Լրահոս
Օրվա լրահոսը

Այշատ Բեյմուրադովան սպանությունից չորս ամիս անց դեռ չի հուղարկավորվել․ նրան կհուղարկավորեն ՀՀ-ում՝ պետության միջոցներով

Փետրվար 20,2026 15:50

Չեչնիայից փախուստի դիմած, ապա՝ Երևանում սպանված 23-ամյա Այշատ Բեյմուրադովան դեպքից չորս ամիս անց դեռևս չի հուղարկավորվել։ ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Ա․Բայմուրադովայի հուղարկավորությունն իրականացվելու է ՀՀ-ում՝ պետության միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով։

23-ամյա աղջկա սպանության համար հետախուզման մեջ գտնվող օտարազգի քաղաքացիները դեռևս չեն հայտնաբերվել ։

Հիշեցնենք, որ 23-ամյա Այշատ Բեյմուրադովան որպես անհետ կորած որոնվում էր հոկտեմբերի 17-ից։ Ավելի ուշ, սակայն, հայտնաբերվեց երիտասարդ աղջկա դին՝ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում։ Ըստ նախնական տվյալների՝ աղջիկը մահացել է հոկտեմբերի 16-ին։

Իրավապաշտպանները և Բեյմուրադովայի ընկերներն ահազանգում էին, որ նա Չեչնիայից փախուստի է դիմել՝ փորձելով փրկվել ընտանեկան բռնությունից։

ՔԿ-ից հայտնում են, որ Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Նախաքննական մարմինը, թեև անուններ չի հայտնում, սակայն ռուսական մամուլում արդեն իսկ կան շրջանառվող անուններ, որոնք ենթադրաբար կապ են ունեցել Այշատի հետ։ «Осторожно Новости» կայքը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հրապարակել էր անունները՝ Կարինա Իմինովա և Սաիդ-Համզադ Բայսարով։ Կարինա Իմինովան, ըստ հրապարակումների, եղել է Այշատ Բայմուրադովայի «ինստագրամյան» ընկերուհին, որի հետ նա դուրս էր եկել հանդիպման այնուհետև անհետացել, իսկ տղամարդու՝ Չեչնիայի քաղաքացի Սաիդ-Համզադ Բայսարովի անունը նախկինում շրջանառվել է տարբեր քրեական պատմություններում, մամուլը գրում է, որ 2018-ին մեղադրյալ էր «Իսլամական պետության» ֆինանսավորման գործով, սակայն արդյունքում դատարանը հանել է մեղադրանքը։

Նախկինում Բայսարովը մեղադրվում էր՝ վարչական տույժի ենթարկված կամ քրեական անցյալ ունեցող անձի կողմից ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու և կողոպուտի համար։ Նշենք, որ մամուլը գրել էր, որ Այշատին սպանել են՝ խեղդելու եղանակով, ինչից հետո սպանությունը կատարած անձինք փախուստի են դիմել ՀՀ-ից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728