«Վարուժան Սիրապյանը չի ապրել այդ վշտալի ժամանակները, բայց ընթերցողին միանգամից ստիպում է հասկանալ, որ ցեղասպանությունը դրոշմված է մի ամբողջ ժողովրդի մտածողության վրա… Անշուշտ այս գիրքը դաս է, և զգոն լինելու կոչ՝ այսօրվա իրականությանը». ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անրի Կյուիի այս խոսքերը մեր հայրենակցի գրքի ներածականում են
Վարուժան Սիրապյանի առաջին գեղարվեստական ստեղծագործության՝ «Բալու-Փարիզ. հայի անցած ուղին» վեպի ֆրանսերենից հայերեն թարգմանության շնորհանդեսից հետո, որը վերջերս կայացավ «Նարեկացի» արվեստի միությունում, բուռն խոսակցությունների առանցքում ոչ միայն վեպն է, այլ նաև հեղինակը, որը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել ֆրանսիական քաղաքական կյանքում: Ի դեպ, հայրենիքում նա ճանաչված է իր գիտական աշխատություններով:
80 տարին բոլորած, ծնունդով Ստամբուլից, 1970 թ-ից Ֆրանսիայում հաստատված մեր հայրենակիցը, թեև հայտնի անուն չէ հայաստանյան գրական ոլորտում, սակայն նրա՝ տասնամյակներ շարունակ ծավալած հայանպաստ գործունեությունը տարբեր տրամաչափի պաշտոնյաների հետ, այդ թվում Ֆրանսիայի նախկին որոշ կառավարիչների, դեսպանների, ունեցել են իրենց դրական ազդեցությունը: Ասվածի, թերևս, հետևյալ փաստը հիշյալ վեպի ներածական խոսքում է, որի հեղինակը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անրի Կյուին է. «Վարուժան Սիրապյանը չի ապրել այդ վշտալի ժամանակները, բայց ընթերցողին միանգամից ստիպում է հասկանալ, որ ցեղասպանությունը դրոշմված է մի ամբողջ ժողովրդի մտածողության վրա… Անշուշտ այս գիրքը դաս է, և զգոն լինելու կոչ այսօրվա իրականությանը»:
Ներկայումս մեր հայրենակիցը «Եվրոպա և Արևելք» ամսագրի գլխավոր խմբագիրն է և «Սիժեստ» հրատարակչության տնօրենը:
Կարդացեք նաև
Վարուժան Սիրապյանը ծնվել է Ստամբուլում, ավարտել է Մխիթարյան քոլեջը, որից հետո տնտեսագիտական և հումանիտար գիտություններ է ուսումնասիրել Ստամբուլի ամերիկյան Ռոբերտ քոլեջում: 25-ամյա երիտասարդը, որ Ստամբուլում ուներ ապահով ու հարմարավետ կյանք, որոշում է լքել ծննդավայրն ու հաստատվել Ֆրանսիայում՝ սկսելով կյանքը զրոյից, ինչի մասին տեղեկանում ենք գրքից:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սիրապյանը հայտնեց. «Ինչպես վեպիս հերոսը՝ Վարդանը, այնպես նաև՝ ես, Ֆրանսիայում բացահայտեցինք մեր հայկական ինքնությունը՝ գրադարաններում հայտնագործելով Հայաստանի պատմությունն ու քարտեզը, որը տարբերվում էր Թուրքիայի գրքերի մեկնաբանությունից»: Ռեպլիկին՝ փաստորեն վեպն ինքնակենսագրական է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո, գլխավոր հերոսիս ճանապարհը շատ է նման իմ կյանքի ուղուն: Վեպը բաժանել եմ երկու մասի՝ Թուրքիա և Ֆրանսիա: Առաջին 25 տարիները՝ Թուրքիայում, այնուհետև՝ Ֆրանսիայում: Գրքում խոսում եմ Թուրքիայում առկա ռասիզմի մասին՝ այն բնութագրելով, որպես «թույնի փոքր կաթիլներ» և «մտավոր ինքնասպանություն»: Ներկայացնում եմ մի շարք պատմություններ, որպես այդ առօրյա ռասիզմի օրինակներ…»:
Ինչ վերաբերում է քաղաքական ակտիվ կյանքին, պարոն Սիրապյանը ընդամենը նշեց, որ 19 տարի՝ 1976թ-ից Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կուսակցության անդամ է եղել, մասնակցել է նրա նախընտրական արշավին, եղել է նաև Ֆրանսիայի ռամկավարների կուսակցության առաջնորդ: «Բարեկամներ ենք Անրի Կյունիի հետ: Նա տարիներ շարունակ իմ հիմնադրած Փարիզի «Չոպանյան» ինստիտուտի պատվավոր նախագահն է: Գիտեք, գրքիս մեջ կյանքիս ամեն մի անցք աշխատել եմ բաց չթողնել, ներկայացնել, իհարկե հերոսիս՝ Վարդանի կերպարով: Նաև պրոֆեսիոնալ երաժիշտ էի, կիթառահար: 1966-ից մինչև Ֆրանսիա մեկնելը հանդես եմ եկել այդ տարիներին Թուրքիայում մեծ ճանաչում ունեցող նվագախմբում: Այս մասին էլ, և ոչ միայն, կհանդիպեք վեպում …»:
«Բալու-Փարիզ. Հայի անցած ուղին» վեպի թարգմանիչ Նելլի Ստեփանյանը, իր աշխատանքի հետ կապված մեր հարցերին ի պատասխան, ասաց. «Երբ առաջին անգամ ընթերցեցի վեպը, հասկացա, որ գործ ունեմ ոչ միայն գրական ստեղծագործության, այլև մարդկային և պատմական վկայության հետ՝ հայ մարդու կյանքի, ինքնության և դիմակայության մասին: Տարբեր երկրներով՝ Թուրքիայից մինչև Ֆրանսիա, անցնող այս վեպն իր խորքում մի պատմություն է հիշողության, արժանապատվության և նոր կյանք կառուցելու մասին: Ընթերցողն այս գրքում կգտնի ոչ միայն մեկ մարդու ճակատագիր, այլև մեզ բոլորիս հուզող հարցեր՝ ինքնության, ինտեգրման մասին: Խոստովանեմ, որ թարգմանելիս ես ոչ միայն աշխատում էի տեքստի վրա, այլև ապրում էի այդ պատմությունը ներսից»:
Հավելեց նաև. «Վեպը հնարավորություն է տալիս նոր հայացքով դիտելու սփյուռքի և սփյուռքահայի կյանքի բարդ ճանապարհը, ինքնության պահպանման և ինտեգրման խնդիրները: Այն ցույց է տալիս, թե ինչպես է մարդը կարողանում պահպանել իր հիշողությունն ու ինքնությունը՝ միաժամանակ ինտեգրվելով այլ հասարակության մեջ: Այս թեման այսօր էլ արդիական է մեզ համար»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ



















































