«Երբ Ալիևը զուգահեռում է այն դատավարությունը, որը Բաքվում է տեղի ունենում, Նյուրնբերգի հետ, հստակ պետք է հասկանանք՝ ինքն ասելու է, որ մեղադրյալիների աթոռներին նստած են մի մասը: Շուտով հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդկանց վերաբերյալ Ադրբեջանը հայցեր է ներկայացնելու միջազգային ատյաններ՝ այդ թվում ՀՀ երեք նախագահների, ՊՆ նախարարների, շտաբի պետերի, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի, հանցագործներ են, պետք է դատվեն»,- ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի մոտ «խաղաղության» գործընթացի վերաբերյալ խորհրդանշական ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Նյուրնբերգում ոչ միայն դատվում էին իրական հանցագործները, այլեւ՝ Գերմանիան ամբողջովին կապիտուլացվեց։ Հիմա Ալիևի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտուլյացիան է, որը նշանակում է Հայաստանն առանց պայմանների ընդունում է Ադրբեջանի բոլոր պահանջները՝ այդ թվում բանակ չունենալու»,- ասաց Նահապետյանը։
Հիշեցնենք, որ Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով հայ գերիների մասին, համեմատություն էր անցկացրել Նյուրնբերգյան դատավարությունների հետ և հարցրել. «Բոլոր նացիստական առաջնորդները դատապարտված են մահվան, և ինչ-որ մեկը գալիս եւ խնդրում է նրանց ազատ արձակել… Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվածը»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































