Լրահոս
Օրվա լրահոսը

 Երևանյան «Պայացների» հերոսը կներկայանա որպես շոուի հաղորդավար՝ շոումեն

Փետրվար 18,2026 13:12 Share

Aravot.am-ը օրերս տեղեկացել էր Երևանի և Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնների միջև ստորագրված համագործակցության հուշագրի՝ արդեն գործողության մեջ լինելու մասին, բերելով մեկ-երկու փաստեր: Տեղեկացրել էինք, որ այս օրերին Երևանի օպերային թատրոնը պատրաստվում է Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի պրեմիերային, ինչը հայ-իտալական համատեղ նախագիծ է: Արդեն սկսել են Իտալիայից Երևան ժամանել, հիշյալ օպերայի բեմադրական աշխատանքներում ներգրավված արվեստագետները:

Մենք հանդիպեցինք Կիարա Ամալտեա Սիարելիի հետ, ով իրականացնելու է բեմադրության զգեստների դիզայնը:

– Դուք առաջին անգամ եք մեր երկրում: Իհարկե, որոշ փաստեր գիտենք ձեր ստեղծագործական կյանքից, օրինակ, 2024թ. «Լա Սկալայում» Նինո Ռոտայի «Ֆլորենցիայի ծղոտե գլխարկը» օպերան, որը հեղինակավոր «Opera Wire» ամսագրի կողմից նույն թվականին ընտրվել է 10 լավագույն ներկայացումներից մեկը՝ ձեր հեղինակած զգեստներով: Կխնդրեինք, ինքներդ ներկայացնեք սեփական ստեղծագործական ուղին առաջին աշխատանքից մինչ օրս:

– Մի քանի օր է ինչ Երևանում եմ, սա իմ առաջին այցն է Հայաստան: Հիացած եմ առաջին հերթին մարդկանց ջերմ ընդունելությունից: Այս կարճ ժամանակահատվածում ինձ համար նոր բաներ են բացահայտվել ձեր թատրոնում, որտեղ բարձրակարգ արվեստագետներ են ստեղծագործում: Ընդհանրապես, ինձ երջանիկ եմ համարում և հաջողակ: Ձեր հարցում հնչեցրիք «Լա Սկալայում» «Ֆլորենցիայի ծղոտե գլխարկի» մասին, որի ռեժիսորն է մեծ հեղինակություն և պահանջարկ վայելող Մարիո Ակամպան: Ի դեպ, նա է Երևանում իրականացնելու «Պայացների» բեմադրությունը:

Ինչ վերաբերում է իմ ստեղծագործական ուղուն, նախ ասեմ, որ  ծնունդով Նիդերլանդներից եմ, մասնագիտական ուղիս ձևավորվել է Բոլոնիայի Գեղարվեստի ակադեմիայում՝ բեմական ձևավորման և զգեստների դիզայնի ուսումնառության տարիներին:  Նշեմ, որ ուսման տարիներին արդեն համագործակցել եմ այնպիսի առաջատար արվեստի գործիչների հետ, ինչպիսիք են դիզայներներ  Ռոմեո Կաստելուչին և Կիարա Գուիդին, ինչը յուրօրինակ հիմք է հանդիսացել փորձարարական ու վիզուալ թատրոնում ստեղծագործական աշխատանքներս իրականացնելու գործում: Դեբյուտս՝ 2014թ-ին էր, իտալացի-բելգիացի ռեժիսոր Սանդրո Մաբելինիի «Կարմիր գլխարկը» բեմադրության մեջ, որտեղ հեղինակել էի ներկայացման զգեստները և բեմական ձևավորումը: Այս աշխատանքը սկիզբն էր իմ շարունակական գեղարվեստական-ստեղծագործական գործունեության, որի շրջանակներում ստեղծել եմ մի շարք թատերական ու պարային ներկայացումների զգեստներ, երբեմն էլ՝ բեմական ձևավորումներ: Որպես հրավիրյալ դիզայներ մասնակցել եմ Լիտվայի ազգային թատրոնի «Վարդի ասպետը», Դրեզդենի օպերային թատրոնի «Մոխրոտը», Վենետիկի և Նիդերլանդների ազգային օպերայում «Ռիգոլետտո», Փարիզի ազգային օպերայում «Դոն Կիխոտ», Բավարիայի պետական օպերայում «Գնդի դուստրը» բեմադրություններին և այլն:

-Երևանյան «Պայացները» դասակա՞ն, թե՞ ժամանակակից ռեժիսուրայով է բեմադրվելու: Վստահ են՝ տեղյակ եք:

-Իհարկե, գիտեմ: Ռեժիսոր Մարիո Ակամպայի հետ հիանալի համախոհներ ենք: Հաճախ է պատահում, երբ նույն հարցի պատասխանը մեր գլխում ծագում է միաժամանակ (ժպտում է): Երևանյան «Պայացների» բեմադրական աշխատանքներում Մարիոն կցուցաբերի ավելի ժամանակակից մոտեցում՝ վերադառնալով 1970-ականների վերջ-80-ականների սկիզբ: Ընդամենը մեկ, բայց շատ կարևոր բան բացահայտեմ՝ երևանյան «Պայացների» հերոսը կներկայանա որպես շոուի հաղորդավար՝ շոումեն:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ.  93-ամյա Երևանի օպերային թատրոնում «Պայացներն» առաջին անգամ բեմադրվել է թատրոնի հիմնադրումից հետո հատվածաբար՝ 1935թ., ռեժիսոր Ալեքսանդր Կարատով, դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան: Առաջին ամբողջական բեմադրությունը՝ 1937թ., ռեժիսոր՝ Արշակ Բուրջալյան, դիրիժոր՝ Յուրի Յաղուբյան: Հետագա տարիներին այս օպերային կրկին անդրադարձել են նոր բեմադրություններով՝ 4 անգամ: Վերջինը 2021թ-ին էր՝ Ռուբեն Քոչարի ռեժիսուրայով, դիրիժոր՝ Մկրտիչ Բաբաջանյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728