Լրահոս
Չեմ բացառում․․․
Օրվա լրահոսը

Որպես «ՀՀ վարչապետ» Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի հայտարարություն ստորագրելը հակասում է թե՛ ՀՀ, թե՛ միջազգային իրավունքին. Աննա Սարդարյան

Փետրվար 16,2026 17:23

2026 թվականի հունվարի 4-ին վարչապետը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տարածեց 10 եպիսկոպոսների հետ համատեղ հայտարարության նկարները, որը նա ստորագրել է որպես ՀՀ վարչապետ, որով սկիզբ է դրվում Հայ Առաքելական Եկեղեցու այսպես կոչված «բարենորոգման» մեկնարկը։ Ըստ այդ հայտարարության, Հայ Առաքելական Եկեղեցու փաստացի պետը (Ամենայն Հայոց Կաթողիկոսը) պետք է հեռանա, սահմանվի կաթողիկոսական տեղապահ, ընդունվի նոր եկեղեցու կանոնադրություն և ընտրվի նոր կաթողիկոս։

Վերոնշյալ հայտարարությունը ամբողջովին հակասում է ՀՀ օրենսդրությանը և ՀՀ Սահմանադրությանը։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի.

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:  Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի՝

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն.

պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով

ինչը պահանջում է օրինականության սկզբունքը։ Այլ խոսքով ասած, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք չեն կարող կատարել որևէ գործողություն, կամ ստորագրել որևէ փաստաթուղթ, եթե դա նախատեսված չէ Սահմանադրությամբ կամ օրենքներով։

Ավելին, բոլոր ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն Սահմանադրության  և օրենքների հիման վրա (ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին)։

Սահմանադրության 152-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն  կառավարության անդամներն իրավասու են ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների գործարկումն ապահովելու նպատակով։ Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչպիսի փաստաթուղթ է հանդիսանում ՀՀ վարչապետի կողմից ստորագրված եկեղեցու «բարենորոգման» թուղթը։

Կառավարության կազմի և գործունեության մասին ՀՀ օրենքի 3-րդ գլխով սահմանված են կառավարության անդամների իրավասությունները, նույն գլխի 7-րդ հոդվածով սահմանված է վարչապետի իրավասությունները, որի 5-րդ մասում նշված է, որ կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով վարչապետն ընդունում է որոշումներ, ինչպես նաև տալիս է հանձնարարականներ:

Եթե ենթաօրենսդրական իրավական ակտերը (այդ թվում վարչապետի կողմից ընդունվող որոշումները և հանձնարարականները) պետք է ապահովեն Սահմանադրության և օրենքների իրականացումը (այլ ոչ թե հանդիսանան նոր «քաղաքական ծրագրեր» կամ գաղափարական միջամտություններ), հետևաբար դրանք չեն կարող լինել կամայական, կամ ունենալ առանձին ինքնուրույն նպատակ (այլ խոսքով՝ անկախ լինեն Սահմանադրությունից և օրենքներից)։ Վարչապետի ստորագրած ցանկացած փաստաթուղթ պետք է համապատասխանի Սահմանադրությանը և օրենքներին և ապահովի դրանց իրականացումը։

Վարչապետի կողմից ստորագրված եկեղեցու «բարենորոգման» թուղթը չի հանդիսանում նորմատիվ իրավական ակտ, քանի որ այն չի բխում Սահմանադրությունից կամ օրենքներից, չի ընդունվել սահմանված ընթացակարգով (վարչապետի որոշում կամ հանձնարարական), չի առնչվում կառավարության գործունեության կազմակերպման հետ կապված հարցերին, չունի Սահմանադրության և օրենքների կիրառումն ապահովելու օրինական նպատակ և ուղղված է կրոնական կազմակերպության ներքին ինքնավար կառավարման վրա ազդեցություն ունենալուն, ինչը Սահմանադրությամբ արգելված է։

Սահմանադրությունը սահմանում է, որ կրոնական կազմակերպությունները գործում են ազատ՝ առանց պետական միջամտության։ Սահմանադրությունը հստակ սահմանում է նաև, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, այսինքն Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, և չի կարող միջամտել եկեղեցու ինքնավարությանը։

