Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան․ TRIPP-ը տարածաշրջանային խաչմերուկ է դարձնում ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը․ «Փաստ»

Փետրվար 21,2026 10:20

«TRIPP»-ի շուրջ տեղի ունեցող քննարկումները մի քանի ուղղությամբ են ընթանում։ Մի կողմից ասում են, թե հիմա քննարկվում է ճանապարհի վերահսկողության հարցը, մյուս կողմից՝ անգամ կասկածներ կան՝ այդ ճանապարհն առհասարակ կգործարկվի, թե ոչ։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի տպավորությամբ, հասարակությունը «TRIPP»-ի հետ կապված տողատակերը շատ ավելի լավ գիտի, քան տեխնիկական մանրամասները։ «Տեխնիկական մանրամասները մինչև այս պահը լիարժեք չեն բացահայտվում, ընդհանուր ինչ-որ ձևակերպումներ են տրվում և այլն, բայց տողատակում բոլորը հասկանում են, որ դա Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրամադրվող միջանցք է։ Տեխնիկական մասն էլ, որքան ես եմ հասկանում, նաև դատելով Վենսի տարածաշրջանային այցից, ի մասնավորի՝ ճանապարհի գործարկումը կախված է երկու հանգամանքից։ Առաջին հանգամանք՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանում Հայաստանում, և երկրորդ հանգամանք՝ ներդրումների ներգրավում: ԱՄՆ-ն բացահայտ չի ուզում ներդրումներ կատարել, նա ուզում է միայն ստանալ ճանապարհի վերահսկողությունից ստացված հնարավոր քաղաքական ազդեցությունը, իսկ ներդրումները ուզում են դնել ադրբեջանական կողմի վրա։ Ադրբեջանը դրանից չի հրաժարվում, պարզապես առաջին խնդրին չվնասելու, այն է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար այդ ներդրումները փորձում են անել տարբեր միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ, և այդպես էլ շարունակվելու է։ Այսինքն, եթե այս երկու հարցը շարունակվի այնպես, ինչպես որ կա, միջանցքը շատ շուտով գործարկվելու է, և Ադրբեջանը Հայաստանի տարածքով անխոչընդոտ կապ է ստանալու Թուրքիայի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը։

Շեշտում է՝ ճանապարհի գործարկման հետ կապված որևէ մտահոգություն չի փարատվել։ «Հակառակը՝ դրանք ավելի որոշակի են դարձել։ Վենսը Հայաստանում չէր թաքցնում, որ տարածաշրջանային ընկերություններ և գործոններ պատրաստ են ներդրումներ անել։ Տարածաշրջանում Իրանը և Ռուսաստանը դեմ են այդ միջանցքի շահագործմանը, Հայաստանում նման ներդրումներ անող չկա, մնում են Թուրքիան և Ադրբեջանը։ Իսկ երբ համադրում ես Ադրբեջանի տարբեր պետական հիմնադրամների համագործակցության մեկնարկը, օրինակ՝ այնպիսի ներդրումային ընկերության հետ, ինչպիսին է «BlackRock»-ը, պարզ է դառնում, թե ինչ մեխանիզմներ են գործարկվելու։ Հայաստանում այդ գումարները ներդնելու է Ադրբեջանը, հիմնական շահառու լինելու է Ադրբեջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները ստանալու է տարածաշրջանում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ներկայության լեգիտիմ հիմքեր՝ ինչ-որ բաներ թելադրելու և այլն, Հայաստանը ստանալու է տարանցիկ միջանցք լինելուց ստացված եկամուտների 25 տոկոսը, ընդ որում՝ դեռ հայտնի չէ, թե այդ կազմակերպությունը որքան գումար կվերցնի, այնտեղ եկամուտ կմնա, թե ոչ»,-նկատում է նա։

Եվ, իհարկե, ամեն ինչ արվում է տարածաշրջանից Ռուսաստանին վերջնականապես դուրս մղելու համար։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր, որ Ռուսաստանը Մոսկվային և Երևանին բարեկամ պետությանը վաճառի Հայաստանի երկաթուղիների իր կոնցեսիոն իրավունքը։ «Դա հերթական ազդակներից մեկն է։ Ակնհայտ է, որ այս իշխանությունները հետևողականորեն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը և ներկայությունը տարածաշրջանում նվազի, Հայաստանում Ռուսաստանը կորցնի իր դիրքերը։ Սա նաև թելադրված քաղաքականություն է, որի մասին կրկին արևմտյան երկրների կամ կառույցների ղեկավարները բացահայտ են խոսում, այսինքն՝ Ռուսաստանը պետք է դուրս մղել տարածաշրջանից, իրենց համար դա հռչակված նպատակ է, որի ուղղությամբ Փաշինյանը հերթականությամբ քայլերը հանգիստ անում է և հանգիստ առաջ է գնում։ Գործընթացն իրականում շատ բացահայտ է, այնքան բացահայտ են նպատակները, որ նույնիսկ տեխնիկական խնդիրները լուծելու, մարդկանց շփոթեցնելու և այլնի վրա ժամանակ չի էլ ծախսվել։ Հիմա զուտ ներկայացնում են դրանք որպես Հայաստանին կշիռ տվող, եկամուտ ապահովող, Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» վերածող և այլն, բայց իրականության մեջ «TRIPP»-ը տարածաշրջանային խաչմերուկ է դարձնում ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանից են սկսվում բոլոր այդ ուղիները դեպի արևմուտք, հյուսիս, հարավ։ Հայաստանի տարածքով, ըստ էության, այդ հնարավորությունը չունեին, հիմա նաև այդ հնարավորությունն է բացվել։ Ադրբեջանը դարձավ խաչմերուկ և ոչ թե Հայաստանը»,-հավելում է նա։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728