«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի քանի օր առաջ մոլերից մեկի ֆուդկորտում նայում էի չորս բոլորս՝ անկախ ինձանից սկսեցի ուշադրություն դարձնել, թե ինչ ահավոր է մեր հասարակության ֆիզիկական պատրաստվածությունը։ Տղամարդիկ ու կանայք 40-ից հետո բոլորը գեր, կուզ ողնաշարով կամ այլ խնդիրներով, երիտասարդները նիհար ու ծռմռված, ավելի մեծերի մասին էլ չասեմ, սպորտային կառուցվածքով մի քանի հոգի կային, բոլորն արտասահմանցի։
Սպորտին ներգրավվածությունը հասարակության լայն շերտերի մոտ մեզանում ահավոր է։ Վիճակագրական տվյալների վերլուծություն չեմ արել, բայց վստահ եմ դրա պատճառով պետությունն ահռելի վնասներ է կրում՝ երիտասարդ մահերի, երիտասարդացող հիվանդությունների, պետության կողմից առողջապահական մեծ ծախսերի ու այլ նմանատիպ հարցերի պատճառով։
Հայաստանում ակտիվ մարզումների է գնում բնակչության մոտ 2,5 տոկոսը (երեխաներին չհաշված)։ Համեմատության համար ասեմ, որ ԱՄՆ-ում բնակչության մոտ 25 % է ակտիվ (շաբաթը միջինում 3 ժամ) զբաղվում սպորտով, իսկ ոչ պարբերաբար՝ ԱՄՆ բնակչության մոտ 80%-ը ֆիզիկապես ակտիվ է, այսինքն՝ մոտ 247 միլիոն մարդ ամեն տարի մասնակցում է գոնե մեկ սպորտային կամ ֆիթնես ակտիվության։
Կարդացեք նաև
Եվրոպական բազմաթիվ երկրներում սպորտով զբաղվողների թիվն ավելի մեծ է, օրինակ՝ Բելգիա՝ 50%, Ավստրիա 51 %, Դանիա 59 %, Գերմանիա 52 % և այլն։
Վերոնշյալ երկրներում սպորտը «հոբբի» չէ, այլ սոցիալական նորմ։ Մարդը չի մտածում՝ զբաղվե՞մ սպորտով, թե՞ ոչ, ինչպես չի մտածում՝ պիտի՞ ատամ լվանալ։
Աշխարհում (հատկապես Եվրոպայում) ամենասպորտային երկրները գրեթե բոլորը ունեն նույն բաները․
1. Բնակչության համար հասանելի սպորտային ակումբներ
2. Կայուն միջին խավ
3. Քաղաքային ենթակառուցվածք (շատ սպորտային ակումբներ, պարկեր, հեծանվային ուղիներ և այլն)
4. Սպորտը սոցիալական մշակույթ է, ոչ միայն առողջություն։
Կարճ ասած՝ ունեն զանգվածային, ոչ պրոֆեսիոնալ սպորտային համակարգ, որտեղ սպորտով զբաղվում են ոչ թե միայն պրոֆեսիոնալ մարզիկները, այլ բնակչության մեծ մասը՝ որպես կյանքի մաս։
Էս համակարգն ունի նաև ուժեղ տնտեսական էֆեկտ՝ առողջ բնակչություն, արդյունքում քիչ առողջապահական ծախսեր, Ֆիթնես ինդուստրիայի աճ, համայնքային կապեր, արտադրողականության բարձրացում, դիսցիպլինայի աճ և այլն։
Ավելին՝ սպորտային հասարակություններում աշխատուժի որակը բարձր է, որովհետև ֆիզիկապես ակտիվ մարդը միջինում ավելի կենտրոնացած է, ավելի դիմացկուն է սթրեսի նկատմամբ և արագ է վերականգնվում։ Սա արդեն ուղիղ կապ ունի բիզնեսի արտադրողականության և երկրի մրցունակության հետ։
Հայաստանում բացակայում է զանգվածային սպորտով զբաղվելու ենթակառուցվածքները՝ չկան սպորտով զբաղվելու համար հարմար այգիներ, չկան հեծանվային երթուղիներ, չկան մեծ քանակի ու մատչելի մարզասրահներ, քիչ են համապետական զանգվածային մրցաշարերը, որոնց կմասնակցեն հասարակության 80 %-ը և այլն։
