Արամ Վարդեւանյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ճանապարհային քարտեզը, թե ինչպես է հնարավոր, որ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետի թեկնածու հենց գործող իշխանության ղեկավարի 2018 թ-ի տված ու չկատարած խոստման հիման վրա։
«Պատկերացրեք՝ 2018 թ. հունիսի 7-ին ԱԺ-ի նիստում ներկայացվում է կառավարության ծրագիրը, և այդ ծրագրի ներկայացման ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրության այս քննակված 148-րդ հոդվածը որակվում է որպես տարօրինակ խոչընդոտ։ Դրա վերաբերյալ կա թե ԱԺ համապատասխան սղագրությունը, և թե համապատասխան տեսանյութը», – նշեց Արամ Վարդևանյանը։
Նա ցուցադրում է տեսանյութը, որում Փաշինյանը ասում է. «Գոյություն ունի մի տարօրինակ խոչընդոտ. դա սահմանադրության 148-րդ հոդվածի դրույթն է, որը կառավարության անդամի համար սահմանում է պատգամավորին ներկայացվող պահանջներ, ինչը Նշանակում է, որ նախարար կարող է լինել վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող և վերջին 4 տարում մշտապես Հայաստանում բնակվող անձը։ Սահմանադրական այս դրույթը վնասակար և վտանգավոր եմ համարում և առաջիկայում պետք է քննարկումներ սկսել՝ սփյուռքի ներառումը Հայաստանի կառավարման գործընթացում ներգրավելու այս էական խոչընդոտը վերացնելու մասին»։
Վարդեւանյանը նկատել է. «Պատկերացրեք երկու խնդիր, որոնք ներկայացված են. այն է՝ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու և վերջին 4 տարում մշտապես Հայաստանում բնակվելու պահանջները։ Իրականում մեր հանրային քննարկման շրջանակում դրանք իսկապես քննարկվել են, նույնիսկ սահմանադրական փոփոխության հարցը դրվել է, բայց չի իրականացվել։ Դա, ինչ-որ իմաստով, հերթական խոստումներից մեկն էր, որը այդպես էլ չի իրականացվել։ Սակայն վստահ եղեք, որ այս անգամ նշված տեղնիկական հոդվածն իր տեխնիկական խոչընդոտներով սահմանադրության մեջ անպայման փոփոխվելու է»։


















































