Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պլանավորել ընդդիմությունը, որի պատճառով իշխանությունն ընկել է «հիստերիայի» մեջ․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ ներկայացրեց գյումրեցիներին

Փետրվար 21,2026 17:49

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հանդիպեցին այս քաղաքի բնակիչների հետ՝ խոսելով ներկայիս իշխանության ձախողումների, հեռացման անհրաժեշտության, գերիների, քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Միքայել Սրբազանի ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան կալանավորման,  կուտակած պարտքերի, տնտեսության ողբերգական վիճակի  մասին։

Մասնակիցների կողմից հնչեցին տարբեր հարցեր, որոնք Նիկոլ Փաշինյանին իշխանության բերողների անունները բարձրաձայնելու, Արցախի հարցը լուծելու մասին էին։

Հանդիպման սկզբում Իշխան Սաղաթելյանի առաջարկով ներկաները ողջունեցին Շիրակի թեմի՝ տնային կալանքի տակ գտնվող առաջնորդ Միքայել Սրբազանին ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

«Նրանք քաղբանտարկյալ են, այս պահին գտնվում են անազատության մեջ, և ազատություն մաղթենք բոլոր քաղբանտարկյալներին», -ասաց Իշխան Սաղաթելյանը, որի խոսքը ընդունվեց բուռն ծափահարություններով։

Նշենք, որ կինոթատրոնի դահլիճը մարդաշատ էր, շատերը ոտքի վրա էին կանգնել, քիչ թիվ չէին կազմում նաև երիտասարդները։

Իշխան Սաղաթելյանն իր խոսքը սկսեց այս իշխանության գործած «չարիքներից», անդրադարձ կատարեց 2026 թվականի ընտրություններին և իրենց անելիքներին։

Նա էկրանի վրա կետ առ կետ ցուցադրում էր այս ամենը։

Ըստ նրա, առաջիկա ընտրություններում ճիշտ կողմնորոշվելու համար պիտի ճիշտ հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանի ու նրա ռեժիմի կառավարման 8 տարիների ընթացքում ինչ է տեղի ունեցել։

Նա թվարկեց, որ տեղի է ունեցել Արցախի կորուստ և ամբողջական հայաթափում, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում և անվտանգային ճգնաժամ, արտաքին քաղաքականության ձախողում, ազգային արժեհամակարգի հետևողական խեղաթյուրում և պայքար Հայ Առաքելական եկեղեցու դեմ, ներազգային պառակտում, սոցիալ-տնտեսական խնդիրների խորացում, իշխանության կենտրոնացում ու ժողովրդավարության նահանջ պետական պարտքը 8 տարիների ընթացքում 8 միլիարդ դոլարով միայն ավելացրել են։

«Ինչ կնշանակի, եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա ռեժիմը կրկին վերաարտադրվեն, եթե սրանք վերաարտադրվեն, նախ բոլոր ընթացիկ պարտությունները լեգիտիմացնելու է, այնուհետ  կանաչ լույս է բացվելու նոր պահանջների համար, ինչ ցանկանում է Ադրբեջանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա, Հայաստանի տարածքից կլինեն նոր զիջումներ, մեկ մարդու բռնապետություն է հաստատվելու․ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության թշնամին է։

Իշխան Սաղաթելյանի ասելով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերաարտադրման դեպքում Հայաստանը դառնալու է Ադրբեջանի և Թուրքիայի վասալ պետություն։

Բանախոսի խոսքով՝ ՔՊ-ն փորձելու է կրկին խաբել ժողովրդին, և հիմնական թեզը լինելու է այն, որ կբերեն խաղաղություն։

«Եթե 2026 թվականի հունիսի 7-ին չընտրվենք մենք, այլ ընտրվի մեկ այլ իշխանություն, կլինի պատերազմ, իսկ մենք հասել ենք արդեն խաղաղության։ Էս վերջին օրերին ինչ են ասում ձեզ, ասում են հետևյալը, եթե մեր վերաարտադրությունը տեղի չունենա, մեր ձեռքբերումները կկորեն և տեղի կունենա պատերազմ, և ասում են՝ եթե մեզանից բացի այլ ուժ գա իշխանության, դա հավասար է պատերազմի։

