն արտադրում, եթե արտադրեին, հարց չէր էլ ծագի տեխնիկական նման լուծումներով որևէ արտադրանք գնելու, ներմուծելու համար»։
Կարդացեք նաև
Պատասխանելով Տեսալսողական մեդիայի օրենքում փոփոխությունների մասին՝ Մխիթար Հայրապետյանն ասաց․ «Այս օրենքի փոփոխությամբ կարգավորող պետական մարմնին տալիս ենք նոր լիազորություն մշակել ներքին փաստաթղթեր, որոնցով կսահմանվեն, թե օրինակ՝ ի՞նչ է նկատի առնվում՝ ասելով ներքաղաքական կյանքին միջամտություն»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































