«TRIPP-ն ընդմիշտ կփոխի Հարավային Կովկասը». խոստանում են Վաշինգտոնից
ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգն անցյալ շաբաթ ամփոփեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան եւ Ադրբեջան այցերը, նշելով. «Ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմի «Խաղաղության եւ բարգավաճման միջազգային ուղին» (TRIPP) ընդմիշտ կփոխի տարածաշրջանը։ Փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի պատմական այցը ամուր հիմք դրեց տարածաշրջանային կայունության եւ համատեղ տնտեսական զարգացման համար»։
Թե ինչ փոփոխություններ է ակնկալում Թրամփի վարչակազմը՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսի այցի նախօրեին ուշագրավ դիտարկումներով էր հանդես եկել ոչ պատահական մի վերլուծաբան։
ԱՄՆ–Ադրբեջան առանցք, տարածաշրջանային նոր ճարտարապետություն
Կարդացեք նաև
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երեւան եւ Բաքու պետք է դիտարկել ոչ միայն որպես Թրամփի վարչակազմի կողմից դիվանագիտական ակտիվացում, այլ որպես քաղաքական ուղերձների խտացված մի փաթեթ։
Ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի գնահատականները կարեւոր են ոչ այնքան տեղեկատվական, որքան՝ ռազմավարական ընկալման տեսանկյունից։ Գոբլը սովորական փորձագետ չէ. նա տասնամյակներ շարունակ զբաղվել է Խորհրդային Միության, հետխորհրդային տարածքում խնդիրների ուսումնասիրությամբ, աշխատել է ամերիկյան պետական կառույցներում եւ ամերիկյան արտաքին քաղաքականության ձեւավորման եւ իրագործման հարցում, իր չափով, մասնակցություն է ունեցել։
Նրա հեղինակած հոդվածում եւ նրա հարցազրույցում գնահատականները չարժե դիտարկել որպես շարքային մեկնաբանություններ. դրանք արտացոլում են ամերիկյան ռազմավարական մտածողության որոշ շերտեր, եւ դրանք պետք է համարել առավելապես ազդակային եւ ուղղորդող՝ հաշվի նստելով դրանց հետ։
Պատմական ակնարկ՝ Ադրբեջանի նոր քաղաքական «նշանակության» արձանագրմամբ
Գոբլի դիտարկումների կարեւոր բաղադրիչներից մեկը վերաբերում է Ադրբեջանի քաղաքական վերաիմաստավորված նշանակությանը։ Նրա գնահատմամբ՝ Բաքուն աստիճանաբար փորձում է դուրս գալ այն պատմական ձեւաչափից, որտեղ նրա արտաքին քաղաքականությունը դիտարկվում էր ռուս-թուրքական հավասարակշռության շրջանակում, եւ Նախիջեւանի սահմանադրական փոփոխությունների թեման այստեղ առանձնահատուկ է։
Նա մատնանշում է, որ Ինքնավար հանրապետության խորհրդարանը փետրվարի 2-ին դիմել է Բաքվին՝ հաստատելու նոր սահմանադրական ձեւակերպումը, որը բացառում է որեւէ հղում 1921թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին, որոնց համաձայն Մոսկվան ու Անկարան դարձան Նախիջեւանի կարգավիճակի եւ սահմանների երաշխավորները։ Ըստ Գոբլի՝ այս որոշումը TRIPP-ի կարեւոր մաս կազմող տարածաշրջանի կարգավիճակն ու սահմանները փաստացի դնում է բացառապես Բաքվի վերահսկողության տակ։ Նա նշում է, որ պատմականորեն Նախիջեւանի կարգավիճակը կապվում էր 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հետ, որոնք տարածաշրջանի սահմանային եւ իրավական հիմքերն էին ձեւավորել, եւ դրանց թուլացումը կամ վերանայումը, ըստ Գոբլի մեկնաբանության, խորհրդանշում է, որ Ադրբեջանը ձգտում է ավելի ինքնուրույն դիրքավորման՝ նվազեցնելով արտաքին երաշխավորների դերը։
Գոբլի այս պատմական «նուրբ» ակնարկը կարեւոր է, քանի որ այն ցույց է տալիս Ադրբեջանի նոր ակնկալիքներն ու հեռահար հնարավոր նպատակները. լինել ոչ թե ազդեցությունների օբյեկտ, այլ ինքնուրույն դերակատար, հանդես գալ որպես տարածաշրջանային հաբ՝ էներգետիկ եւ լոգիստիկ ուղղություններով, ամրապնդել հարաբերությունները Արեւմուտքի հետ՝ առանց բացահայտ հակադրության Ռուսաստանի հետ, բայց նաեւ առանց նրանից լիարժեք կախվածության։
