Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ համագործակցել՝ տարածաշրջանում Իսրայելի գործողությունների ֆոնին կայունություն ապահովելու նպատակով։
«Իրանը պատրաստ է համագործակցության՝ տարածաշրջանային կայունության պահպանման համար»,- նշել է նա «Al Jazeera»-ին տված հարցազրույցում։
Լարիջանին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններին՝ նշելով, որ Թեհրանը բաց է երկխոսության համար, սակայն հրթիռային ծրագրի հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ, քանի որ այն վերաբերում է Իրանի ազգային անվտանգությանը։ Նրա խոսքով՝ միջուկային հարցից դուրս թեմաների ընդգրկումը կարող է խափանել գործընթացը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է պատասխանել հնարավոր հարձակման։
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2025-ի հունիսին, վերսկսվել են Օմանում։ Լարիջանին նշել է, որ Թեհրանը սպասում է Վաշինգտոնի պաշտոնական արձագանքին և հույս ունի, որ բանակցությունները հնարավորինս շուտ արդյունք կտան՝ միաժամանակ շեշտելով, որ տարածաշրջանում լարվածության աճը բխում է Իսրայելի քաղաքականությունից։
Կարդացեք նաև

















































