Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստում այսօր շարունակվեց քաղաքագետ, «Հանրապետություն» կուսակցության Վաղարշապատի համայնքապետի նախկին թեկնածու Հարություն Մկրտչյանի (լուսանկարում) վկայությունը։
Նա պատմեց, որ Վաղարշապատի նախընտրական քարոզարշավի ընթացքում Ոսկեհատում իրենց կուսակցության ավագանու անդամի թեկնածուներից Գառնիկ Ղազարյանն էր իրեն հեռախոսով պատմել, որ երկու անձ իր նախընտրական բուկլետի հետ հայհոյանքով մենամարտի են դուրս եկել, որ գյուղամեջում այդ հայհոյողների հետ կապված անձանց մեքենաներ են կուտակվել ու իրեն հորդորել չգալ գյուղ, սակայն ինքը, այնուամենայնիվ, որոշել է Ոսկեհատ գնալ միջադեպի ահազանգից հետո:
Ըստ Մկրտչյանի՝ ինքը այդ հայհոյող անձանց երբեւէ չի ճանաչել, հետագայում է պարզել՝ ովքեր են:
Կարդացեք նաև
Հետո, երբ մեղադրյալի կարգավիճակում հայտնված կաթողիկոսի եղբոր ու երղբորորդու պաշտպան Սմբատ Մինասյանը սկսեց հարցեր տալ վկա Մկրտչյանին, լեզվակռիվ սկսվեց:
«Հարգելի պաշտպան, ձեր լիազորությունները դատական նիստերի դահլիճում չչարաշահեք»,-արձագանքեց Մկրտչյանը՝ խնդրելով դատարանին միջամտել: Պաշտպանի ու վկայի միջեւ լեզվակռիվը մեկընդմեջ կրկին շարունակվեց ու հասավ մինչեւ Բրյուս Լի, Չակ Նորիս:
«Հիմա Համբարձում Ներսիսյանին դուք անձամբ այնտեղ տեսե՞լ եք: Կարո՞ղ ենք դիտարկել, որ Համբարձում Ներսիսյանն այնտեղ չի եղել»,- հարցրեց պաշտպանը՝ ի պատասխան Մկրտչյանի այն դիտարկմանը, թե Համբարձում Ներսիսյանին ինքը դեպքից առաջ երբեւէ չի տեսել, որ տպավորված լիներ:
-Դուք կարող եք դիտարկել, որ Չակ Նորիսն էլ այնտեղ չի եղել,- արձագանքեց վկա Մկրտչյանը:
-Իսկ կարո՞ղ է Բրյու Լին էլ է եղել,- հակադարձեց պաշտպանը:
Հարություն Մկրտչյանի հարցաքննությունից հետո այսօր դատարանն ուսումնասիրեց նաեւ գործում առկա իրեղեն ապացույց ՝ դեպքի օրվա միջադեպի տեսագրությունը:
Հիշեցնենք, որ այս գործով քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է միջադեպի մասին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ ու մեղադրանք առաջադրվել կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































