«Հայաստան» դաշինքի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում այս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց իշխանության տնտեսական ձախողումներից։
«Այս իշխանության վարած տնտեսական քաղաքականությունն ամենալավը երևում է Գյումրիի օրինակով, գալիս ես քաղաքի կենտրոն, սիրուն սարքած, գորգը շարած, փոշիները վերցրած, մաքուր, ծառերը կանաչ ներկած, հլը մի հատ գնա հասի Անի կամ Մուշ թաղամաս։
Ես վերջերս պիտի գնայի Ամասիա, այն հատվածը, որն իմ տան ամեն օրվա ճանապարհն էր, որ ընկնես մեջը, երկրի հակառակ կողմը կերևա, ոնց որ «սմերչով» էդտեղ խփած լինեն, որովհետև իրենք բերում, ասում են՝ այ տեսեք, մենք ենք սարքել, ձեռի հետ էլ տանում են Ռուսթավելի փողոցը, մտածում են, թե մարդ չկա էլի քաղաքից, պիտի ասեն՝ վարչապետի փողոց որ ասում են, էդ Նիկոլ Փաշինյանն է»,- հեգնեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Գյումրու Ռուսթավելի փողոցը ասֆալտապատվել է վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ , Գյումրին զբոսաշրջային քաղաքի վերածելու նպատակով Կարեն Կարապետյանն առաջին ներդրումն արեց այստեղ՝ պատմական կառույցներից մեկը գնելով, վերանորոգելով ու «Ֆլորենս» ռեստորանը հիմնելով։
Կարդացեք նաև
Արթուր Խաչատրյանը թվեր հրապարկելուց առաջ նստածներին առաջարկեց՝ ամեն մեկը մտովի գնա իր խոհանոց ու սառնարանի դուռը բացի, հաշվի՝ 5 տարի առաջ ի՞նչ արժեր 950 գրամանոց կաթը, այսօր ինչ արժի, նույնը մսի գների դեպքում։
«Ու մի հատ հիշեք՝ հինգ տարի առաջ աշխատավարձն ինչքան էր, հիմա ինչքան է։ Որ ասում է՝ գալիս ես քարտով վճարում ես, 5, 10 տոկոս հետ ես ստանում, 10 հազարն էլ տամ, այ մարդ, ի՞նչ ես անելու, էնքան փող կա, որ չես իմանում, որ ջեբդ ես դրել, կարող է էլի կորցնես, էդ է իրենց վարած տնտեսական քաղաքականությունը։
Ինչ էլ որ տեսնում եք, էդ սաղ պարտքով արած է, պատկերացրու՝ առավոտյան կանգնում ես հայելու առաջ թրաշվելու, ասում ես՝ էս պիջակս պարտքով է առած, էս վադալասկես պարտքով է առած, հազար ներողություն՝ սրա տակի մայկեն պարտքով է առած։
Ասում ենք՝ այսքան պարտք որ վերցրել ես, ի՞նչ ես անում կամ առանց պարտքի ես ի՞նչ կունենայի ու սկսվում են հեքիաթները։ Գյուլնազ տատին ինչ պատմել է, երկու անգամ շատ սկսում են պատմել։
Ասում են զենք ենք առել, էդքան զենք որ առած լինեիք, հիմա մենք Ստեփանակերտում կլինեինք, ոչ թե ստեփանակերտցիք ստեղ կլինեին՝ տնից-տեղից զրկված։ Էդ պարտքն ասում են՝ մեր երեխեքը, մեր թոռներն են վճարելու, չէ, ժողովուրդ, այդպես չէ, էդ պարտքը էսօր մենք ենք վճարում, պետական բյուջեի եկամուտները 3 տրիլիոնից մի էսքան ավել է։ Ամեն տարի պարտքը, որը մեր պետությունը վճարում է, 1 տրիլիոն է, այսինքն՝ պատկերացրեք տուն, ընտանիք, որն աշխատած 3 դրամից 1-ը պարտք է տալիս։ Կամ պատկերացրեք, տուն, ընտանիք, որը 100 հազար դրամ փող է աշխատում, փողը չմտած՝ 33 հազարը դրամը տալիս, պարտքի տիրոջն է տալիս», -ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա անդրադարձավ իշխանության այն պնդումներին, թե միջին աշխատավարձը 300 հազար դրամ է ու դիմելով ներկաներին՝ ասաց․«Չամաչեի՝ կասեի ձեռք բարձրացնեն նրանք, որոնք 300 հազար դրամ փող են ստանում»:
Նա նշեց, որ բնակիչների մեծ մասն անհուսալի վարկերի տակ են։
«Այսինքն պարտքով ապրող պետության, պարտքերի մեջ թաթախված բնակչություն»,- այսպես բնութագրեց պատգամավորը։
«Մի պետություն է, որ ասում ես՝ ինչ ես արտադրում, ասում են ՝ հեսա շոկոլադի գործարան ենք բացելու։ Դե լավ, նախորդ նախարարը 3 տարի առաջ էր ասում շոկոլադի գործարանը բացում ենք, ինչ եղավ էդ շոկոլադի գործարանը, քեռին ուրա, որ երեխեն շոկոլադ ուտի։ Իրենք շվեյցարական շոկոլադ են ուտում, բայց էդ ստերի վերջին պիտի դրվի, չէ՞»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա նստածներին նաև հարցրեց՝ «Ի՞նչ ենք ուզում, Ամասիայի ռայկոմի ադրբեջանցի քարտուղար ենք ուզո՞ւմ» ու պատասխանեց․ «Վստահ եմ, որ էդ չենք ուզում, որովհետև հաջորդ քայլը էդ է լինելու, ասում են՝ ժողովուրդը մեզ քվեարկել է, ինչ ուզում ենք, անում ենք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