Ըստ էության ձեզ ասում են՝ քանի Ալիևը կա, դուք պարտավոր եք ընտրել Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե մեկ ուրիշը լինի, պատերազմ է լինում։ Սա ամենամեծ կեղծիքն է, պատերազմ մեր երկրին, ժողովրդին բերել է էսօրվա իշխանությունը, և սրանց վերաարտադրությունը լինելու է Հայաստանից նոր տարածքային զիջումը։

Սրանք խաղաղության հետ որևէ առնչություն չունեն, ինչպես ժողովրդավարության պարագայում, այնպես էլ  խաղաղության, այս ռեժիմը խաղաղության թշնամի է։ Նայեք սրանց կառավարման 7 տարիները, յուրաքանչյուր տարի Հայաստանից եղել են զիջումներ, այս մարդն ի՞նչ իրավունք ունի խոսել խաղաղությունից», -ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա հարցրեց՝ ո՞րն են այս իշխանության ձեռքբերումները՝ Արցախը հանձնե՞լը, Հայաստանից շուրջ 200 կիլոմետր քառակուսի հանձե՞լը, թե՞ Ադրբեջանում գերիներ ունենալը։

«Սրանց ձեռքբերումը շարունակական զիջումներ են»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ « նախկիններ ու ներկաներ» թեզը համարելով ծամծմված։

Նա խոսեց նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին։ Նա այդ հնարավորությունը տեսնում է առաջիկա ընտրությունների միջոցով,համատեղ ուժերով կանխելու  են ներկայիս իշխանության վերաարտադրումը։

«Այս հարցը հաճախ են մեզ տալիս՝ արդյոք ընտրությունների միջոցով հնարավոր է լուծել իշխանափոխության հարցը։ Հնարավոր է։ Հասկանում ենք բոլոր դժվարությունները, ճանապարհը հեշտ չի լինելը, բայց եթե մենք կարողանանք աշխատել մեր քաղաքացիների հետ, թև թիկունք տանք, վստահ եղեք, հնարավոր է», ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա ասաց՝ շատ հաճախ են ասում՝ ընտրությունները կեղծելու են, ինչ էլ անեք, թեկուզև հաղթեք, Նիկոլ Փաշինյանն իշխանությունը չի տա։

«Սա ասում են մարդկանց տրամադրությունը փչացնելու,  մարդկանց հույսերը՝ ընտրություններով երկրում իրավիճակ փոխելու կոտրելու և մարդկանց անտարբերության տանելու համար։

Ակնհայտ է, որ այս իշխանությունն ամեն ինչ անելու է իր իշխանությունը պահելու համար, բայց մեր խնդիրն է դա թույլ չտալ, և ձեզ վստահեցնում ենք՝ եթե մեր քաղաքացիները գնան տեղամաս, քվեարկեն ընդդիմությանը, մենք մեր ժողովրդի, մեր քաղաքացիների տված քվեին տեր ենք  կանգնելու ւ գլուխները պատին կտան, որ ժողովրդի կամքի հետ հաշվի չնստեն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա անդրադարձ կատարեց նաև այն պնդումներին, թե ընդդիմությունը մեկ միասնական դաշինքով պիտի մասնակցի ընտրություններին, ասաց՝ դեմ չեն,  բայց այդ թեման ժամանակավրեպ է։

«Մեր մոտեցումը հետևյալն է՝ ընդդիմությունը ընտրություններին պիտի մասնակցի մի քանի խոշոր բլոկներով և այսօր արդեն այս բլոկները ձևավորվում են,  և իշխանության վայնասունը տեսնում եք, վերջին օրերին սրանց հիստերիկ արձագանքները պայմանավորված են հենց դրանով։

Ընդդիմադիր դաշտի մի քանի ուժեր, մեկտեղելով իրենց ուժերն ու հնարավորությունները, ստեղծելով բլոկներ, լրջագույն հնարավորություն է  լինելու, նաև ընդդիմության մեջ այլընտրանքային ծրագրեր առաջարկելով՝ սրանց վերաարտադրությունը կանխել։  Հետևաբար և այս իրավիճակը՝ տարբեր բլոկներով մասնակցել ընտրությունների, գտնում ենք արդյունավետ», -ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա, այս ընտրություններում կարևորը ոչ թե ընդդիմադիր որևէ ուժի հաջողությունն է, այլ ընդհանուր ընդդիմության հաջողությունն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728