Գոբլի վերլուծությամբ, այս համատեքստում էլ, Վենսի այցը Բաքու ընկալվում է որպես քաղաքական հավաստագիր՝ Ադրբեջանի նոր ինքնավստահության ամրապնդման նպատակով։
ԱՄՆ–Ադրբեջան հարաբերություններ. ռազմավարական հաշվարկներ
Գոբլի վերլուծությունից բխում է, որ Վաշինգտոնի համար Ադրբեջանը ներկայում ունի մի քանի կարեւոր նշանակություն։
Առաջինը՝ էներգետիկ եւ տրանսպորտային միջանցքները։ TRIPP-ի նախագիծը (Միջին միջանցքի շրջանակներում) դիտարկվում է որպես Արեւելք–Արեւմուտք կապող առանցքային ենթակառուցվածքային ուղղություն, որը շրջանցում է Ռուսաստանը եւ նվազեցնում Իրանի գործոնը։
Երկրորդը, ըստ հեղինակի, տարածաշրջանային կայունության վերահսկումն է. Ադրբեջանը, «պատերազմում հաղթանակից» հետո, ձգտում է ամրագրել իր քաղաքական եւ տարածքային արդյունքները, իսկ ԱՄՆ-ի համար սա նշանակում է գործակցել մի ուժի հետ, որը փաստացի վերահսկում է իրավիճակը տեղում։
Երրորդը՝ Իրանի գործոնն է։ Ադրբեջանը սահմանակից է Իրանին եւ ունի ինչպես էթնիկ, այնպես էլ աշխարհաքաղաքական ազդեցության լծակներ։ ԱՄՆ-ի համար սա կարեւոր ռեսուրս է՝ տարածաշրջանային հավասարակշռության խաղում։
Գոբլը փաստացի ընդգծում է, որ Վենսի այցը Բաքու ավելի ընդգծված է, քան բարձրաստիճան պաշտոնյայի երեւանյան այցը, ինչը որոշ շրջանակներում կարող է ընկալվել որպես առաջնահերթությունների ցուցիչ։
Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններ. աջակցություն, բայց ոչ անսահման
Միեւնույն ժամանակ, Գոբլը չի նսեմացնում Միացյալ Նահանգներ–Հայաստան հարաբերությունների կարեւորությունը։ Նա մատնանշում է, որ Վաշինգտոնը շահագրգռված է Հայաստանի արեւմտյան ուղղվածության ամրապնդմամբ, տնտեսական եւ էներգետիկ համագործակցության խորացմամբ։
Սակայն այստեղ առկա է մեկ կարեւոր նրբերանգ. ամերիկյան աջակցությունը պայմանական է եւ կապված է տարածաշրջանային ընդհանուր հաշվարկների հետ։ Հայաստանը դիտարկվում է որպես «ժողովրդավարական գործընկեր», բայց ոչ որպես էներգետիկ կամ լոգիստիկ հաբ՝ Ադրբեջանի նման։
Ավելին, Գոբլը ակնարկում է, որ Հայաստանի ներսում քաղաքական գործընթացները (ընտրություններ, իշխանության դիրքավորում) նույնպես հետաքրքրում են Վաշինգտոնին։ Այսինքն՝ աջակցությունը ունի նաեւ քաղաքական կայունության բաղադրիչ։
Ռուսաստանի նվազող ազդեցությունը
Գոբլի ամենաուշագրավ պնդումներից մեկը վերաբերում է Ռուսաստանի ազդեցության նվազմանը։ Նրա գնահատմամբ՝ Մոսկվայի դիրքերը Հարավային Կովկասում թուլացել են՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական իմաստով։
Սա, սակայն, չի նշանակում Ռուսաստանի դուրս մղում։ Ավելի ճիշտ՝ խոսքը ազդեցության հարաբերական նվազման մասին է՝ Արեւմուտքի ակտիվացման ֆոնին։
Այսինքն, Հայաստանի համար սա երկակի վտանգ է ստեղծում. մի կողմից՝ հնարավորություն բազմավեկտոր քաղաքականության համար, մյուս կողմից՝ հնարավոր վտանք՝ հայտնվել մեծ ուժերի մրցակցության, շահերի բախման կիզակետում։
Իրանի գործոնը եւ անվտանգության ռիսկերը
Գոբլը հատուկ ուշադրություն է դարձնում Իրանի շուրջ զարգացումներին։ Նրա գնահատմամբ՝ եթե ԱՄՆ–Իրան լարվածությունը վերածվի ռազմական սրացման, Հարավային Կովկասը չի կարող մնալ անմասն։
Հայաստանի համար սա նշանակում է՝ հնարավոր փախստականների հոսք, տնտեսական եւ էներգետիկ ցնցումներ, սահմանային անվտանգության նոր խնդիրներ։
