Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտից հետո Գյումրու քաղաքապետը պատասխանեց լրագրողների հարցերին՝ մեջբերում անելով Սաղմոսներից․ «Որ կարդում եմ Սաղմոսները, գրված է՝ «Տեր, դատիր այնոսիկ, ոյք դատին զիս», «Մարտնչիր այնոսիկ, ոյք մարտնչեն զիս»։ Ես մեղքում եմ, էսպես կլինի, նեռի գալուստն է, նեռի արբանյակները եկել են, երևում են։
Եվ պատրաստվե՛ք դիմացի ընտրություններին, որ Հայաստանի Հանրապետությունը լինի լուրջ մարդկանց ձեռքերում։ Եվ տասնյակ սրբերի գրվածքը պիտի կատարվի, թե աշխարհի վերջին օրերին ինչ պիտի լինի Հայոց ազգին։ Ասեմ ձեզ, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև Աստված ընդ մեզ է, առաջն Աստված, լավ է լինելու»։
Նրան լրագրողները հիշեցրեցին, որ Միքայել Սրբազանը Գյումրի է եկել այսօր, Վարդան Ղուկասյանը պատասխանեց՝ «Ազատություն»։ Նա հեռանալիս ասաց՝ «Հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու, կտեսնեք»։
«Եթե Աստված ընդ մեզ է, ով կարող է զիս մեղադրել»,- բացականչեց Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Նա անդրադարձ կատարեց նաև հոգևորականներին՝ ասելով, որ կաթողիկոսը պիտի հավատացյալներին դարձներ եպիսկոպոսներ, հոգևորականներ, ոչ թե կարգալույծ աներ բարեպաշտ հոգևորականներին։
«Բայց սրանք էլ իրավունք չունեն նմանատիպ հոգևորականներին նման բան ասելու, որովհետև իրենք ո՛չ Գրիգոր Լուսավորիչն են, ո՛չ էլ Մեսրոպ Մաշտոցը»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Երբ ոստիկանները փորձեցին շտապեցնել Վարդան Ղուկասյանին, որ հեռանա նիստերի դահլիճից, նա ասաց․ «Թողեք մի երկու բառ ասենք, ժողովրդի համար է, ձեր համար է, դուք էլ դարձի արեք, ձեզի համար է»։
Դատական նիստը հետաձգվեց՝ նշանակվելով փետրվարի 27-ին, ժամը 14․30-ին։
Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը նշեց, որ հարցաքննման ենթակա մոտ 50 վկա կա։
«Իրավաբան պետք չէ լինել հասկանալու համար, որ անձինք եկել են, սովորական պրոցեսի են մասնակցել, որի մեջ չի եղել որևէ քրեական տարր, բայց պետությունն այսօր որոշել է դիտել որպես քրեական տարր՝ հայտնի դրդապատճառներով։
Համայնքը աճուրդ է կազմակերպել, թերթերով հայտարարություն է տրվել, և քաղաքացիները կարդացել են, եկել, մասնակցել, աճուրդին հաղթել են։ Այդ պարագայում պնդել, թե պարոն Ղուկասյանը լիազորությունների չարաշահմամբ, խմբային շահերից ելնելով՝ որևէ մեկին գույք է օտարել, իմ կարծիքով ողջամիտ չէ»,- ասաց փաստաբանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































