Քննչական կոմիտեն պետք է քննություն իրականացնի՝ ովքե՞ր եւ ինչո՞ւ են Արշակ սրբազանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելով, նրա շուրջ ատելության մթնոլորտ ստեղծելով նաեւ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ոչ բարենպաստ միջավայր ստեղծել․ այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԵ դիվանապետ, տեւական ժամանակ կալանքի տակ գտնվող Արշակ սրբազանի (լուսանկարում) փաստաբան Արսեն Բաբայանը՝ հիշեցնելով, որ իր ցուցմունքում էլ սրբազանը ՔԿ-ին հորդորել էր՝ այդ ճանապարհով գնալ։
Այդ ուղղությամբ ՔԿ-ն ինչ-որ բան ձեռնարկել է, թե՝ ոչ, Արսեն Բաբայանը չգիտե։ Ենթադրում է, որ՝ ոչ, այլապես կհայտարարվեր այդ մասին։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանն այսօր անդրադարձավ այն փորձաքննությանը, որը ներկայացվել էր մի քանի եպիսկոպոսների։
«Մենք հաստատեցինք, որ տեսագրությունը գոյություն չունի։ Մենք հաստատեցինք Արշակ սրբազանի պնդումը, որ ինքն այդ տեսանյութի հետ կապ չունի։ Մնացածը՝ ՔԿ-ի անելիքն է, որպեսզի բացահայտի կեղծարարին»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ վստահ չէ, որ կբացահայտեն։ Նպատակը սրբազանին վարկաբեկելը եւ անազատության մեջ պահելն է, ինչն անում են։ Նախաքննության փուլում սրբազանի հետ որեւէ քննչական գործողություն չի իրականացվել։ Իսկ սրբազանի կալանքի երկարացման բողոքով դեռեւս մակագրում չի իրականացվել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ի դեպ, խոսելով ՔԿ-ի կատարած փորձաքննության մասին, փաստաբանն ասաց, որ փորձաքննությամբ ընդամենը մեկ հարց էր տրվել՝ տեսանյութում Արշակ Սրբազա՞նն է, թե՞ ոչ․ «Հարց չի տրվել՝ արդյո՞ք այդ տեսանյութն իրականության հետ առնչություն ունի, թե՞ ոչ, արդյոք այդ տեսանյութը կեղծի՞ք է, թե՞ ոչ։ Մենք հո չէի՞նք ասում, թե Արշակ Սրբազանը գանգրահեր մի տղամարդ է, որն այդ տեսանյութի միջի տղամարդու հետ նմանություն չունի։ Մենք այլ բան ենք ասում՝ տեսանյութի բովանդակությունը կեղծված է»։
Արսեն Բաբայանը ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ ՔԿ-ի փորձագետն էլ չի հաստատում, որ տեսագրության մեջ պատկերված անձն ու Արշակ Սրբազանը նույն անձիք են, ասվում է՝ հավանաբար նույն անձիք են, սակայն ՔԿ-ն, չգիտես՝ ինչու, միշտ այդ «հավանաբար» բառը մոռանում է։
ՔԿ-ի արած փորձաքննությունը նա փորձաքննություն չի էլ համարում, քանի որ ՔԿ-ի մեկ էջից բաղկացած փորձաքննության կեսը մի նկարն է. «Տեսագրությունից վերցրել են մի կադր, որտեղ, ըստ իրենց, երեւում է տղամարդու դեմք, ինտերնետից հանել են Արշակ Սրբազանի կադրը, հետո ասել են՝ դե քիթը նման է, ականջների մոտ մազածածկը նման է, ճակատը նման է, երկուսն էլ ակնոց են կրում, հետևաբար, կարելի է եզրակացնել, որ նույն անձն է»։
Իսկ գլխավոր հարցը՝ արդյո՞ք տեսագրությունը կեղծ է, թե՞ ոչ, այդպես էլ չի տրվել։
Արսեն Բաբայանը նաեւ հայտարարեց, որ ՔԿ-ի փորձաքննությունն իրականացրած անձի միայն անուն-ազգանուն ունեն, բայց ի՞նչ կրթություն ունի այդ մարդը, ոլորտում աշխատանքի ի՞նչ փորձ ունի՝ հայտնի չէ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































