Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմոկրատական այլընտրանքը» ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ի հետ

Փետրվար 22,2026 14:56

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը որոշում է կայացրել միանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ․ այս մասին այսօր հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ կուսակցության համագումարում։

Այս որոշումը Սուրենյանցը համարում է սպասված եւ տրամաբանական, քանի որ անցած վեց տարիների ընթացքում ԲՀԿ-ի եւ «Դեմոկրատական այլընտրանքի» միջեւ եղել է սերտ եւ ինստիտուցիոնալ համագործակցություն․ գրեթե բոլոր ՏԻՄ ընտրություններում միասնաբար են հանդես եկել եւ հաղթել են․ «Առաջիկա ընտրություններն էլ բացառություն, կարծում եմ, չեն լինի»։

Նա վստահ է, որ Գագիկ Ծառուկյանի առաջարկած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ամենահանրահայտն է եւ ամենաարդյունավետը՝ Հայաստանի քաղաքական օրակարգում․ «Ավելին, ես վստահ եմ, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շուրջ ստեղծվելու է ընդդիմադիր ամենամեծ կոնսոլիդացիան»։

«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը Սուրեն Սուրենյանցը համարում է ամենաներառականը, որովհետեւ այն կազմված է ներքեւից վերեւ տրամաբանությամբ։ Այսինքն, հասարակական տարբեր խմբերի, քաղաքական գործիչների եւ շարքային քաղաքացիների ներկայացրած ծրագիրը ֆիլտրվել եւ մշակվել են մասնագիտական խմբերի կողմից։

Այս գործընթացում Սուրեն Սուրենյանցը կարեւորում է Գագիկ Ծառուկյանի դերակատարումը․ «Գագիկ Ծառուկյանը աշխատատեղեր, բարիք ստեղծող անձնավորություն է եւ դա իր կենսագրության ընթացքում բազմիցս է ապացուցել»։ Իր անձնական օրինակից էլ փաստում է՝ նա կարողանում է մարդուն հուսահատ եւ ապատիկ վիճակից դուրս բերել ու դնել կայուն, զարգացման ճանապարհի վրա։ Սուրեն Սուրենյանցը վստահ է՝ Գագիկ Ծառուկյանը կարող է մերիտոկրատիայի սկզբունքով ձեւավորել Հայաստանի  ընդդիմադիր դաշտում գործող ամենակենսունակ, ամենաուժեղ եւ ամենահաղթող թիմը։

Սուրեն Սուրենյանցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ վերջին օրերին իշխանական դաշտը ցուգցվանգի մեջ է հայտնվել եւ հայտարարում են, որ Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված ուժերը ցանկանում են առաջիկա ընտրություններում «Գյումրի 2» կրկնել։ Սուրենյանցը պարզաբանում է՝ դա հանցագործություն չէ, Գյումրիում էլ հանցագործություն չի եղել, այլ սահմանադրական նորմն է կիրառվել․ պառլամենտական կառավարման մոդելն է, երբ կուսակցությունները միավորվում են՝ ընդհանուր նպատակներն առաջ տանելու համար։ Նա հիշեցնում է, այդ մոդելը կիրառել է նաեւ ՔՊ-ն, երբ Երեւանի ընտրություններում չկարողանալով միանձնյա իշխանություն ձեւավորել, «Հանրապետություն» կուսակցության հետ միավորվեց։

Սուրեն Սուրենյանցը արհեստական է համարում ռուսամետ-արեւմտամետ բաժանումը։ Վստահեցնում է՝ շատերը հայկական օրակարգի կրող են եւ ոչ Արեւմուտքի, ոչ էլ ՌԴ-ի միջեւ թշնամի չեն տեսնում։ Բանախոսը ՌԴ-ին համարում է ռազմավարական գործընկեր եւ կարծում է, որ այդ գործընկերությունը պետք է զարգանա, իսկ ԱՄՆ-ին եւ Եվրոպային համարում է Հայաստանի կարեւոր գործընկերներ․ «Ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում մեղավոր չեն, որ Հայաստանում ձեւավորվել է մի իշխանություն, որը օրակարգ չունի, երկիրը ներսից բարիկադավորում է եւ Հայաստանը «պռախադնոյ դվոռ» է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների համար։ Հայաստանի հասարակությունը չի կարող բաժանվել արեւմտամետների եւ ռուսամետների, սեւերի եւ սպիտակների, նախկինների եւ ներկաների, հարուստների եւ աղքատների, հայաստանցիների եւ ղարաբաղցիների, մենք մեկ միասնական ժողովուրդ ենք։ Այս բաժանման հեղինակը մեկ մարդ է»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728