Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը տագնապալի նախադեպ է. Արգենտինայի հայկական կազմակերպություններ

Փետրվար 16,2026 16:15 Share

Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպությունների հայտարարությունը

Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպությունները (IARA) խիստ մտահոգությամբ դատապարտում են Հայաստանի կառավարության որոշումը, որով արգելվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը երկրից՝ թույլ չտալով նրան մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին։

Այս փաստը եզակի դեպք չէ։ Այն մաս է կազմում վերջին ժամանակներում ավելի լայն մի գործընթացի, որը հատկանշվում է պետական ինստիտուտների թուլացմամբ և դեպի ավտորիտարիզմ տանող քայլերով, ինչը վնասում է ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցուն, այլև հասարակությանը, ընդդիմադիր կուսակցություններին և Հայաստան-Սփյուռք պատմական հարաբերություններին։

Արդեն մի քանի տարի է՝ տագնապով նկատում ենք.

  • Համակարգված հարձակումներ քաղաքական ընդդիմության դեմ, այդ թվում՝ դատական գործեր և կալանավորումներ, որոնք հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն։
  • Հալածանք քննադատողների նկատմամբ, ինչը սահմանափակում է բազմակարծությունը և ազատ խոսքի իրավունքը։
  • Հայկական Սփյուռքը վարկաբեկելու բազմակի փորձեր՝ կեղծ հայտարարություններով, թե իբր Սփյուռքի պահանջատիրությունը խոչընդոտ է խաղաղության համար։ Այս կերպ փորձ է արվում արհեստական պառակտում մտցնել Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև։
  • Եվ որպես առավել ծանր հանգամանք՝ քաղաքական իշխանության աճող միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին՝ կամայական քայլերով և հոգևոր առաջնորդին պիտակավորելով։

Այս վարքագիծը ոչ միայն խախտում է օրենքի գերակայությունը, խղճի և խոսքի ազատությունը, այլև վտանգի տակ է դնում հայ ժողովրդի միասնությունը թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում։

Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ և ոչ էլ իշխանությանը ենթակա կառույց։ Այն մեր հազարամյա ինքնության հոգևոր հենասյունն է և մեր հավատքի պահապանը։ Եկեղեցու և Պետության բաժանումը պետք է երաշխավորի անկախություն և փոխադարձ հարգանք. այն երբեք չպետք է դառնա ճնշման կամ ենթարկեցման գործիք։

Կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը տագնապալի նախադեպ է։ Նրա մասնակցությունը եկեղեցական ժողովին խոչընդոտելը ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարում է և պետության կողմից Ազգային Եկեղեցու կյանքին միջամտելու հստակ փորձ։

Ելնելով այս ամենից՝ Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպությունները վճռականորեն մերժում են.

  • Քաղաքական ընդդիմությանը լռեցնելուն ուղղված ցանկացած գործողություն՝ լինի դա ինստիտուցիոնալ, թե դատական ճնշման միջոցով։
  • Հայաստանը Սփյուռքից բաժանելու փորձերը՝ այնպիսի ելույթներով, որոնք փորձում են արժեզրկել աշխարհասփյուռ հայ համայնքների պատմական նվիրումը։
  • Կրոնական, հասարակական կամ քաղաքական գործիչների հալածանքը կամ ահաբեկումը՝ իրենց օրինական գործունեության համար։
  • Պետական լծակների օգտագործումը՝ ներքին թշնամանք հրահրելու համար, ինչը թուլացնում է ազգային միասնությունը։

Որպես Արգենտինայի ամբողջ հայ համայնքի ներկայացուցիչներ՝ հրատապ կոչ ենք ուղղում Հայաստանի իշխանություններին.

  • Լիարժեք հարգել Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությունը և ներքին կառավարումը։
  • Երաշխավորել բոլոր մարդկանց, կազմակերպությունների և կուսակցությունների իրավունքները՝ առանց խտրականության և հալածանքի։
  • Պահպանել դատական համակարգի անկախությունը և քաղաքական բազմակարծությունը՝ որպես ժողովրդավարության հիմք։
  • Վերականգնել հարգանքը և համագործակցությունը Հայկական Սփյուռքի հետ՝ ընդունելով նրա պատմական դերը և անգնահատելի ավանդը ազգի համար։

Վերահաստատում ենք, որ Հայաստանի հզորությունը չի կարող կառուցվել ներքին առճակատմամբ, ազատությունների սահմանափակմամբ կամ այլախոհների պիտակավորմամբ։ Ազգային միասնությունը չեն պարտադրում, այն կառուցվում է հարգանքի, անկեղծ երկխոսության և ժողովրդավարական համակեցության հիման վրա։

Դարերի փորձություններով կոփված հայկական ինքնությունը չի կարող քայքայվել մեր ազգային էությանը հակասող գործելաոճով։ Եկեղեցին և Պետությունը տարբեր մարմիններ են և այդպես էլ պետք է շարունակեն գործել՝ փոխադարձ հարգանքի և հավասարակշռության մթնոլորտում։

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728