Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հայտարարություն է տարածել իր կրտսեր եղբոր՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի ձերբակալության առնչությամբ:
Հիշեցնենք՝ իր ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը ձերբակալվել է պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով՝ այն մեղադրանքների հիման վրա, թե նա գաղտնի կառավարական փաստաթղթեր է փոխանցել հանգուցյալ ֆինանսիստ, սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնին։
Նախկին արքայազն Էնդրյուն՝ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի 4 զավակներից 2-րդը, որն Էփշտեյնի հետ կապերի պատճառով զրկվել է արքայազնի և դքսի տիտղոսներից, մշտապես հերքել է Էփշտեյնի հետ կապված որևէ անօրինականություն:
Եղբոր ձերբակալության առնչությամբ թագավոր Չարլզ III-ը նշել է. «Խորագույն մտահոգությամբ տեղեկացա Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի վերաբերյալ լուրերի և պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածի մասին։
Կարդացեք նաև
Գործը պետք է անցնի լիարժեք, արդար և պատշաճ ընթացակարգով քննություն՝ համապատասխան մարմինների կողմից և համապատասխան կարգով։ Այս հարցում, ինչպես նախկինում ասել եմ, նրանք ունեն մեր լիակատար և անկեղծ աջակցությունն ու համագործակցությունը։
Թույլ տվեք հստակ ասել. օրենքը պետք է գերակայի։
Քանի դեռ այս գործընթացը շարունակվում է, ինձ համար պատշաճ չի լինի այս հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություններ անել։ Միևնույն ժամանակ, ես և իմ ընտանիքը կշարունակենք կատարել մեր պարտքն ու ծառայել ձեզ բոլորիդ»։


















































