Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ քննիչ Հովհաննիսյանը մերժել է քրեական վարույթ նախաձեռնել Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների կապակցությամբ

Փետրվար 16,2026 16:51 Share

2025թ. դեկտեմբերի վերջին մի խումբ քաղաքական-հասարակական գործիչներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե էին ներկայացրել հաղորդում (ստորագրված է 16 անձանց անունով)՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած հանցավոր գործողությունների մասին:

Հաղորդման մեջ մանրամասնորեն նշված էին ՀՀ վարչապետի հակաեկեղեցական արշավի եւ դրանով իսկ ՀՀ սահմանադրությունը ոտնահարելու բոլոր կետերը, բերված էին այդ պահի դրությամբ առկա բոլոր փաստերը: Հաջորդող տասնօրյակներում նմանատիպ փաստերը է՛լ ավելի են շատացել:

Հաղորդման մեջ մասնավորապես նշված էր, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ «Հայաստանի իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսել են քաղաքական հակառակորդներին եւ իշխանությունների վարած քաղաքականության հետ անհամաձայնություն արտահայտող կազմակերպություններին եւ անհատներին լռեցնելու բռնաճնշումների մի արշավանք, որը կոպտորեն խախտում է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական, ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատություններն ու մարդու հիմնարար իրավունքները։ 

Ապօրինի հետապնդումների գլխավոր թիրախում հայտնվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Վեհափառը, բարձրաստիճան այլ հոգեւորականներ, նրանց մերձավորները, ի պաշտպանություն Եկեղեցւ հանդես եկած հայտնի ձեռնարկատեր Սամվել Կարապետյանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գործիչներ։ Հայաստանի իշխանությունները, խախտելով Սահմանադրության եւ օրենքների պահանջները, կոպտորեն ոտնահարում են մեր ազգային կրոնական կազմակերպության ինքնակառավարման սկզբունքը, նրա սեփականության իրավունքները, իշխանական լիազորությունների չարաշահմամբ եւ ինքնիրավչությամբ միջամտում նրա ներկազմակերպական գործերին, խախտում մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձռնմխելիության սկզբունքը։  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ պատասխանատու է այդ խախտումների համար։ Նա ղեկավարում, կազմակերպում, հրահանգում եւ իրագործում է վերոնշյալ հանցագործությունները»։

Նաեւ նշված էր. «Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հսկայական ազդեցությունը գործադիր իշխանության եւ արդարադատության համակարգի վրա, ինչպես նաեւ օրենքը անձնական կամայականությամբ փոխարինելու նրա անթաքույց եւ ապացուցված պատրաստակամությունընրա գործողությունները անմիջական սպառնալիք են ներկայացնում մեր պետական համակարգի օրինական գործունեության, ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների եւ մարդու իրավունքների համար։

 Պահանջում ենք Գլխավոր դատախազից Սահամանդրությամբ եւ օրենքնով նախատեսված գործողություններ կատարել, քրեական պատասխանատվության կանչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա բոլոր հանցակիցներին»։

Հաղորդման մեջ հսկայական ծավալ էր կազմում փաստակազմը, որոնց թվում են ինչպես Փաշինյանի՝ սոցցանցերում եկեղեցու դեմ արված քարոզչությունը եւ պետական պաշտոնյային անհարիր բառապաշարով երկնած «մտքերը», այնպես էլ՝ ՔՊ-ի կուսակցական մամուլում հայտնված «արտահոսքերը»: Այդ ամենն ի մի բերելով, ինչպես նաեւ մանրամասն շարադրելով, թե Փաշինյանի որ մի գրառմանը ինչ իրավական գործողություն էր հետեւել, որից ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը ոչ միայն Սահմանադրությամբ չնախատեսված կերպով միջամտում է Եկեղեցու ներքին գործերին, այլեւ՝ անթույլատրելի կերպով հրահանգներ է իջեցնում իրավապահ եւ արդարադատական մարմիններին, հաղորդման հեղինակները գրում են, թե որոնք են Փաշինյանի դեմ Քրեական վարույթ նախաձեռնելու իրավական հիմքը և հիմնավորումները:

Մասնավորապես՝ Փաշինյանը տապալել է ՀՀ սահմանադրական կարգը՝ «զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, իրավունք չունենալով որևէ կերպ միջամտելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարմանը, որի դրսևորումներից է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը, խախտելով օրինականության սկզբունքը, 2025 թվականի մայիսի 05-ից սկսած, խտրական վերաբերմունքով պայմանավորված, ոտնձգություն է դրսևորում բարձրաստիճան հոգևորականների, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ»:

Բացի այդ, հաղորդման մեջ նշվում է, որ «Ն.Փաշինյանն իր գործողություններով փաստացի դադարեցրել է ՀՀ Սահմանադրության  1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ հոդվածների գործողությունը, քանի որ իր ֆեյսբուքյան անձնական օգտահաշվում բացահայտ կերպով հրահանգավորումներ է իրականացրել ինչպես իրավապահ համակարգի մարմիններին, այնպես էլ դատական իշխանությանը՝ իրականացնելու ձերբակալումներ, հարուցելու հանրային քրեական հետապնդումներ, ինչպես նաև կալանավորելու բարձրաստիճան հոգևորականներ` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և գործարար Ս.Կարապետյանին»:

Բերվել են այս պնդումը ակնհայտորեն ապացուցող հրահանգները եւ դրանց անմիջապես հաջորդած գործողությունները:

Բերվում է նաեւ օրինակ, թե ինչպես է «ՀՀ Ազգային ժողովը (փաստացի ՔՊն) ՀՀ Սահմանադրությամբ ունենալով պարտականություն վերահսկողություն իրականացնել գործադիր իշխանության նկատմամբ, ընթացող նախաքննության պայմաններում, խախտելով անձանց անմեղության կանխավարկածը, 03.07.2025թ. ընդունել է հայտարարություն, որն ավելի շուտ հիշեցնում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի (այդ վարույթով քրեական հետապնդման ենթարկվող անձանց) մեղադրական վերդիկտը», ընդ որում դա անելով խախտել է Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունները:

Այս ամենը արձանագրելով՝ հաղորդման հեղինակները եզրակացրել են.

