Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ծննդյան օրվա առիթով մի քանի կրթական ու մշակութային հաստատություններ իրենց ֆեյսբուքյան էջերով ջերմ շնորհավորանքներ էին հղել նախարարին: Դրանց թվում էին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 դպրոցը, Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոց,Երեւանի պետական բժշկական համալսարանը:
Aravot.am-ը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում կրթական հաստատությունների էջերով պետական պաշտոնյայի ծննդյան օրը շնորհավորելուն, նման պրակտիկա կա՞ այլ երկրներում:
«Ինքս նման բաների հանդեպ դրական վերաբերմունք չունեմ, կարծում եմ՝ ծննդյան տարեդարձը շնորհավորելը շատ անձնական բան է, մանավանդ պաշտոնյաների դեպքում, բայց մեր մշակույթում հատկապես կրթական համակարգում ղեկավարին հաճոյանալը, ցավոք, ընդունված է: Եվ եթե դա շատ դեպքերում դրսեւորվում է շքեղ նվերներով, հիմա էլ մտել է սոցիալական ցանցեր: Կրթական համակարգում առկա է ղեկավարին հաճոյանալու դրվածքը, կեղծավորությունը, բոլորին ասելը՝ դուք ամենալավ նախարարն եք, երբ հաջորդն է գալիս, պարզվում է՝ հաջորդն է ամենալավ նախարարը:
Կա մարդկանց մի խումբ, որ պարբերաբար բնակություն է հաստատում բոլոր նախարարների էջերում: Եթե X-ն է նախարարը, իրենք այդ մարդու էջում են, եթե այդ նախարարին հանեցին գործից, իրենք տեղափոխվում են նոր նախարարի էջ, այնտեղ են սկսում այդ նույն ակցիաներն իրականացնել, հետո երրորդ նախարարի էջ են գնում: Ես այդ մարդկանց անունը ՄՈԲ եմ դրել, իրենց համար կարեւոր չէ, ով է նախարարը, իրենք միշտ նախարարի հետ են»,-ասաց Սերոբ Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ դրսում կա՞ նման «ավանդույթ», հանդիպե՞լ է նման գործողությունների, կրթության փորձագետն այսպես արձագանքեց. «Ճիշտն ասած, չգիտեմ, չնայած տոտալիտար երկրներում կարող են լինել նման բաներ, բայց չեմ կարծում, թե եվրոպական երկրներում նման ավանդույթ լինի, որովհետեւ շատ հաճախ դպրոցները համայնքների ենթակայության տակ են գործում, չեն էլ առնչում նախարարության հետ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































«Կա մարդկանց մի խումբ, որ պարբերաբար բնակություն է հաստատում բոլոր նախարարների էջերում: Եթե X-ն է նախարարը, իրենք այդ մարդու էջում են, եթե այդ նախարարին հանեցին գործից, իրենք տեղափոխվում են նոր նախարարի էջ, այնտեղ են սկսում այդ նույն ակցիաներն իրականացնել, հետո երրորդ նախարարի էջ են գնում: Ես այդ մարդկանց անունը ՄՈԲ եմ դրել, իրենց համար կարեւոր չէ, ով է նախարարը, իրենք միշտ նախարարի հետ են»։
Մեր իրականության մասին այսքան ճշգրիտ ձևակերպում հազվադեպ կարելի է հանդիպել։ Ինձ թվում է, որ նման մարդկանց մշտական աղոթքն է․ «Ով էշ․ ես՝ փալան»։