«Մենք գնահատում ենք, որ ԹՐԻՓՓ-ի տնտեսական ազդեցությունը մեր երկրի վրա էական չի լինելու։ Մենք ասում ենք, որ ԹՐԻՓՓ-ը տնտեսական առումով Հայաստանին շատ մեծ հնարավորություններ չի տալու, բայց դիվանագիտական ու քաղաքական նշանակությունը շատ կարեւոր է»,- այսօրվա ասուլիսում ասաց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, տնտեսական թիմի ղեկավար Դավիթ Անանյանը։
Նա նշեց, որ ԹՐԻՓՓ-ը կարող է դառնալ այնպիսի հանգույց, որտեղ կարելի է Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄՆ, Ռուսաստանի շահերը համատեղել։ «Այսինքն՝ սա քաղաքական առումով շատ կարեւոր է»,- հավելեց Անանյանը։
«Ռուսաստանից գալիս են ազդակներ, որ իրենք դեմ չեն ԹՐԻՓՓ-ում իրենց մասնակցությունը քննարկելու։ Մենք բոլորս տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն որոշակի երկխոսության մեջ են։ Եթե, օրինակ, Ռուսաստանի ու ԱՄՆ շահերը կարողանանք համադրել մեր շահերի հետ ու համախմբել ԹՐԻՓՓ-ի ներքո, սա մեկ օրինակ եմ ասում։ Երկրորդը՝ մենք ունենք Մետաքսի ճանապարհը, ունենք «Հյուսիս-հարավը», որն ըստ էության Հնդկաստան-Ռուսաստան պրոյեկտ է դեռեւս 2000-ականների սկզբներից։ Հետեւաբար, լավագույն բանակցությունները կլինեն այն, որ մենք համադրենք այդ բոլորի շահերն այս հանգույցում։ Բայց որպեսզի դու բանակցություններ վարես ու այդ բանակցություններում ունենաս որոշակի հաջողություններ, պետք է փոխես բանակցողին։ Մեր խնդիրը հենց սա է՝ բոլորով իրար հետ պետք է փոխենք բանակցողին»,- հավելեց Դավիթ Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, թե իշխանության գալու դեպքում իրենց ուժը Ադրբեջանի հետ առեւտուր կանի՞, Դավիթ Անանյանը պատասխանեց՝ տրանսպորտային փոխադրումների դիվերսիֆիկացիան ցանկացած երկրի համար, բնականաբար, օգուտ է։ Բայց այս հարցն ունի երկու բաղադրիչ՝ տնտեսական եւ քաղաքական։
«Տնտեսականն այն է, որ եթե դու այլընտրանքներ ես ստեղծում, տարբեր երկրներից ուզում ես դիվերսիֆիկացված ներմուծումներ ունենալ, ապա պետք է գնահատես, թե ներմուծումները որ երկրից ես բերում։ Ներմուծող երկիրն ըստ էության ֆինանսավորում է այդ երկրի ՀՆԱ-ն եւ տնտեսությունը։ Մենք պետք է գնահատենք՝ արդյոք ուզո՞ւմ ենք, որ Ադրբեջանի ՀՆԱ-ն մեր ազգաբնակչության սպառման հաշվին ավելացնենք։ Մեր կարծիքով՝ ոչ, չենք ուզում։ Հետեւաբար, այլընտրանքներ փնտրելու ճանապարհին Ադրբեջանն առաջնային այլընտրանքը չէ իմ կարծիքով։ Քաղաքական առումով՝ երբ դու դեռ ունես չլուծված բազմաթիվ խնդիրներ, եթե միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցեր ունես, ստացվում է, որ առեւտուր անելով այդ երկրի հետ՝ քաղաքական առումով օգնում ես այն երկրին, որը ցեղասպանական գործողություն է իրականացրել մեր հայրենակիցների նկատմամբ։ Դու այդ վարքագծով թույլատրում ես, որպեսզի ինքն այլընտրանքային կերպար ստեղծի, այսինքն՝ բարեգործի համբավ ձեռք բերի ամբողջ աշխարհում։ Այսինքն՝ այս վարքագծային դրսեւորումը քողարկում է այն ոճիրը, որը դրսեւորվել է մեր ազգաբնակչության ու հայրենակիցների նկատմամբ»,- ասաց Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































