«Քաղաքական հաշվեհարդարի խնդիր է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում իր տեսակետը պնդեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի երեկ հնչեցրած հայտարարություններին։
Այն, որ ՀԷՑ-ը խլվել է, եւ խնդիրը քաղաքական է, Դավիթ Ղազինյանի պնդմամբ՝ երեկ ՀԾԿՀ-ի նախագահի այն հաստատումն էր, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը, դա կապ չունի էլեկտրաէներգիայի սակագնի հետ։
Պետության կողմից ՀԷՑ-ի կառավարման արդյունավետության մասին էլ Դավիթ Ղազինյանն ասաց, որ հետաքրքիր է, որ ուղիղ հայտարարում են, որ «Վեոլիա ջրի» ցանցը լավը չի եղել, կառավարությունն էլ իր ներդրումները չի կատարել, դրա համար այդ ընկերության իրավիճակն այլ է․ «Ո՞վ ասաց, որ ՀԷՑ-ը լավ վիճակում են վերցրել, եւ եթե պետությունը «Վեոլիա ջրում» իր պարտավորությունները չի կատարել, ի՞նչ վստահություն, որ ՀԷՑ-ում կատարելու է»։
Կարդացեք նաև
Դավիթ Ղազինյանը տարակուսած է՝ կարգավորող մարմինն անգամ տեղյակ չէ, թե Էրեբունու դեպքերի ժամանակ քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել։ Տարակուսանքի է արժանացնում նաեւ Մեսրոպ Մեսրոպյանի այն հայտարարությունը, որ նախկինում բողոքների մասով ասում էին՝ մարդիկ օրենքները լավ գիտեն, բողոքում են, այժմ ասում են՝ օրենքների չիմացությունն է շատ բողոքների պատճառը․ «Սա է ամբողջ պետական ապարատի վիճակը»։ Դավիթ Ղազինյանի համար ոչ պակաս տարակուսելի է այն, որ ՀԷՑ-ի կողմից հայցեր են տրվել ՏԿԵՆ-ի, ՀԾԿՀ դեմ, ընկերության բարի համբավի վերաբերյալ, բայց Ռոմանոս Պետրոսյանը դրանք ետ է վերցրել։
ՀԷՑ նախկին տնօրենը պնդում է՝ մոտ 40 տոկոսով աճել է վթարների քանակը․ «Հիմա հայտարարվում է, որ չի աճել, բայց վիզուալ մենք տեսնում ենք իրավիճակը։ Արդյունքում ունենք համատարած սուտ»։
Ի դեպ, Դավիթ Ղազինյանը վստահ է եւ վերահաստատում է իր կարծիքը՝ 2026-ի ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































