Թե ինչպիսին կլինի քո տնտեսության վիճակը վաղը, կախված է նրանից, թե այսօր որքան ներդրում ես կատարում: Կարևորը ոչ թե բացարձակ թիվն է (քանի միլիոն դոլար կամ դրամ), այլ՝ թե քո տնտեսության ո՞ր մասի չափով ես ներդրումներ կատարում:
Որքա՞ն պիտի լինեն ներդրումները. մեկ ընդհանուր ճշգրիտ թիվ չկա, սակայն տարածված ընկալումը հետևյալն է. տարեկան ՀՆԱ-ի 20%-ից ցածր մակարդակը խնդրահարույց է, և քիչ հավանական է դրանով երկարաժամկետ կայուն աճ ունենալ: Իսկ բարձր աճ գրանցած երկրներում, որպես կանոն, ներդրումների մակարդակը կազմել է ՀՆԱ-ի 25-35%:
Ընդ որում, կարևոր է ոչ միայն ներդրումների չափը, այլ դրանց որակն ու ուղղությունը: 2000-ականներին Հայաստանի ներդրումների մակարդակը բավականին բարձր էր, սակայն դրանց առյուծի բաժինը շինարարության ոչ արտահանելի ոլորտում էր, ինչը ավարտվեց 2009թ. տնտեսության լրջագույն անկմամբ և շինարարության ոլորտի փլուզմամբ:
S&P վարկանիշային գործակալությունը Հայաստանին վերաբերող իր երեկվա զեկույցում ոչ միայն նշել է, թե որքան է եղել վերջին տարիների ներդրումներ / ՀՆԱ-ն, այլ կանխատեսել, որ առաջիկա 3 տարիներին այդ մակարդակը ավելի կբարձրանա:
Կարդացեք նաև
2020թ.՝ 19.7%
2021թ.՝ 23%
2022թ.՝ 22.4%
2023թ.՝ 22.9%
2024թ.՝ 23.8%
2025թ.՝ 25.5%
2026թ.՝ 26.5% (կանխատեսում)
2027թ.՝ 27.2% (կանխատեսում)
2028թ.՝ 27.9% (կանխատեսում)
2029թ.՝ 27.9% (կանխատեսում)
Պետք է նշել, որ զեկույցը բավականին զգուշավոր է, և, եթե խաղաղության գործընթացն ու ապաշրջափակումը նորմալ ընթանան, և լայնամասշտաբ ներդրումները (ՏՏ ոլորտ, արհեստական բանականություն, էներգետիկա, ենթակառուցվածքներ և այլն) իրականություն դառնան, ապա մենք ունենալու ենք ներդրումների շատ ավելի բարձր մակարդակ, և դրա արդյունքում՝ երկարաժամկետ կայուն ու առողջ տնտեսական զարգացում:
Չմոռանամ նշել, որ Հայաստանի BB- վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից «դրական» դարձնելով՝ S&P-ը կանխատեսում է, որ մեծ հավանականությամբ Հայաստանի վարկանիշն է՛լ ավելի կբարձրանա: Եվ մյուս կողմից, գրեթե ուղիղ նշվում է, որ հետագան մեծապես կախված կլինի առաջիկա խորհրդարանական ընտրություններից, խաղաղության պայմանագրի ստորագրումից և իրականացվող քաղաքականությունների շարունակականությունից։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր


















































