Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեհափառի նկատմամբ  հետապնդումը եւս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի կառավարիչների անբարոյական նկարագիրը». իրավապաշտպան

Փետրվար 17,2026 16:28

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «Հայելի» ակումբում, խոսելով Բաքվում ռազմագերու կարգավիճակում գտնվող Ռուբեն Վարդանյանին շինծու մեղադրանքով 20 տարվա, իսկ ավելի վաղ նաեւ Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարներին ցմահ եւ տարբեր ժամանակներով տեւական ազատազրկման դատապարտելու, նրանց հետ կապված, ինչպես նաեւ մեր սահմանադրությունը փոխելու պահանջի եւ իրենց՝ «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու Ալիեւի արած հայտարարությունների մասին, ասաց. «Անկեղծ ասած, դա բոլորիս համար էլ սպասելի էր, եւ զարմանալու որեւէ բան չկա։ Ինչ վերաբերում է մեր գերիներին, մենք դրա մասին շատ ավելի վաղուց եւ շատ ավելի լուրջ պետք է մտածեինք։ Ցանկացած ռազմագերու հետ բերելու համար կա հիմնական աշխատող ընդամենը մեկ տարբերակ՝ գերիների փոխանակումը այլ գերիների հետ։ Եթե դու պետություն ես, պետականություն ունես, առաջին հերթին պետք է մտածեիր անել այնպես, որ բանը չհասներ ռազմագերիներ ունենալուն, իսկ ունենալու դեպքում պետք է կարողանաս գերիների հավասարազոր փոխանակում կազմակերպել։ Իսկ ինչ է ասում Ալիեւը, եւ նրան ինչ է պատասխանում կամ ինչպես է քծնում Նիկոլ Փաշինյանը, խոշոր հաշվով մեզ հետաքրքիր չէ, որովհետեւ մեր թիվ մեկ նպատակը, թիվ մեկ օրակարգը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է եւ հեռացնելուց հետո մեր արտաքին քաղաքականությունը եւ ներքին անվտանգությունն այնպես ապահովելը, որպեսզի այսպես ստորացված եւ նման խղճալի վիճակում չլինենք։

Գոնե վերջին հինգ տարում բոլորս էլ տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ իրեն պարտադրել է Ալիեւը։ Նույն Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծված հարձակումները հենց Ալիեւի հերթական պահանջներն են, որոնք Նիկոլ Փաշինյանը շատ ջանասիրաբար ու մեծ նվիրումով կատարում է»։

Անդրադառնալով Հայաստանում Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն՝ իրավապաշտպանը նշեց. «Դա բարոյական առումով սրբապղծություն է, օրենսդրական առումով՝ սահմանադրության հերթական ոտնակոխում, հերթական արհամարանք։

Ինչի՞ համար է որոշել քրեական հետապնդում իրականացնել։ Փաստում է, որ Վեհափառը դատարանի որոշում չի կատարել։ Իսկ դատարանը ունե՞ր այդ որոշումը կայացնելու իրավունքը եւ Վեհափառ-սրբազան հարաբերությունների մեջ տեղավորվել փորձելու։ Սա աշխատանքային հարաբերություններ չեն, որ գնային ու ինչ-որ աշխատանքային պայմանագիր վիճարկեին, փորձեին աշխատանքային հարաբերությունները համապատասխանեցնել աշխատանքային օրենսդրությանը եւ միջանկյալ որոշումներ կայացնեին։ Սա զուտ եկեղեցական հարաբերություններ են, որը վեր է թե սահմանադրությունից, թե օրենսդրությունից։ Եվ այստեղ որեւէ դատավոր, որեւէ դատարան իրավասու չէ որեւէ որոշում կայացնելու։

Ա՛յ, հենց այդ գործողություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը սահմանադրության նկատմամբ բացարձակապես որեւէ հարգանք չունի, եւ Հայաստանում իրապես չկա որեւէ դատարան, որն անկախ կլինի եւ կգործի օրենքներին եւ խղճի համապատասխան։ Սա ամենավերջին ստորություններից մեկն է, որը Փաշինյանն իրականացնում է։ Եվ ցավոք սրտի, դեռեւս նմանատիպ ստորություններ իրականացնելու հնարավորություններ ունի։

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեցինք, սա բարոյական առումով եւս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի կառավարիչների անբարոյական նկարագիրը։ Սա նաեւ լուրջ ահազանգ էր հայությանը, որպեսզի էլ ավելի մոտենան եկեղեցուն, էլ ավելի սերտանան եկեղեցու հետ։ Նաեւ հերթական մեսիջն էր առ այն, որ Հայաստանում այսօր միակ կանգուն սյունը, որ մնացել է, եկեղեցին է։ Հետեւաբար, եթե ուզում ենք մեր հայրենիքը պահպանել, պետք է այդ սյունը հնարավորինս ամուր պահենք։ Հակառակ պարագայում կկորցնենք ամենավերջին արժեքը, որ մնացել է հայության ու Հայաստանի Հանրապետության համար»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728