«Հետք». Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազության հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել «Մուլտի-լեոն» ընկերության կողմից Երեւանում տարիներ շարունակ անօրինական հողօգտագործման փաստի առնչությամբ։ Խոսքն ընդհանուր 24,908 քմ տարածքի մասին է, որտեղ գազալցակայաններ են շահագործվել։
Դատախազությունը միջնորդել է Երեւան համայնքին՝ դադարեցնել այդ տարածքների եւ դրանց վրա առկա գույքի ապօրինի օգտագործումը, բայց քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է հողամասերից մեկը՝ Շիրակի 1/18 հասցեում, վաճառել այն ապօրինի տնօրինող «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ին՝ շուկայական արժեքի կես գնով։
Ինչ է պարզել Դատախազությունը
Գլխավոր դատախազությունը փետրվարի 2-ին հաղորդագրություն էր տարածել Երևան քաղաքին պատկանող տարածքների և դրանց վրա առկա գույքերի ապօրինի օգտագործման վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշված է չորս հասցե՝ Իսակովի 15/10, Շիրազի 1/1, Թամանցիների 97/2 և Շիրակի 1/18։ 2000-2003 թվականներին Երևանի քաղաքապետի որոշումներով այդ հողամասերը վարձակալության են տրվել «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ին, ընդհանուր՝ 12,796.5 քմ տարածք։ Ըստ Դատախազության՝ այդ տարածքների վրա ապօրինի շինարարություն է կատարվել, և 2010 թվականին հողերի վրայի ինքնակամ կառույցների սեփականության իրավունքը գրանցվել է Երևան քաղաքի անունով։ Վարձակալությամբ տրված տարածքների պայմանագրերը լուծվել են։
Կարդացեք նաև
Ըստ Դատախազության՝ 2010 թվականին Երևանի քաղաքապետի այս որոշումներից հետո ընկերությունը շարունակել է օգտագործել նախկինում վարձակալած տարածքները և հարակից հողերը։ Օրինակ՝ Իսակովի պողոտայի 4,000 քմ-ի փոխարեն օգտագործել են 10,800 քմ, որի վրա կառուցվել է գազալցակայան, Շիրակի փողոցի 800 քմ-ի փոխարեն օգտագործվել է 4,700 քմ, որի վրա կառուցվել է 576․8 քմ շինություն, Շիրազի 2996․5 քմ-ի փոխարեն օգտագործվել է 4408.46 քմ, որի վրա ևս շինություն է կառուցվել։ 2010 թվականին վարձակալության պայմանագրերը լուծելուց հետո ընկերությունը շարունակել է վճարել նախկինում վարձակալած տարածքների վարձավճարները։ Ստացվում է՝ «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ն, կնքված պայմանագրի լուծումից հետո, շարունակել է օգտագործել այդ հողերը և հարակից տարածքները, ընդհանուր՝ 24,908 քմ։ Դատախազությունը նշում է նաև, որ ընկերությունը նշված տարածքներում առանց թույլտվության իրականացրել է սեղմված բնական գազի վաճառք։
Քրեկան վարույթի առարկա գույքը վաճառվել է «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ին
Դատախազությունը միջնորդել է Երևանի քաղաքապետարանին՝ միջոցներ ձեռնարկելու «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ի կողմից վերոնշյալ հողամասերի ու շինությունների ինքնակամ օգտագործումը դադարեցնելու ուղղությամբ։ Առաջարկվել է պատասխանատվության ենթարկել ընկերությանը առանց թույլտվության սեղմված բնական գազ վաճառելու համար։
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի 2026 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Շիրակի 1/18 հասցեի հողը և գույքը ուղղակի վաճառքով օտարվել են «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ին։
Ստացվում է՝ Գլխավոր դատախազությունը հաղորդում է ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիման վրա նախաձեռնվում է քրեական վարույթ, միջնորդագիր է ուղարկում Երևանի քաղաքապետարան, որ դադարեցնեն այդ տարածքների և դրանց վրա առկա գույքի ապօրինի օգտագործումը «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ի կողմից, բայց քաղաքապետ Տիգրան Ավինյանը մոտ մեկ ամիս անց որոշում է հողամասերից մեկը վաճառել այդ ընկերությանը դրա արժեքի կես գնով։
Արեն Նազարյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































