«Հայկական երկաթուղիների մասին Երևանից հնչող հայտարարությունները տարօրինակ են և փոքր-ինչ անընդունելի», – ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունները:
Հիշեցնենք՝ «Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր»,- լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանը հայտարարել է, որ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ եւ սրա մասին ես խոսել եմ ՌԴ նախագահի հետ, նա աջակից է այս բոլոր ծրագրերին։ Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջեւանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, քանի որ երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Կողմնակիցներն ասում են, որ Հայաստանը պետք է շրջանցենք ու հիմա մենք փաստորեն դիրքերի կորուստ ենք ունենում։ Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր, սա տարբերակ է, որը պետք է քննարկել», – ասել էր նա։
«Հայաստանի երկաթուղային ցանցը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կառավարման տակ է արդեն ավելի քան 20 տարի։ Այդ ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն կայուն կերպով կատարում է իր կոնցեսիոն պարտավորությունները, այլև զգալի միջոցներ է ներդնում ենթակառույցների և շարժակազմի արդիականացման նպատակով։ Երևանում, սակայն, այս մասին կարծես թե մոռացել են», – հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։
Կարդացեք նաև
Մարիա Զախարովայի խոսքով՝ «երկաթուղիների ռուսաստանայն օպերատորը այն կառույցն է, որ ոչ թե զրկում է Հայաստանին մրցակցային հնարավորություններից, այլ ստեղծում է դրանք»:
«Ինչ վերաբերում է հայկական երկաթուղիների՝ Ադրբեջան և Թուրքիա գնացող երկու հատվածների՝ Երևանի խնդրանքով վերականգնման վերաբերյալ մեր մոտեցմանը, ապա այն փետրվարի 12-ին հստակորեն արտահայտել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք այդ տեսակետին էլ հավատարիմ կմնանք», – հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, թե Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի Միջերկրական ծովի, Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ դուրս գալու հնարավորություն:
Ավելի վաղ նա հայտարարել էր Հայաստանի խնդրանքով հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին, որոնք Երասխ քաղաքի մոտ կապ կապահովեն Ադրբեջանի երկաթուղիների հետ, իսկ Ախուրյան գյուղի մոտ՝ Թուրքիայի երկաթուղիների հետ։
«Հայկական կողմի խնդրանքին համապատասխան և Հայաստանի ժողովրդի նկատմամբ բարեկամական և եղբայրական զգացմունքներից ելնելով՝ Ռուսաստանի Դաշնությունը որոշել է բովանդակային բանակցություններ սկսել հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք կապահովեն կապը Երասխ քաղաքի մոտ գտնվող Ադրբեջանի երկաթուղիների, ինչպես նաև Ախուրյան բնակավայրի մոտ գտնվող Թուրքիայի Հանրապետության երկաթուղիների հետ», – լրագրողներին ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ վերականգնվող երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1.6 կմ և 12.4 կմ է և, որ բանակցությունների ընթացքում կորոշվեն այս նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական եղանակները։
«Այս հատվածների վերականգնումը Ռուսաստանի Դաշնությանը հնարավորություն կտա ուղիղ երկաթուղային հաղորդակցություն ունենալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Թուրքիայի հետ՝ ելքով դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ, ինչպես նաև Իրանի հետ՝ ելքով դեպի Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ», – նշել է Օվերչուկը։


















































