Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգելի ընդդիմադիրներ, աշխատեք այնպես, որ դա բացառվի. վաղուց սպառել ենք «new normal»-ների շարքը, մեզ մեր պետությունը պետք է՝ ամբողջական ու հզոր. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 17,2026 14:20

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Մի արտահայտություն կա «new normal», այսինքն՝ «նոր նորմալը», որը կիրառվում է քաղաքական կամ հասարակական այն իրավիճակների դեպքում, երբ նախկինում ոչ նորմալը դառնում է նորմալ։ Վերջին վեց տարում մենք նման իրավիճակների պակաս չենք ունեցել։

Մեր «new normal»-ում պետության գլխին երեք պատերազմ ու փաստացի ցեղասպանություն բերած քաղաքական ուժը էսօր կարող է խոսել խաղաղությունից, ավելին՝ սպառնալ, որ եթե ինքը չմնա իշխանության, պատերազմ կլինի։

Մեր «new normal»-ում պետության ղեկավարը կարող է հազարավոր կյանքեր զոհել, որ իրեն «դավաճան չասեն», հետո հայտարարել, որ զոհերով թե առանց զոհերի նույն իրավիճակը կլիներ։

Մեր «new normal»-ում ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից խոսում է մարդ, ում ղեկավարման շրջանում ՀՀ տարածքը օկուպացվել է։

Մեր «new normal»-ում ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայից երեք տարի անց նույն օրը ֆեստիվառ են անում ու պարում։

Մեր «new normal»-ում քնած հային կացնահարողին հերոսացնող Ալիևը մեզ կարող է «նացիստ» անվանել, իսկ մեր ղեկավարությունը նրան համարի «խաղաղության աղավնի»։

Մեր «new normal»-ում զրպարտանքը, ամենաստոր, զզվելի բաների մեջ մարդկանց հանիրավի մեղադրելը ու դրա համար որևէ պատասխանատվություն չկրելը սովորական երևույթ է։

Մեր «new normal»-ում մեր Արցախի կռիվը մի անիմաստ «բզբզոց» էր, քանի որ մենք իբր «ոչինչ չէինք հասկանում»։

Մեր «new normal»-ում Հայ առաքելական եկեղեցին ու քրիստոնեական կրոնը իշխանության կողմից կարող են համեմատվել «ծայրահեղ իսլամի» հետ, ու դրա համար այլևս որևէ պատասխանատվություն չկա։

Մեր «new normal»-ի շարքն անվերջ է, դաժան, ցավեցնող…

Ինձ թվում է՝ մենք «new normal»-ի լիմիտը սպառել ենք, էլ ավելի գնալու տեղ չկա, չնայած չեմ թերագնահատի «Քանդենք պետությունը» կուսակցությանը և նրա առաջնորդին։

Բայց ես սա գրելով ուզում եմ որպես ՀՀ քաղաքացի խնդրանք ուղղել այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրապես ուզում են բան փոխել Հայաստանում, ուզում են առաջնորդություն ստանձնել, ոչ թե զուտ ընդդիմություն աշխատել Ալիևի «մարդու» մոտ։

Գնացեք ուղիղ, պարզ ճանապարհներով, ազնիվ եղեք մարդկանց հետ, մի խաբեք, մի գցեք, մի տվեք խոստումներ, որոնք չեք կարող իրագործել, առաջարկեք լուծումներ, որոնք տեղավորվում են ՀՀ օրենքների սահմաններում, մի կողմ դրեք ձեր անձնական էգոները, խոսեք բանակից, հզորացման ձեր տեսլականից, խոսեք դրականի, լավի մասին, որը կարող եք բերել, փորձեք հասնել այն մարդկանց, որոնք քաղաքականապես պասիվ են, ապացուցեք նրանց, որ քաղաքականությունը ստոր ու զզվելի երևույթ չէ, որով պետք է զբաղվեն բարոյական արժեքներից զուրկ մարդիկ։ Ցույց տվեք, որ քաղաքականությունը պետությանը ծառայելու լավագույն գործիքն է։ Համոզեք մարդկանց, որ գան քվեարկության։ Մի փակվեք ձեր փուչիկների մեջ, մի գայթակղվեք ձեր շրջապատի մարդկանց գովեստներով, մնացեք սթափ և ինքնաքննադատ, որ հաջողեք։

Ի վերջո, պատրաստ եղեք զիջումների ընդդիմադիր այլ ուժերի հետ, քանի որ մեր «new normal»-ում Արցախի կորուստից, հազարավոր զոհերից, հազարավոր բարոյազուրկ ու անտրամաբանական արարքներից հետո կա վտանգ, որ «Քանդենք պետությունը» քաղաքական ուժը կարող է մնալ իշխանության, դա էլ է «new normal»-ների շարքից։

Հարգելի ընդդիմադիրներ, աշխատեք այնպես, որ դա բացառվի, քանի որ մենք վաղուց սպառել ենք «new normal»-ների շարքը, մեզ մեր պետությունը պետք է՝ ամբողջական ու հզոր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728