«Այսպիսով Ն.Փաշինյանն իր գործողություններով խախտել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքը, օրինականության սկզբունքը, միջամտել արդարադատության իրականացմանը, հրապարակայնորեն խախտել անձանց անմեղության կանխավարկածը, որպիսի արարքները կազմում են ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը: Իսկ ԱԺն, ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ի հակառակ գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական գործառույթի, որդեգրել է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու Ն.Փաշինյանի քաղաքականությունը, ինչի արդյունքում ստորագրել և հրապարակել է այնպիսի հայտարարություն, որն ուղղակի ազդեցություն կարող է ունենալ դատաքննչական մարմինների կողմից կայացվելիք որոշումների վրա, արդեն իսկ հաստատելով այն անձանց մեղավորությունը, որոնց նկատմամբ դեռևս ընթանում է նախաքննություն: Այսինքն, պետությունը, ի դեմս ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺն ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բացահայտ կերպով, հրապարակայնորեն արտահայտելով իր կանխակալ վերաբերմունքը ընթացող քրեական վարույթների նկատմամբ, հրապարակայնորեն կատարելով պնդումներ, որոնք վերաբերում են դեռևս ապացուցման ենթակա հանգամանքներին, ուղղորդում և ուղղակի ազդեցություն են գործադրում անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և նրանց կալանավորելու վրա:

Ամփոփելով վերը նշվածը հարկ է նշել, որ այս իշխանության ներկայացուցիչների կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սահմանադրական կարգը տապալվել է, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումն և հավասարակշռումը երաշխավորող Սահմանադրության նորմի գործողությունը փաստացի դադարեցված է»:

Հեղինակները նաեւ անդրադարձել են Հովհաննավանքի իրադարձություններին` սկսած Ստեփան Ասատրյանի արարքներից՝ ավարտած Փաշինյանի եւ նրա անձնական օգտագործման ոստիկանության գործողություններով: Եվ եզրահանգել են. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության և քննչական մարմնի ծառայողների հետ համատեղ խոչընդոտում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը, այդ թվում՝ ծեսերի կատարումը, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցում.

զավթել են Հովհաննավանքը.

խախտել են 26.10.2025թ. հոգևորականի ազատ տեղաշարժվելու իրավունքը:

ՀՀ վարչապետի, ոստիկանության և քննչական մարմինների ծառայողների, ինչպես նաև Ստեփան Ասատրյանի և այլ քաղաքացիական անձանց գործողություններով խոչընդոտվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը, ինչպես նաև 2025թ. հոկտեմբերի 26-ի Անմահ և Սուրբ Պատարագի (ծեսի) կատարումը՝ Հովհաննավանքում»:

Այդ ամենի վերջում հեղինակներն ամփոփել են. «առաջարկում ենք Ձեզ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-175-րդ, 178-րդ հոդվածների կարգով ստուգման ենթարկել սույն հաղորդման փաստերը եւ հանձարարարական տալ քրեական վարույթ նախաձեռնելու համար, նույն օրենսգրքով քրեական վարույթը ընթացքը ապահովելու եւ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար»:

Փետրվարի 15-ին հաղորդման հեղինակները ստացել են հետեւյալ պատասխանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաեւ իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Գ. Հովհաննիսյանից.

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել եւ 2025 թ. դեկտեմբերի 26-ին ինձ է հանձնվել Ձեր հաղորդումը:

Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով՝ հայտնում եմ, որ հիշյալ հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել, հաշվի առնելով, որ այն չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանին, մասնավորապես՝ դիմումն առերեւույթ հանցանքի մասին չէ՝ դրանով չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:

Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հաստատվել է դատախազի կողմից:

Պարզաբանում եմ, որ Օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն՝ քննիչի վարույթային ակտը, այդ թվում՝ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը, Օրենսգրքով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել հսկող դատախազին, հսկող դատախազի վարույթային ակտը, այդ թվում՝ քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հաստատելը՝ յոթնօրյա ժամկետում վերադաս դատախազին:

Օրենսգրքի 299- րդ հոդվածի համաձայն՝ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը դատական բողոքարկման ենթակա մինչդատական ակտ է, որի դեմ բողոքը կարող է ներկայացվել դատարան՝ միայն իրավասու դատախազին բողոքարկելու եւ նրա կողմից բողոքի չբավարարման դեպքում:

Օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ մինչդատական ակտերը դատարան կարող են բողոքարկվել տասնհինգօրյա ժամկետում՝ իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրը կամ բողոք ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրը, եթե բողոքի վերաբերյալ պատասխան չի ստացվել»:

«Առավոտի» հետաքրքրությանը՝ պատրաստվո՞ւմ են բողոքարկել այս որոշումը, հաղորդումը ներկայացնողները պատասխանեցին, որ քննարկելու են եւ, հաշվի առնելով բոլոր ստորագրողների կարծիքները, որոշում կայացնեն:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիանա says:

    Շնորհակալություն , ՀՀ իշխանությունը յուրացրած անձի հանցավոր արարքների ստույգ ներկայացման համար։
    Խնդրում եմ, բողոքարկման ու բոլոր հնարավոր քայլերը հետևողականորեն շարունակեք … մինչև ,անգամ, հանրային պահանջի ու ճնշման նախաձեռնություն. միանում եմ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728