Փետրվարի 19-21-ը Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակում բացվել էր նկարիչ, քանդակագործ եւ ինքնատիպ արվեստագետ Ռոմեո Մելիքյանի «Զբաղված մարդկանց պատկերներ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվեցին հեղինակի կոլաժներն ու կտավները՝ ստեղծված 2011-2020 թթ․։ Կտրատված պատկերների եւ շերտավոր կոմպոզիցիաների միջոցով ստեղծված աշխատանքներում արտացոլված էր ժամանակակից աշխարհի ագահությունը, անտարբերությունն ու հակամարտությունները:
Ռոմեո Մելիքյանը տարբեր ժանրերում ստեղծագործող արվեստագետ է, ում աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ում, Լիբանանում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, ԱՄԷ-ում, Սերբիայում և այլ երկրներում: Դրանցից շատերը սփռված են նաեւ աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում: Ռոմեոյի ստեղծագործությունները պատկերում են արդյունաբերական աշխարհում մարդկային միայնության և լքվածության թեմաները:
Կարդացեք նաև
Իսպանաբնակ արվեստաբան Նաիրա Եղիազարյանը ֆեյսբուքի իր էջում խորհուրդ էր տվել անպայման այցելել այդ բացառիկ ցուցադրությանը: «Եթե ես Երևանում լինեի, ապա այսօր անպայման կգնայի Ռոմեո Մելիքյանի ցուցահանդեսին: «Զբաղված մարդկանց պատկերներ». այսպես է կոչվում ցուցահանդեսը (թեև ես կանվանեի պարզապես «Զբաղված մարդիկ»): Զբաղված մարդիկ, այսինքն՝ մենք: Մեր մասին է… Մեր ու աշխարհի: Ռոմեոն Բերդ քաղաքում է ապրում:
Մեծ աշխարհի իր փոքր անկյունում նա նկարում է մեծ աշխարհը՝ իր մեծ ու փոքր իրադարձություններով, իրարանցումներով, աղմուկով ու լռությամբ, ապստամբություններով հեղափոխություններով ու պատերազմներով, որտեղ գլխավոր դերում մարդիկ են՝ զբաղված մարդիկ: Այնքան զբաղված, որ շատ հաճախ չեն հասցնում տեսնել, թե ինչ է կատարվում իրենց շուրջը: Ռոմեոյի նկարները, կոլաժները, քանդակները հայելու մեջ սեփական պատկերը տեսնելու, սեփական զարկերակը շոշափելու ու սրտի ռիթմը զգալու հնարավորություն են տալիս»,-գրել էր նա:
Ցուցահանդեսի շրջանակում նաեւ կայացավ արվեստագետի մասին պատմող «Ռոմեո» վավերագրական ֆիլմի (Օրդեր ֆիլմ փրոդաքշն) պրեմիերան, որտեղ նա բարձրացնում է արվեստի եւ աշխարհի գեղեցկության, ինչպես նաեւ արվեստի ցուցադրման ընդունված միջավայրերի մասին հարցեր:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել է Օրդեր ֆիլմ փրոդաքշնը

























































