Լրահոս
Օրվա լրահոսը

«2021 թվականին Նիկոլ Փաշինյանի վերընտրության գինը եղավ Արցախի կորուստը։ Հիմա, եթե ուզում եք կորցնենք Հայաստանը՝ գնացեք եւ ընտրեք Նիկոլ Փաշինյանին»․ Սուրեն Սուրենյանց

Փետրվար 22,2026 15:40

Իշխանական թեզը՝  «մենք խաղաղություն բերողն ենք, եթե մեզ չընտրենք գալու է պատերազմ», «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը համարում է ողորմելի։ Կուսակցության այսօր կայացած համագումարում, իր ելույթում նա ասաց․ «Բացեք իմ եւ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները՝ մինչեւ 2020 թվականը եւ համեմատեք․ Նիկոլ Փաշինյանն ամբողջ օրն ասում էր՝ ոչ մի թիզ չպիտի հանձնենք, ով որ հող հանձնելուց է խոսում, այդ մարդկանց հողին պետք է հանձնենք, ոչ մի միլիմետր փոխզիջել չի կարելի։ Ես շարունակ ասում էի՝ հարցը պետք է լուծել փոխզիջումներով, որպեսզի նոր պատերազմը բացառվի։ Այս մարդը, որը բոլոր ոչմիթիզականներին «աբգոն» էր արել, իրեն ներկայացնում է խաղաղության գաղափարի կրող»։

Սուրենյանցը նաեւ հարց է տալիս՝ կարո՞ղ եք հիշել, Հայաստանում ո՞ր իշխանության օրոք է երեք պատերազմ եղել․ «Կարո՞ղ եք հիշել մի իշխանություն, որը պատերազմ է բերել, որի արդյունքում կորցրել ենք Արցախը։ Ինչ-որ չեմ հիշում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նման բան եղել է։ Ո՞վ բերեց պատերազմը, ո՞ւմ սեղանին էր դրված «Լավրովի պլան» կոչվող փաստաթուղթը։ Բա ընդունեիր այդ փաստաթուղթը, որը ապահովում էր Արցախի հայկականությունը։ Ազատագրված տարածքներից հինգ շրջան ետ էր վերադարձվում, Լաչինի եւ Քարվաճառի կարգավիճակն էլ փոխկապակցվում էր Արցախի ապագա կարգավիճակի հետ։ Քեզ միջնորդները բան են առաջարկում, ժողովրդից գաղտնի ես պահում, գնում ես Ստեփանակերտում հայտարարում ես՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ»։

Այսպիսով, ըստ բանախոսի, Նիկոլ Փաշինյանը արհամարհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք միջուկային գերտերությունների ջանքերը, ՄԱԿ-ին եւ «կանաչ լույս» վառեց պատերազմի համար, որից հետո հաջորդ արկածախնդրությանը գնաց՝ հավատալով իր շուրջ «բուսած կեղծ արեւմտամետերին», որոնք իր ականջին շշնջացել էին, թե Ուկրաինայի պատերազմը սկսելուց հաջորդ ուրբաթ օրը «ՌԴ-ի պանիխիդան» է լինելու եւ երես թեքեց ՌԴ-ից, բանակցային գործընթացները տեղափոխելով արեւմտյան հարթակներ․ «Արեւմտյան հարթակում էլ կործանեց Արցախը»։

Սուրենյանցը հայտարարում է․ «Պատերազմ հրահրելու այլընտրանքը թուրքերի եւ ադրբեջանցիների առջեւ կզելը չէ։ Մենք խաղաղությանը դեմ չենք։ Ավելին ասեմ, եթե ձեւավորենք իշխանություն՝ անվերապահորեն կատարելու ենք Հայաստանի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, անկախ նրանից, դրանք Հայաստանի շահերից բխում են, թե՝ ոչ, որովհետեւ մենք խուլիգան չենք, ոչ էլ արկածախնդիր, համ ել չենք ուզում 2018-2020 թվերի քաղաքականության նման մի բան վարենք եւ նոր պատերազմ գա մեր գլխին։ Եթե երկիրը ստանձնում է մի միջազգային պարտավորություն, այն պետք է կատարել․ այդ թվում՝ նոյեմբերի 9-ի եւ ԹՐԻՓՓ-ի ծրագրերը»։

Նշյալ ծրագրերը բանախոսը համարում է կարգավորման ծրագրեր եւ անկախ դրանց որակից, կարծում է պետք է օգտագործենք դրանց ընձեռած հնարավորությունները՝ բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերն ամրապնդելու համար, այլ ոչ թե սուր ճոճենք ՌԴ-ի կամ ԱՄՆ-ի դեմ․ «Դու իսկի Ալիեւի առաջ թուր չես ճոճում, ինչ մի Պուտինի դեմ թուր ես ճոճում, թիմիդ հանձնարարում ես հակառուսական ստրիպտիզներ․․․ Վերջը՝ ո՞վ է վճարելու դրա գինը։ Արդեն մի հատ վճարեցինք՝ Արցախ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմի հետ ամենաասոցացված իշխանությունն է։ Եթե ուզում եք խաղաղություն՝ ընտրեք ԲՀԿ-ին։ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի վերընտրության գինը եղավ Արցախի կորուստը։ Հիմա, եթե ուզում եք կորցնենք Հայաստանը՝ գնացեք եւ ընտրեք Նիկոլ Փաշինյանին»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728