Այս իրավիճակը հանգեցնում է նրան, որ սպորտով զբաղվելը պահանջում է լրացուցիչ ջանք, ժամանակ և մեծ ֆինանսական ռեսուրս, իսկ զանգվածային մշակույթը ձևավորվում է միայն այն ժամանակ, երբ սպորտը դառնում է ամենահեշտ ընտրությունը, ոչ թե ամենադժվար։
Ի՞նչ անել։ Լիդերների կողմից մենակ հեծանիվ վարելը ժամանակ առ ժամանակ չի փոխի իրականությունը կամ շատ չնչին ազդեցություն կունենա, մշակույթ ու ոլորտ փոխելու համար մի քանի քայլեր են պետք։
Այս խնդիրը պետք է դիտարկել որպես երկարաժամկետ ծրագիր՝ 10-15 տարվա հորիզոնով, ոչ թե առանձին նախաձեռնությունների շարք։
Մշակույթը չի փոխվում ակցիաներով, այն փոխվում է համակարգային խթաններով։
Ի՞նչ անել։
1. Սպորտային մարզասրահներն ազատել ԱԱՀ-ից, որ ոլորտը զարգանա։ Հասկանում եմ հիմա պետության ֆինանսական սեկտորում ԱԱՀ-ն սուրբ կով է ու առանց հաշվարկների մեջ խորանալու չեն ուզում կպնեն այդ հարկատեսակին, բայց վստահ եմ, որ մարզասրահներն ԱԱՀ-ից ազատելու արդյունքում պետությունը ֆինանսապես ավելի կշահի, ոլորտի ակտիվ աճի ու առողջապահական ծախսերի կրճատման արդյունքում։
2. Մարզիչների աշխատավարձերն ազատել եկամտահարկից։ Նմանատիպ պրակտիկա բազմաթիվ երկրներում կա, նույնիսկ մեր հարևան Վրաստանում բարձր լեռնային գոտիների աշխատակիցներն ազատված են եկամտահարկից կամ քիչ են վճարում։ Նույնը մեզ մոտ պետք է լինի՝ սպորտի ոլորտի աշխատողների համար, հատկապես՝ մարզիչների։
3. Ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների համար սպորտային աբոնեմենտների գնումն այդ ընկերությունների համար առանց տոկոսային սահմանափակումների ծախս ճանաչելու հնարավորություն տալ։ Սա կօգնի սպորտային կորպորատիվ մշակույթը զարգացնել։
4. Սպորտային մարզասարքերի ներկրումն ազատվի մաքսատուրքից։ Սա կիջեցնի մուտքի շեմը նոր մարզասրահների համար և կավելացնի մրցակցությունը, ինչը վերջում կնվազեցնի վերջնական ծառայության արժեքը քաղաքացիների համար։
5. Սպորտային խմբակների համար վարձակալած տարածքների վարձակալությունն ազատվի հարկերից։ Արդյունքում փոքր համայնքային ակումբները կկարողանան գոյատևել և տարածվել՝ հատկապես շրջաններում, որտեղ հաճախ հենց տարածքի արժեքն է հիմնական խոչընդոտը։
6. Ընտրել ազգային մրցակցային սպորտաձև, ինչպես ամերիկյան ֆուտբոլն ԱՄՆ-ի համար, ասենք՝ կոխ, ըմբշամարտ ու սկսել այդ թեմայով զանգվածային մրցումներ անել՝ համապետական։
7. Խրախուսել տարբեր սպորտաձևերի ամենամյա մրցույթները դպրոցների, համայնքների, համալսարանների միջև։ Եթե մրցակցությունը տեղափոխվում է համայնքային մակարդակ, սպորտը դառնում է սոցիալական իրադարձություն, ոչ միայն անհատական զբաղմունք։
8. Ներդրումների մասամբ վերադարձ անել շրջաններում սպորտային ենթակառուցվածքի մեջ ներդրումների դեպքում և այլն։
Հայաստանում սպորտի խնդիրը պարզապես առողջ ապրելակերպի հարց չէ։ Դա ազգային էներգիայի, աշխատանքի որակի և ապագա մրցունակության հարց է։ Եթե ուզում ենք ուժեղ տնտեսություն, ուժեղ հասարակություն և երկարաժամկետ զարգացում, պետք է ձևավորենք ֆիզիկապես ուժեղ և դիսցիպլինավորված մարդ։
Համաձա՞յն եք։


















































