Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ հիմա մեկ այլ ծայրահեղության մեջ ենք ընկել՝ հնազանդվելու, սեփական օրակարգից հրաժարվելու, օտարի կամքին և օրակարգին ենթարկվելու «իմաստնության». Լևոն Զուրաբյան

Փետրվար 20,2026 16:38
levon zurabyan

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ելույթ ունեցա Արցախի ներկայացուցչությունում Ղարաբաղյան շարժման 38-ամյակին նվիրված միջոցառմանը: Ահա ելույթիս հիմնական դրույթները.
Ղարաբաղյան շարժումը երբեք չի եղել պայքար միայն Արցախի ազատագրման համար:

Այն եղել է պայքար ազատության, արժանապատվության, ինքնորոշման համար, արդարության և օրենքի համար:

Շատ լավ եմ հիշում 1988 թվականի փետրվարյան օրերը, երբ մենք, արբեցած ազատության օդից, դուրս եկանք փողոցներ և արարեցինք պատմությունը:

Դա զարթոնք էր, որը թույլ տվեց մեզ դառնալ միասնական ազգային օրգանիզմ, վերցնել սեփական ճակատագիրը մեր ձեռքը:

Սկսվեց որպես Ղարաբաղյան շարժում, բայց շատ արագ ընդլայնեց օրակարգը, ընդգրկելով ժողովրդավարությունը, Հայաստանի անկախությունը, տնտեսական ազատականությունը:

Հիմա հետին թվով փորձում են վարկաբեկել Շարժումը, ասել, որ իբր այն դրեց մեր այսօրվա աղետների հիմքը: Դա սուտ է: Այն դրեց մեր ազգային մեծ զարթոնքի, հաղթանակի, զոհի հոգեբանության հաղթահարման և պետականության վերստեղծման հիմքը:

Այսօրվա աղետների հիմքը պետք է այլ տեղ փնտրել` իշխող վերնախավերի առավելապաշտությունը, կոռուպցիան, այնուհետև, «ազգակործան պատուհասի» դեպքում` նաև տգիտությունը, հիվանդագին ինքնասիրահարվածությունը, կառավարման անկարողությունը, եթե ոչ դավաճանությունը, ինչի հավաքական արդյունքում մերժվեց ձեռք բերված հաղթանակի հիման վրա խաղաղ կարգավորումը:

Իսկ հիմա մեկ այլ ծայրահեղության մեջ ենք ընկել` հանձնվելու, հնազանդվելու, սեփական օրակարգից հրաժարվելու, օտարի կամքին և օրակարգին ենթարկվելու «իմաստնության»:

Վախենում են անգամ Արցախի անունը տալուց, հետապնդում եկեղեցին, կասկածի տակ դնում մեր պատմությունն ու ինքնությունը:

Մեր խորին համոզումը` հայ ժողովրդի փրկությունը այդ երկու կործանարար ծայրահեղությունների ճանկերից դուրս գալու մեջ է: Հնարավոր է համատեղել գործնական խաղաղասիրությունն ու ազգային ոգին` մեկը մյուսի հաշվին ձեռք բերելն է աղետաբեր:

Ամենալավ դասը այդ առումով` 1988 թվականի փետրվարի Զարթոնքն է, որն իր առջև դրեց իրատեսական նպատակներ և վերադարձրեց մեզ պետությունը և ինքնապաշտպանության կարողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728