«Մենք հստակ ձեւակերպել ենք այս հանդիպումների նպատակները՝ նորմալիզացնել ուղիղ շփումները, լինեն դրանք բովանդակային, թե ֆիզիկական, կառուցողական միջավայրում քննարկել 2 կողմերի մտահոգությունները, բաց չթողնել փոխշահավետ հնարավորությունների քննարկումը եւս, որովհետեւ միայն խնդիրներ չեն, այլեւ հնարավորություններ, որ ծագում են (ափսոս կլինի, որ չօգտվենք այդ հնարավորություններից), հայաստանյան օրակարգը հասցնել Ադրբեջանում որոշում կայացնողներին, ինչպես նաեւ իրենց հանրությանը»,-ի թիվս այլնի՝ ասուլիսում նշեց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնադիր անդամներից Նաիրա Սուլթանյանը:
Նա որոշ բաներ առանձնացրեց ադրբեջանցիների հետ ծաղկաձորյան հանդիպումից. «Մեկը՝ անշուշտ, երկու կողմերն էլ ազատորեն քննարկել են իրենց հուզող հումանիտար հարցերը. մեր դեպքում դա, իհարկե, գերիների հարցն էր… Նորից եմ ուզում շեշտել, որ այս խումբը չունի իրավազորություն՝ որեւէ կերպ ազդելու գործընթացների վրա, բայց ունի հանրային կարծիք ձեւավորելու հնարավորություն, ուստի մենք հերթական անգամ փորձել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին բացատրել՝ ինչու ներկայիս խաղաղության գործընթացների տրամաբանության մեջ չի տեղավորվում գերիների առկայությունը Բաքվում:
Իրենք էլ իրենց կողմից են հումանիտար հարցեր բարձրացրել՝ ականապատ տարածքների քարտեզները, 90-ականների պատերազմի ժամանակ անհայտ կորած ադրբեջանցիների հանգամանքը, եւ մենք էլ, որքանով հասկանում եք, հստակ պատասխաններ չունենք, բայց փոխադարձ փորձում ենք հասկանալ եւ որոշ տեղեկատվություն ճշտել»:
Նաիրա Սուլթանյանի ձեւակերպմամբ՝ երկու հասարակությունների համար էլ գործընթացն արագ է ընթանում, այդ պատճառով մարդիկ երկու կողմում էլ չեն կարողանում հասնել քաղաքական պրոցեսների հետեւից. «Սակայն մենք նշում էինք, որ սովորաբար պատմության մեջ հակառակն է լինում՝ երբ որ հանրությունները պատրաստ են, քաղաքական պրոցեսներն են ծանր ընթանում. հիմա ունենք հնարավորությունը հավասար, եթե ոչ արագ առաջ անցնելու »:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