Ադրբեջանի համար Իրանի հետ հարաբերությունները բազմաշերտ են՝ ներառելով թե՛ մրցակցություն, թե՛ համագործակցություն։ ԱՄՆ-ը այս ամենը հաշվարկում է՝ կառուցելով իր տարածաշրջանային ռազմավարությունը։
ԱՄՆ-ի համար ո՞վ է առավել արժեքավոր՝ Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը
Այս հարցը հաճախ դրվում է հուզական հարթության վրա, սակայն Գոբլի գնահատականները հուշում են ավելի սառը հաշվարկ։ Ադրբեջանը՝ ունի էներգետիկ ռեսուրսներ, վերահսկում է կարեւոր լոգիստիկ ուղիներ, սահմանակից է Իրանին, հանդես է գալիս որպես տարածաշրջանային ուժեղ կողմ։ Հայաստանը՝ ունի «ժողովրդավարական» իմիջ, սփյուռքի ազդեցություն ԱՄՆ-ում, կարող է դառնալ տեխնոլոգիական եւ էներգետիկ համագործակցության գործընկեր։
Այսպիսով, արժեքավորության աստիճանները, ինչպես նկատում ենք, տարբեր են իրենց բնույթով։ Ադրբեջանը ունի կոշտ ուժի գործիքներ եւ ռեսուրսային արժեք, մինչդեռ Հայաստանը՝ քաղաքական եւ ինստիտուցիոնալ արժեք։
Տարածաշրջանային փոփոխությունների հեռանկարները
Եթե ընդունենք Գոբլի կանխատեսումների տրամաբանությունը, ապա առաջիկա տարիներին հնարավոր են հետեւյալ միտումները. Միջին միջանցքի եւ TRIPP նախագծի ակտիվացում, Ռուսաստանի ազդեցության աստիճանական սահմանափակում, ԱՄՆ–Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորացում, Հայաստանի վրա արտաքին ճնշումների աճ՝ բազմավեկտոր քաղաքականության պայմաններում։
Այս ամենի համատեքստում, Հայաստանը ստիպված է լինելու սահմանել, ձեւավորել հստակ ռազմավարություն՝ չվերածվելու համար մեծ խաղացողների մրցակցության գործիք, պահպանելու համար անվտանգային հավասարակշռությունը, տնտեսական նախագծերում ներգրավվածությունը՝ առանց ինքնիշխանության կորուստի։ Բայց սա այն դեպքում, եթե իշխանություններն ունեն նման նպատակներ ու տեսլական։
Հարավային Կովկասը մտնում է նոր փուլ
Փոլ Գոբլի հոդվածն ու հարցազրույցը, իհարկե, չպետք է ընկալել որպես վերջին ճշմարտություն, սակայն այն որպես ազդակ, ԱՄՆ-ում ինչ-ինչ շրջանակների համար «ճանապարհային քարտեզ» ընդունել ու հաշվի նստել դրա հետ՝ անհրաժեշտ է։ Նրա գնահատականների հիմքում գերիշխում է հետեւյալ հիմնական միտքը՝ Հարավային Կովկասը մտնում է նոր փուլ, որտեղ ուժային բալանս է վերաձեւավորվում՝ Ադրբեջանի միջոցով։ Բաքուն ձգտում է ամրագրել իր հաղթանակը պատերազմի արդյունքում եւ վերափոխել տարածաշրջանային առանցքը։ ԱՄՆ-ը փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ էներգետիկ եւ ռազմավարական հաշվարկներով։ Ռուսաստանը բախվում է ազդեցության սահմանափակման մարտահրավերին՝ զբաղված լինելով Ուկրաինայում պատերազմով։ Իսկ Իրանը շարունակում է մնալ անորոշ գործոն։
Այսպիսով, Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում պահպանել մեր պետության շահերը տարածաշրջանային այս հնարավոր վերակազմավորման խիստ կարեւոր փուլում։
Եթե Երեւանը կարողանա ձեւավորել հստակ, բազմաշերտ եւ հաշվարկված արտաքին քաղաքականություն՝ համադրելով Արեւմուտքի, Ռուսաստանի եւ տարածաշրջանային դերակատարների հետ հարաբերությունները, ապա փոփոխվող միջավայրը կարող է դառնալ հնարավորությունների դաշտ։
Եթե ոչ՝ այն կարող է վերածվել ճնշումների եւ կախվածությունների նոր շղթայի։
Մի բան ակնհայտ է, որ Հարավային Կովկասն այսօր այլեւս պասիվ տարածաշրջան չէ։ Հարավային Կովկասը վերածվում է գլոբալ մրցակցության հանգույցի։ Իսկ այդ հանգույցում յուրաքանչյուր սխալ հաշվարկ կարող է հանգեցնել ծանր ու անդառնալի հետեւանքների։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.02.2026


















































