«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։
-Մյունխենում տեղի ունեցած ամենամյա անվտանգային միջազգային կոնֆերանսը, շատ փորձագետների կարծիքով, տարաձայնություններ վեր հանեց ԵՄ-ի ներսում։ Ըստ Ձեզ՝ ՀՀ-ի վրա ինչպե՞ս կարող է ազդել այս իրավիճակը։
-Տարաձայնություններ ծագեցին ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից Ուկրաինայի հանդեպ վարվող բռնաճնշման քաղաքականության հակառակորդների եւ կողմնակիցների միջեւ։ Այսինքն՝ նախագահ Թրամփի կողմից Ուկրաինային արմատական զիջումների մղող պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականության առաջին էական արդյունքը՝ ԵՄ միասնության խաթարումն եղավ։ Կարելի է ասել, որ ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում խորանում է բանավեճն այն մասին, թե արդյոք ուժն է ծնում իրավունք, թե իրավունքն ինքնին ուժ է։ Հայաստանն այս հարցում ուժի կիրառման «իրավաչափության» օրինակ է, քանի որ այդ սկզբունքի արդիականացման՝բռնության զոհ դարձած ու այդ կարգավիճակին պետականորեն համակերպված պետություն է։ Այդ իսկ պատճառով պաշտոնական Երեւանն այսօր Թրամփի ճամբարում է։ Դեռ վաղ է խոսել, թե դա ինչ կոնկրետ հետեւանքներ կունենա մեր երկրի համար։
-Կարո՞ղ ենք նշել, որ խաղաղության խաչմերուկի մասին քննարկումները ԹՐԻՓՓ-ի՝ ի հայտ գալով դուրս են մղվել օրակարգից։ Սրա մասին չե՞ն վկայում նաեւ վերջերս Իլհամ Ալիեւի հայտարարությունները։
Կարդացեք նաև
– Ըստ ՀՀ պաշտոնյաների՝ TRIPP-ը հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մի մասն է եւ կոչված է ապահովելու արեւելք-արեւմուտք գծով մարդկանց եւ ապրանքների անխափան շարժը, մինչդեռ հյուսիս-հարավ ուղղության վրա Ռուսաստանն է ցանկանում գործարկել երկաթուղու աբխազական հատվածն, ու եթե դա տեղի ունենա, ապա մեր իշխանությունները հնարավորություն կստանան խոսելու առաջիկայում իրենց նախագծի լիարժեք իրականացման մասին։ Բայց եկեք երեւակայականն ու ցանկալին չշփոթենք իրականության հետ։ Առայժմ գործ ունենք խոսքերի հետ, իսկ առաջիկա տարածաշրջանային զարգացումների ծավալն ու բովանդակությունը հնարավոր է, որ այնպիսին կլինեն, որ իրականն այդ երեւակայականից արմատապես կարող է տարբերվել։
-ԹՐԻՓՓ-ի հետ կապված մտավախություններ կան՝ մասնավորապես Իրանի մասով։ Հայաստանն այս հարցում ի՞նչ քաղաքականություն պետք է որդեգրի եւ արդյոք ընդունելի է վարվող քաղաքականությունը։
– Կարծում եմ, որ եթե TRIPP-ը որեւէ ձեւով օգտագործվի ընդդեմ Իրանի՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստման կամ դրանք արդյունավետ վարելու նպատակով, ապա կարող է ռազմական թիրախ դառնալ ԻԻՀ զինված ուժերի համար։ Այսինքն՝ այդ դեպքում թիրախ կդառնա Հայաստանի արաքսամերձ գոտին եւ այնտեղ առկա ենթակառուցվածքները, կամուրջները։
-Կարծիք եք հայտնել, որ հնարավոր է՝ առաջիկա երեք ամիսներին բացվի հայ-թուրքական սահմանը եւ Ադրբեջանի հատուկ կարծիքը կգոհացվի այլ միջոցներով՝ նկատի ունեք ԹՐԻՓՓ-ը։
-Հայ-թուրքական սահմանի բացումն ու TRIPP-ի գործարկումը նույնական բաներ չեն։ Սահմանը կարող է բացվել ցանկացած պահի, մինչդեռ TRIPP-ի գործարկման ստույգ ժամկետները դեռ պարզ չեն։ Սահմանային անցակետը կարող է բացվել գարնանը՝ թե Իրանում սպասվող իրադարձություններին եւ թե Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ։ Ընդ որում, այդ անցակետը կարող է կրկին փակվել, եթե Փաշինյանի քաղաքական թիմն, ինչ-ինչ պատճառներով, չկարողանա ձեռքին պահել իշխանական լծակները։
-Ինչպե՞ք եք գնահատում ԱՄՆ-Իրան պատերազմի ռիսկի հավանականությունը, քանի որ մի շարք հայտարարություններ խոսում են այն մասին, որ իրանական կողմը չի վստահում ԱՄՆ-ին եւ ռիսկ են տեսնում, որ ԹՐԻՓՓ-ի իրականացումը կարող է հանգեցնել արեւմտյան ռազմական ներկայության Իրանի սահմանին։
– Ի սկզբանե որեւէ նախադրյալ չեմ տեսել խնդրի խաղաղ կարգավորման համար։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար Իրանում կղերապետության բռնի տապալման միայն մեկ այլընտրանք կա՝ ԻԻՀ գործող իշխանությունների կամավոր ու խաղաղ հեռացումն իրենց տրված ինչ-որ երաշխիքների դիմաց։ Երկրորդ տարբերակի գործարկման հավանականությունը չնչին է։ Առավել հավանական է ուժային սցենարը, որը կիրականացվի արտաքին ռազմական միջամտության եւ ներքին ապստամբության զուգորդման միջոցով։
-ԱՄՆ փոխնախագահի այցի հիմնական նպատակը ո՞րը կհամարեք։ Ըստ Ձեզ՝ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելու՝ իր հայտարարությամբ միջամտե՞ց ՀՀ ներքին գործերին։
– Փոխնախագահ Վենսի այցը ԱՄՆ-ի համար, թերեւս, այստեղ իր ունեցած աջակիցների հրապարակավ ստուգատես անցկացնելու եւ առաջիկայում ամերիկյան շահերի կենսագործման համատեքստում նրանց ապագա գործողությունների ներդաշնակությունը ապահովելու նպատակն ուներ։ Հայաստանը թույլի, պարտվածի դիրքում է եւ նրա ներքին գործերին տարաբնույթ արտաքին միջամտությունները անդադար տեղի են ունենում Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի կատարմամբ։ Փոխնախագահ Վենսի հայտարարությունները ձեւական առումով եւս կարող ենք դասել մեր ներքին գործերին միջամտելու դրվագների շարքին։ Պարզապես այստեղ մի բան է էական՝ փոխնախագահ Վենսի՝ մեր ներքին գործերին ունեցած միջամտությունը մնացած բոլորի այդօրինակ միջամտությունները կտրում է, գերակա է դրանց հանդեպ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.02.2026


















