Սահմանադրության 41-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կրոնական կազմակերպություններն իրավահավասար են և օժտված են ինքնավարությամբ: Կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Ինքնավարությունը ենթադրում է, որ կրոնական կազմակերպությունները գործում և կառավարվում են ինքնուրույն, առանց արտաքին (ներառյալ՝ պետական) միջամտության։ Այսինքն անկախ այն հանգամանքից, թե որևէ անձ (ներառյալ որևէ պաշտոնյա) ինչ անձնական վերաբերմունք ունի եկեղեցու կառավարման և գործունեության մասին, նա չի կարող միջամտել այդ օրինական գործունեությանը (լինի դա կաթողիկոսի ընտրություն, կանոնադրության փոփոխություն, տեղապահ նշանակել և այլն)։

Այդպիսի միջամտության անթույլատրելիությունը ամրագրվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասում, համաձայն որի՝

անձի խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը, այդ թվում` կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը՝ որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` պատժվում է․․․։

Եթե պետական պաշտոնյան իր պաշտոնեական դիրքը օգտագործում է՝ եկեղեցու ներքին ինքնավար որոշումների վրա ազդելու, կաթողիկոսի հրաժարական պահանջելու, կանոնադրության փոփոխություն պարտադրելու համար, ապա առնվազն առաջացնում է խղճի և դավանանքի ազատության իրավունքի խախտման վտանգ, իսկ ծայրահեղ դեպքում՝ քրեաիրավական պատասխանատվության հարց։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային իրավունքում անդրադառնալով կրոնական կազմակերպությունների ինքնավարության հարցին, ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը) պետք է մեկնաբանվի կոնվենցիայի 11-րդ հոդվածի լույսի ներքո (հավաքների և միավորման ազատության իրավունքը), որը պաշտպանում է միավորումների գործունեությունը անհարկի պետական միջամտությունից։ Հավատացյալների կրոնի ազատության իրավունքը ներառում է այն օրինական ակնկալիքը, որ համայնքին թույլատրվելու է գործել խաղաղ՝ ազատ պետական ​​կամայական միջամտությունից։ Կրոնական համայնքների ինքնավար գործունեությունը առանձնահատուկ կարևորություն ունի ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության համար։ Այն անմիջականորեն վերաբերում է ոչ միայն համայնքի կազմակերպմանը, որպես այդպիսին, այլև կրոնի ազատության իրավունքի արդյունավետ իրացմանը նրա բոլոր ակտիվ անդամների կողմից։ Եթե ​​համայնքի կազմակերպչական կյանքը չպաշտպանվեր Կոնվենցիայի 9-րդ հոդվածով, անհատի կրոնի ազատության մյուս բոլոր ասպեկտները կդառնային խոցելի (Ֆերնանդես Մարտինես ընդդեմ Իսպանիայի, 2014 թ․)։

Իսկ Սվյատո-Միխայլիվսկա Պարաֆիան ընդդեմ Ուկրաինայի գործով (2007թ․) Եվրոպական դատարանը ուղիղ նշել է, որ պետությանը արգելվում է պարտավորեցնել կրոնական համայնքին ընդունել նոր անդամներ կամ հեռացնել առկա անդամներին։

Ամփոփում. ՀՀ վարչապետի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգման» վերաբերյալ ստորագրված թուղթը չի հանդիսանում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված որևէ իրավական ակտ, չունի իրավական ուժ։ Այն հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ, 6-րդ, 17-րդ, 18-րդ և 41-րդ հոդվածներին, ՀՀ օրենսդրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ և 11-րդ հոդվածներին։ Նման բնույթի թղթերով պետական իշխանության ներկայացուցիչների կողմից կրոնական կազմակերպության ներքին կառավարման վրա ազդեցություն գործադրելը հանդիսանում է Սահմանադրության և օրենքների խախտում և կարող է գնահատվել որպես կրոնական կազմակերպության ինքնավարության և խղճի ազատության իրավունքի ապօրինի սահմանափակում։

Աննա ՍԱՐԴԱՐՅԱՆ
փաստաբան, ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728