«Ո՞րն է պատասխանատու վարքագիծը, որ ձյուն է եկել և աղ ենք լցրել, փոսե՞ր են գոյացել։ Կամ էլ պետք է ձյունը չմաքրվեր։ Բնական ստեղծված իրավիճակի պայմաններում եղել են փոսեր։ Քաղաքապետարանը փոխհատուցման ընթացակարգ չունի»,- լրագրողի հարցին՝ արդյոք փոխհատուցվելո՞ւ են այն քաղաքացիների կրած վնասները, որոնց մեքենաները փոսերի պատճառով վնասվել են, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Նա փոսերի առաջացման պատճառ համարեց այն, որ 2025-ին 2,5 անգամ ավելի շատ աղ է օգտագործվել, քան նախորդ տարիներին․ «2025-ին 2024-ի համեմատ երկուսուկես անգամ ավելի աղ ու ավազով մշակում է եղել առատ ձյան պատճառով։ Վերջին տարիների համեմատ ձյան քանակն աննախադեպ է եղել։ Եթե աղ ու ավազի օգտագործման ծավալը 2024-ին 5000 տոննա է եղել, ապա 2025-ին՝ 12․000 տոննա։ Այսինքն՝ երկուսուկես անգամ ավելի։ Դա ազդել է փոսերի գոյացման վրա»։
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը՝ այդ ինչպե՞ս է եղել, որ փոսերը շրջանցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի թաղամասը, քանի որ նրա տան դիմաց փոսեր չկան և հարցին՝ այդ տարածքում աղ ու ավազ չի՞ լցվել, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց․ «Մի շարք պատճառներ կան․ մեր այն փողոցներում, որտեղ 2024-2025-ին միջին նորոգում ենք իրականացրել և փոսալցման աշխատանքներ կատարել, այդ հատվածներում գրեթե չկան փոսեր։ Նույն աղն ու ավազը լցվել է առանց տարբերակելու, թե ում տան դիմաց, ում փողոցն է։ Որքան թարմ է եղել միջին նորոգումը կամ փոսալցումը, այդտեղ կամ չկան փոսեր, կամ գրեթե չկան»։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հավաստիացրեց, որ 200,000 քմ փոսալցումներ են իրականացրել։
Հարցին՝ Երևանում քաղաքապետարանում ինչպե՞ս են բաշխել գումարները, որքա՞ն պարգևավճար են ստացել Ավինյանը, տեղակալները, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց․ «Այս պահին չեմ կարող ասել, գրավոր հարցում ուղարկեք, կպատասխանենք։ Դա հրապարակային է, մենք նաև հայտարարագրում ենք»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
























































