ԵՌԱԲԼՈՒՐԻ ԿՈՉՆԱԶԱԳԸ.
-ՍՈՒԳԸ ՀԱՎԵՐԺ Է,
ԵՐԲ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ…
Մովսես Գորգիսյան
Ազգապահպանության Գորգիսյանական այս գաղափարախոսությունը իր մեջ ասես կրում է լատինական միջնադարյան ավանդական բանաձևը, որը փորագրված է միջնադարյան եկեղեցական զանգերի վրա.
«Կանչում եմ ողջերին,
Ողբում եմ մեռելներին,
Կոտրում եմ կայծակները»:
Կարդացեք նաև
Այս բանաձևը՝ լատիներենից գերմանական թարգմանությամբ, Շիլլերը օգտագործել է իր «Զանգի երգը» բանաստեղծության բնաբան որպես։
Պարույր Սևակն այն լատիներենից գրաբարյան թարգմանությամբ օգտագործել է «Անլռելի զանգակատուն» պոեմում.
«-Ողբամ մեռելոց…
-Բեկանեմ շանթեր…
-Կոչեմ ապրողաց…»
… Միջնադարում, ահա, եկեղեցական զանգերը՝ փորագրությամբ լատինական բանաձևի խորհրդով որպես խոսող զանգի ձայն, հնչում էին չար ուժերի հարձակման, եկեղեցուն, բնակիչներին ու պետությանը սպառնացող վտանգների ժամանակ, կանչելով ապրողներին՝ կոտրել կայծակները, ասել է թե՝ ելնել ՊԱՅՔԱՐԻ չար ուժերի դեմ։
…ԵՌԱԲԼՈՒՐԸ հինգ և ավել տարի շարունակ ԿՈՉՆԱԶԱՆԳ Է հնչեցնում ապրողներիս՝ Ոտքի կանգնել, շտկել մեր մեջքը, միավորվել՝ ԿԱՆԽԵԼՈՒ հարյուր-հազարներով թուրք-«ադրբեջանցիների» Հայաստան ներմուծմամբ՝ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ» թյուրքական դարավոր ծրագրի իրականացումը։
…2021-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Առավոտում» տպագրված հոդվածում ես անդրարձել էի զոհյալների հարազատների առանձին խորհրդարան մտնելու հանգամանքին, որով նրանք հնարավորություն կունենային պետականորեն պաշտպանելու տասնյակ հազարավոր հաշմանդամների և իրենց ընտանիքների իրավունքները։
Բայց վերքը դեռ արյունում էր, միտքը տառապանքի մեջ էր, ողբակիրները քնում, արթնանում էին շիրիմները գրկած։
Մինչդեռ,«Բերմուդյան եռանկյունու» բովանդակությամբ ձևավորված ներկայիս խորհրդարանական նույնահպատակ իշխանությունը՝ կառավարող ուժի առաջնորդությամբ վերածվել է դիմակների կրկեսի՝ պետության քայքայմանն համընթաց՝ շարունակելով հայ ժողովրդի միտքը բթացնել «դուք… բա որ դուք-ի» նույնապտույտ լեզվակռիվ-ներկայացման ժամավաճառութամբ ու պետության բյուջեի անխնա մսխումով։
…Տարիներ շարունակ իշխանությունը, անբռնազբոս սնվելով զոհյալների հարազատների վշտով, ջլատեց նրանց միասնականությունը. դատարանների դռներին մաշելով նրանց տառապանքի ու դարավոր թշնամուն վրեժխնդիր հոգիների ներուժը՝ ոմանց հանեց իրար դեմ, ոմանց բանտարկեց։ Ողբակիր մայրերին նսեմացնելով ոստիկանական տարաբնույթ բռնարարքների տեսարաններով՝ իշխանական բոլոր լծակների կիրառումով ճնշեց և շարունակում է բռնաճնշել պատերազմի կոտորածը կրողների բողոքն ու արդար ցասումը…
…. Առջևում խորհրդարանական հերթական ընտրություններ են (հուսանք՝ այն տեղի կունենա):
Եվ կրկին, ավելի քան քառորդ դար, իշխանության մեջ պտտվող նույն նյութակրոն դեմքերն են, որ ձեռք-ձեռքի, կրկին ու էլի, փորձում են սեփականացնել իշխանությունը՝ փակելով իրական ազգային ու գաղափարական գործիչների ճանապարհը։
…Ինչպես դուրս գալ ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆՄԱՆ այս անդունդից։
Պատասխանը Եռաբլուրից է հնչում՝ մեր բոլոր մահապարտ-հերոսների անունից՝ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀՐԱՀԱՆԳՈՎ… Եվ մենք՝ ողջերս, այն չկատարելու իրավունք չունենք։ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԴԻՐՔՆ Է, և մենք նահանջելու ոտնատեղ չունենք։
Հայաստանի լինելությունը Եռաբլուրում ապրող հերոսների իրավահաջորդների ձեռքերում է նաև։
Ոչ մի կուսակցություն ու քաղաքական միավոր այնպիսի ահռելի ներուժ ու աջակիցնների բանակ չունի, ինչպես Եռաբլուրի անմահների իրավահաջորդները։
Արցախյան առաջին պատերազմի հաղթանակից մինչև 44-օրյայի պաշտպանությանը նահատակված և նաև հաշմանդամ դարձած քաջերի ու անհայտ կորածների հարազատները, բարեկամները, մերձավորները… Եվ նրանց սատարող ժողովրդի մեծ մասը խորհրդարանում լուրջ ուժ կարող են ձևավորել։ Նրանք ունեն մեծաթիվ բարձրակարգ մասնագետներ գիտակրթական, արվեստի, բժշկության և այլ բնագավառներում։ Եվ նրանց տեղը խորհրդարանում է։ Սեփական կուսակցությամբ, թե՝ գործող, սակայն որևէ իշխանության հետ չառնչված ու չարատավորված կուսակցությամբ՝ անցողիկ տեղերի պահանջով։
Միայն Ազգապահպան օրենքներով, միջազգային ճկուն և հմուտ դիվանագիտությամբ, բարձր զարգացած տնտեսությամբ ու ժամանակակից հզոր բանակով կարող ենք պաշտպանել մեր պետությունը, սահմանները, անկախությունը։
Իսկ մենք ուշանում ենք՝ ժամում տարվա կորստով ուշանում ենք։ Թշնամին մեր սահմաններից ներս դիրքավորվել ու ու աննկատ սողում է Հայաստանի խորքը։ Եվ երբ տեսանելի կլինի ու բազմաքանակ՝ ոչնչացման նրա առաջին թիրախը կդառնա Եռաբլուրը՝ որպես Արցախյան պատերազմի հաղթանակի մոնումենտալ վկայություն։
Հաջորդիվ՝ Մատենադարանի, պատմական ու արվեստների թանգարանների մեր դարավոր ժառանգութան յուրացումը կլինի։
Եվ երեկվա քոչվոր ցեղը, որին սնեցինք մեր Հայրենիքով, աշխարհին կներկայանա որպես հնագույն քաղաքակրթության կրող, արվեստների ու գիտության հազարամյակների ժառանգություն ունեցող պետություն…
-ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ,
ԵՌԱԲԼՈՒՐԻ ԶԱՆԳԵՐԸ ՉԵՆ ԼՌՈՒՄ…
Անահիտ ՔՆԱՐՅԱՆ



















































Շնորհակալություն Անահիտ Քնարյանին, նրա գրած յուրաքանչյուր նախադասություն ճշմարտացի է, արդիական և սթափեցնող։